Սեպտեմբեր 24, 2023 17:53 Asia/Tehran
  •  Մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի պետք է ինքն ընտրի՝ անկախությա՞ն, թե՞ ծայրագավառ դառնալու կողմնակից է. Փաշինյան

Վերջին տարիներին տեղի ունեցած մի շարք իրադարձություններ մեզ բոլորիս իրադրությունը գնահատելու, վերագնահատելու, հետևություններ անելու հրամայականի առաջ են կանգնեցրել. ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում, ի՞նչ է տեղի ունենում և ի՞նչ պետք է տեղի ունենա. սրանք են այն հարցերը, որոնց պատասխանը ռազմավարական է ապագայի համար. այս մասին իր ուղերձում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վերջին տարիներին Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ ձեռնարկած հարձակումներն ակնհայտ եզրակացության են բերում, որ արտաքին անվտանգության այն համակարգերը, որոնցում ներգրավված ենք արդյունավետ չեն ՀՀ-ի պետական շահերի և անվտանգության տեսակետից: Սա երևաց թե՛ 44-օրյա պատերազմի, թե՛ 2021-ի մայիսի ու նոյեմբերի իրադարձությունների ժամանակ, թե՛ 2022-ի սեպտեմբերին, և ցանկը դեռ կարելի է շարունակել: 2020-ի դեկտեմբերին Խծաբերդի և Հին Թաղերի գրավումը, 60-ից ավելի հայ զինծառայողների գերեվարումը, Փառուխի դեպքերը, ԼՂ հայ բնակչության ահաբեկման բազմաթիվ դեպքերը, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակումը ԼՂ-ի վրա լրջագույն հարցեր են բարձրացնում նաև ՌԴ խաղաղապահ զորակազմի գործունեության նպատակների և մոտիվների մասին», - ասել է նա:

Փաշինյանի խոսքով՝ ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կանգնած է էթնիկ զտումների վտանգի առջև, եթե նրա համար պատշաճ պայմաններ չստեղծվեն, նա ստիպված կլինի հեռանալ, և դրա պատասխանատվությունն ընկնելու է Ադրբեջանի և ռուսական խաղաղապահ զորակազմի վրա:

Նա նաև նշել է, որ եթե ԼՂ բնակիչների իրավունքների, անվտանգության երաշխավորմանն ուղղված ջանքերն արդյունք չտան, Կառավարությունը ԼՂ մեր քույրերին ու եղբայրներին ամենայն հոգատարությամբ կընդունի Հայաստանում:

Նա ընդգծել է, որ եթե ԼՂ հայերի՝ իրենց տներում ապրելու իրական պայմաններ և էթնիկ զտումներից պաշտպանության գործուն մեխանիզմներ չստեղծվեն, հավանականությունը, որ ԼՂ հայերը միակ միջոց կտեսնեն հեռացումը իրենց հայրենիքից չափազանց մեծանում է:

Փաշինյանի խոսքով՝ ՀՀ-ն իր դաշնակցային պարտավորություններից երբեք չի հրաժարվել և դաշնակիցներին երբեք չի դավաճանել:

«Իրադարձությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ անվտանգության այն համակարգերը և այն դաշնակիցները, որոնց վրա երկար տարիներ մենք հույս ենք դրել, մեր խոցելիություններն ի ցույց դնելու և հայ ժողովրդի անկախ պետություն ունենալու անհնարինությունը հիմնավորելու խնդիր են դրել: Ընդ որում, նման քաղաքականությունն ամենևին էլ կապ չունի 2018-ին տեղի ունեցած ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխությամբ հաստատված կառավարության հետ», - ասել է Փաշինյանը:

Նա հավելել է, որ իրենք ՀՀ անկախությունը կասկածի տակ դնող ձևակերպումներին երբեք չեն համաձայնվել:

«Մտահոգիչ է այն, որ անկախ, ինքնիշխան, ազատ և ժողովրդավարական պետություն ունենալու մեր կամքին ականջալուր լինելու փոխարեն, մեր որոշ գործընկերներ անվտանգության ոլորտում մեր խոցելիություններն ի ցույց դնելու գործում ավելի ու ավելի մեծ ջանքեր են գործադրում՝ հիմա արդեն հարվածի տակ դնելով ոչ միայն մեր արտաքին, այլև ներքին անվտանգությունն ու կայունությունը, և այս ընթացքում խախատելով դիվանագիտական, միջպետական էթիկայի, կոռեկտության բոլոր նորմերը: Այս քայլերին ի պատասխան հորդորում ենք մեր գործընկերներին հարգել մեր պետությունն ու ինքնիշխանությունը և մեր վճռական կամքն ենք արտահայտում ուժեղացնելու մեր պետականությունը, ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը, արտաքին, ներքին անվտանգությունը: Միջազգային հանրությանը կոչ ենք անում անսասան աջակացություն հայտնել Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու ժողովրդավարությանը: Մենք ձեռնարկելու ենք բոլոր միջոցները մեր անկախությունը պահպանելու համար։ Այս առումով անհրաժեշտ է վերափոխել, լրացնել ՀՀ արտաքին և ներքին անվտանգության գործիքները՝ փոխգործակցելով փոխշահավետ քայլերի պատրաստ բոլոր գործընկերների հետ։ Մենք այս շարքում ենք դիտարկում ոչ միայն բանակի և անվտանգության ուժերի խորը և համապարփակ բարեփոխումները, այլև 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի և 2023 թվականի մայիսի 14-ի Բրյուսելի պայմանավորվածությունների դե յուրե արձանագրումը, որով Խորհրդային Հայաստանի վարչական սահմանները դե յուրե ձևակերպվում են որպես ՀՀ պետական սահմաներ: Մենք այս շարքում ենք դիտում նաև Հռոմի ստատուտի վավերացումը, որը ՀՀ-ին հնարավորություն կտա արտաքին անվտանգության ապահովման գործում օգտվել ՄՔԴ-ի հնարավորություններից: Ստատուտը վավերացնելու որոշումը մենք կայացրինք 2022 թ. դեկտեմբերին, երբ բոլորիս համար ակնհայտ դարձավ, որ ՀԱՊԿ և հայ-ռուսական ռազմավարական գործընկերության գործիքները բավարար չեն Հայաստանի արտաքին անվտանգությունն ապահովելու համար: Այդ որոշումը որևէ կերպ ուղղված չէ ՀԱՊԿ-ի կամ ՌԴ-ի դեմ: Դա բխում է մեր արտաքին անվտանգության շահերից: Այդ որոշումը մեր սուվերեն իրավունքն է», - ասել է նա:

Փաշինյանի խոսքով՝ ՀՀ-ն գնում է ազատ, խաղաղ և ժողովրդավար երկիր լինելու ճանապարհով:

«Հայաստանը լինելու է ինքնիշխան, ազատ պետությո՞ւն, թե՞ վախվորած ծայրագավառ: Արդեն գրեթե բաց և թափանցիկ այս ընտրությունն է դրվում ՀՀ ներքաղաքական դաշտում: Ամեն քաղաքացի պետք է ընտրություն կատարի՝ անկախության պաշտպանության շարժման մասնակի՞ց է, թե՞ ծայրագավառային հնազանդության: Ես առաջնորդում եմ անկախության պաշտպանության շարժումը», - ասել է նա:

tert.am

 

 

 

 

 

 

 

 

Պիտակ