Օգոստոս 03, 2021 20:36 Asia/Tehran
  • Մակրոնը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծումը. նա խոսել է Փաշինյանի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Տեղեկությունը հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Ֆրանսիայի նախագահը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և բարձր գնահատել երկրում ժողովրդավարական գործընթացների անխափան իրականացումը:

«Ֆրանսիայի նախագահը հայտնել է Հայաստանին 200 հազար չափաբաժին պատվաստանյութ տրամադրելու որոշման մասին: Վարչապետ Փաշինյանը նախագահ Մակրոնին իր երախտագիտությունն է հայտնել այս առթիվ»,–ասված է հաղորդագրության մեջ:

ՀՀ վարչապետը տեղեկատվություն է տրամադրել Ադրբեջանի կողմից սահմանային վերջին սադրանքների, ինչպես նաև Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության վերաբերյալ՝ ընդգծելով, որ դրանց նպատակն է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում: Նա նաև անթույլատրելի է համարել հայ գերիների նկատմամբ Ադրբեջանում տեղի ունեցող շինծու դատավարությունները:

Նախագահ Մակրոնը հույժ կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծումն ու սահմանազատումը: Համաձայնելով այս մտքին՝ ՀՀ վարչապետն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանազատում ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը որևէ կերպ խաչաձևվող գործընթացներ չեն: Նա կրկնել է սահմանի երկայնքով ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու, կամ նման որոշման անհնարինության դեպքում՝ որպես այլընտրանք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դիտորդական առաքելության տեղակայման առաջարկությունը:

Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու հետևողական ջանքեր գործադրել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ:

ՀՀ վարչապետը համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանային համատեքստ ունեցող նախաձեռնություններն ու քայլերը կարող են հաջողության հասնել, եթե դրանք արժանանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահող երկրների հավանությանը:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է նաև, որ Հայաստանի կառավարությունը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ նոյեմբերի 9-ին հաջորդած հայտարարությունները, այդ թվում՝ բանակցային գործընթացը վերականգնելու ուղղությամբ և պատրաստ է լիարժեք ներգրավվել բանակցային գործընթացում:

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ