Սեպտեմբեր 11, 2024 18:40 Asia/Tehran
  • Ադրբեջանն իրո՞ք մտահոգություն ունի ՀՀ Սահմանադրության մասով, թե՞ ուզում է, որ այդպիսի հարց լինի. Փաշինյան

Ադրբեջանի Սահմանադրությունն ակնհայտորեն տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի նկատմամբ, իսկ Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ նման պահանջ չկա: 

Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանին: 

«Ադրբեջանն ուզո՞ւմ է, որ մեր Սահմանադրության մեջ լինի պահանջ ընդդեմ Ադրբեջանի, թե՞ նա ունի անկեղծ մտահոգություններ, որ այդպիսի բան կա»,–հարց բարձրացրեց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց՝ Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել: «Ենթադրենք՝ մենք ստորագրեցինք խաղաղության պայմանագիրը, որտեղ, ենթադրենք, դրույթ կա, որ Հայաստանն Ադրբեջանից, Ադրբեջանը Հայաստանից տարածքային պահանջներ չունեն, ճանաչում է նրա տարածքային ամբողջականությունն ու պարտավորվում է ապագայում որևէ տարածքային պահանջ չներկայացնել: Այդ հարցը գնում է ՍԴ, եթե ՍԴ–ն որոշում է, որ այդ դրույթը մեր Սահմանադրությանը չի համապատասխանում, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ մենք իրոք ունենք տարածքային պահանջներ Ադրբեջանից, ուրեմն մենք պետք է դիրքավորվենք այդ իրավիճակի նկատմամբ: Եթե ՍԴ–ն ասում է, որ համապատասխանում է Սահմանադրությանը և ուղարկում է ԱԺ, որն էլ վավերացնում է, ապա այն դրույթը, որը ՀՀ–ն չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, ստանում է բարձրագույն իրավաբանական ուժ»,–ասաց նա:

Փաշինյանը նշեց՝ երբ պայմանագիրը վավերացվում է, ապա ՀՀ գործող Սահմանադրության 5–րդ հոդվածի 3–րդ կետի համաձայն, եթե կան օրենքներ, որ հակասում են վավերացված միջազգային պայմանագրին, միևնույն է, գերակայում է միջազգային պայմանագիրը: «Այսինքն՝ եթե այդ թուղթը ստորագրվում, վավերացվում է, Ադրբեջանի մտահոգություններն ամբողջությամբ դուրս են գալիս»,–նշեց Փաշինյանը:

Անդրադառնալով այն մտահոգությունը, թե գուցե հետո տարածքային պահանջներ առաջանան, վարչապետը նշեց՝ եթե պետք է առաջ գան, ապա կգան՝ խաղաղության պայմանագիր լինի, թե ոչ:

Վարչապետն ակնհայտ համարեց, որ Ադրբեջանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի նկատմամբ: Սակայն Հայաստանն այս հարցը չի բարձրացնում, քանի որ խաղաղության պայմանագրի վերոնշյալ ընթացակարգը հայելային կերպով տեղի է ունենալու նաև Ադրբեջանում, և հարցը լուծվելու է:

«Բայց Ադրբեջանն իրո՞ք օբյեկտիվ մտահոգություններ ունի, որ այդպիսի հարց կա, թե՞ Ադրբեջանն ուզում է, որ այդպիսի հարց լինի»,– կրկնեց հարցը Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ հայաստանյան անկախ վերլուծաբանները վերլուծում են, որ Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրության հետ կապված քննարկմամբ փակուղի է տանում խաղաղության պայմանագրի գործընթացը, որ բաց պահի իր Սահմանադրության մեջ Հայաստանի նկատմամբ ունեցած տարածքային պահանջները: «Այսինքն՝ Հայաստանին մեղադրում է նրանում, որ տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի նկատմամբ, դրա համար խաղաղության պայմանագիրը չի կնքվում, ինչը նշանակում է, որ Ադրբեջանի Սահմանադրության մեջ առկա՝ Հայաստանի նկատմամբ պահանջները շարունակում են դե յուրե ուժ ունենալ»,–ասաց Փաշինյանը՝ կրկնելով, որ ՀՀ Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ չկա: