Մայիս 21, 2024 15:37 Asia/Tehran
  • Ինչու ՀՀ–ում չգիտեն` երբ կավարտվի Հյուսիս–հարավի կառուցումը. պարզաբանում է Սանոսյանը

Հայաստանում Հյուսիս–հարավ ճանապարհի կառուցման նախագծի ավարտի վերաբերյալ հստակ ժամկետ չնշելու հիմնական պատճառը Արտաշատից Սիսիան հատվածի հետ կապված անորոշությունն է։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Մեր գլխավոր խնդիրն այն է, որ մենք մինչև հիմա չունենք Արտաշատից Սիսիան 165-170 կմ ճանապարհի կառուցման նախագիծ: Մենք ունենք նախնական պատկերացում, թե ինչպես կարող է անցնել այդ ճանապարհը։ Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Այդ հատվածի ժամկետները դեռ դժվար է ասել»,– ասաց նախարարը։

Նա նաև շեշտեց, որ վերջին համաձայնագիրը, որ ստորագրել են, համաձայն դրա` շինարարությունը նախատեսված է մինչև 2030 թվականը, իսկ եթե թերությունների կամ որոշ փաստաթղթային շտկումների կարիք լինի, ապա կավարտվի 2032 թվականին։ Սանոսյանն ընդգծեց` հիմնական շինարարությունը նախատեսված է 2025-2030 թթ.։

Նրա խոսքով` 2025 թվականի գարնանը պատրաստ կլինի Երևան–Գյումրի ճանապարհահատվածը, այսինքն` մի քաղաքից մյուսը հնարավոր կլինի հասնել 1 ժամում։

Հիմա այդ տրանշում  լիովին պատրաստ են ճանապարհի Արտաշատ–Երևան և Երևան–Աշտարակ հատվածները, շուտով կավարտվի Լանջիկ–Գյումրի   հատվածը։

Ճանապարհի հարավային հատվածում (Ագարակ-Քաջարան), որտեղ արդեն կապալառու է ընտրվել, շինարարության նախապատրաստական աշխատանքներ են տարվում։ Առաջիկայում մրցույթ կհայտարարվի Քաջարանի թունելի համար։

Նախարարը պարզաբանել է, որ նախագծի կառուցման ակտիվ փուլը տեղի կունենա 2025-2030-ական թվականներին։

Հիշեցնենք, որ «Հյուսիս-հարավ»–ը անկախ Հայաստանի պատմության ամենամասշտաբային նախագծերից մեկն է։ Այս ճանապարհը կկրճատի իրանական-վրացական սահմանի հեռավորությունը 550 կմ-ից մինչև 460 կմ–ի և կհեշտացնի մուտքը դեպի Սև ծով ոչ միայն Հայաստանի, այլև Հնդկաստանի, ինչպես նաև Պարսից ծոցի ավազանի երկրների համար։

 

Պիտակ