Եվրամիության հիմնական նպատակը Հայաստանը ՌԴ–ի դեմ 2–րդ «ֆորպոստ» դարձնելն է. քաղտեխնոլոգ
Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ Հայաստանն իրեն հակառուսական նախագծերի մեջ ներքաշելու փորձերից ոչինչ չի շահում։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Եվրամիության հիմնական նպատակը Ուկրաինայից հետո Հայաստանը Ռուսաստանի դեմ երկրորդ ֆորպոստ դարձնելն է, և այս օրերի եվրոպական գագաթնաժողովները Երևանում պետք է դիտարկել առաջին հերթին այդ տեսանկյունից։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Փորձագետն ուշադրություն հրավիրեց Երևանում եվրոպացի քաղաքական գործիչների ելույթներին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ներկայությանը։ Հակոբյանի խոսքով՝ Հայաստանի մայրաքաղաքում հանդիպումների և միջոցառումների հիմնական լեյտմոտիվը Ռուսաստանին հակադրվելն էր։
«Եվրոպացիներն ու Ուկրաինան ունեն հստակ ռազմավարական նպատակներ և խնդիրներ։ Տվյալ դեպքում Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը եվրոպացիների ընդհանուր ռազմավարության տակտիկական օղակ է», - ասաց նա։
Իսկ Հայաստանում բարեփոխումների, եվրոպական արժեքներին ու չափանիշներին հաղորդակցվելու, տնտեսական համագործակցության մասին խոսակցություններն ու այլ շռայլ խոստումներն ընդամենը ՌԴ-ից Հայաստանի ընդհանուր անջատման «օժանդակ» տարբերակներ են։ Ձեռք բերված պայմանավորվածությունները մոտ ապագայում դժվար թե կյանքի կոչվեն, դրանք առավել միտված են քարոզչական էֆեկտ ստանալուն։ Բայց սպառնալիքները, որոնցով հղի է Հայաստանի համար իրերի այս դասավորվածությունը, շոշափելի կլինեն արդեն տեսանելի ապագայում։