Փետրվար 21, 2024 19:28 Asia/Tehran
  • ՌԴ սահմանապահները չեն կարողացել կանխել Ներքին Հանդի միջադեպը, իսկ ԵՄ դիտորդները տարածքին հասանելիություն չեն ունեցել․ ԱԽ քարտուղար

Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի հատվածում Ադրբեջանի կողմից վերջին ագրեսիայի ժամանակ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն այդ հատվածին հասանելիություն չի ունեցել։ Այդ հատվածում ներկայություն ունեն ՌԴ սահմանապահները, որոնք չեն կարողացել կանխել Ադրբեջանի ագրեսիան։

 Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ 

«Երբ Ներքին Հանդում տեղի ունեցավ վերջին միջադեպը, ԵՄ դիտորդական առաքելությունն այնտեղ հասանելիություն չուներ՝ ի տարբերություն ռուսների, և հենց Ռուսաստանն է այնտեղ ներկա և չի կարողացել կանխել միջադեպը»,- ասել է Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարի խոսքով՝ միանշանակ է, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունն ունի կայունության դերակատարություն մեր տարածաշրջանում, ուստի հայկական կողմն ամբողջությամբ աջակցում է եվրոպացի դիտորդների գործունեությանը և շարունակելու է աջակցել նաև ապագայում։ Գրիգորյանը հայտնեց՝ հայկական կողմը տեղյակ է, որ ՌԴ  սահմանապահները խոչընդոտել են ԵՄ դիտորդների մուտքը Ներքին Հանդ, և այդ հարցն արդեն հասցեագրել է։

Ադրբեջանը փետրվարի 13-ի առավոտից մի քանի ժամ կրակ էր բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով Հայաստանն ունի 4 զոհ և 1 վիրավոր։

armenpress.am

 

Պիտակ