Մայիս 30, 2024 10:50 Asia/Tehran
  • Իմամ Խամենեին դիմել է ամերիկացի ուսանողներին․ Դուք կանգնած եք պատմության ճիշտ կողմում

Ամերիկացի ուսանողներին ուղղված նամակում, ԻԻՀ առաջնորդ այաթոլլահ Խամենեին իր համերաշխությունն է հայտնել հակասիոնիստական ուսանողական ցույցերի մասնակիցներին, նշելով, որ նրանք Դիմադրության ճակատի մաս են կազմում։

Անդրադառնալով Արևմտյան Ասիայի տարածաշրջանի զգայուն իրավիճակին, առաջնորդը նշել է, որ համաշխարհային պատմությունը շրջադարձային փուլում է։

Առաջնորդի նամակում ասված է․

«Աստծո անունով

Նամակս ուղղված է այն երիտասարդներին, ում արթնացած խիղճը դրդել է պաշտպանել Գազայի ճնշված երեխաներին ու կանանց։ Ամերիկացի սիրելի ուսանողներ։ Սա ձեր հետ իմ համերաշխության ուղերձն է։ Դուք այժմ կանգնած եք շրջադարձ կատարող պատմության ճիշտ կողմում։

Դուք այսօր դարձել եք Դիմադրության մի մասը և անողոք ու օկուպանտ Սիոնիստական ռեժիմին պաշտպանող ձեր կառավարության կողմից գործադրվող ճնշումների պայմաններում, պատվաբեր պայքար եք սկսել։

Դիմադրության ճակատը, ձեր այսօրվա ապրումներով ու զգացմունքներով, տարիներ շարունակ պայքարում է այն  ճնշման դեմ, որը «սիոնիստներ» կոչվող ահաբեկչական և անողոք ցանցը գործադրում է պաղեստինցիների նկատմամբ՝ վերջիններիս հողերը գրավելուց հետո։ Սիոնիստական ապարտեիդի ռեժիմի այսօրվա ցեղասպանությունն անցած տասնամյակների ծայրահեղ դաժան գործողությունների շարունակությունն է։

Պաղեստինը հնագույն պատմություն  ունեցող անկախ երկիր է, որտեղ ապրում են մուսուլմաններ, քրիստոնյաներ ու հրեաներ։ Համաշխարհային պատերազմից հետո, սիոնիստ կապիտալիստները, բրիտանական կառավարության օգնությամբ, Պաղեստին տեղափոխեցին մի քանի հազար ահաբեկիչների։ Նրանք ներխուժեցին քաղաքներ  ու գյուղեր։ Տասնյակ հազարավոր մարդիկ սպանվեցին կամ տեղահան եղան։ Նրանցից խլվեցին իրենց տները, շուկաները, ագարակները և Պաղեստինի օկուպացված հողում հաստատվեց  Իսրայել անունով ռեժիմ։

Բրիտանիայից հետո, օկուպանտ ռեժիմի մյուս ամենամեծ աջակիցն ԱՄՆ-ն է, որ քաղաքական, տնտեսական ու ռազմական աջակցություն է ցուցաբերում ռեժիմին և նույնիսկ աններելի անփութությամբ, հնարավորություն տվել վերջինիս միջուկային զենք արտադրել ու աջակցել այդ հարցում։

Իր ստեղծման առաջին իսկ օրից, Սիոնիստական ռեժիմը Պաղեստինի անպաշտպան ժողովրդի նկատմամբ կիրառեց «երկաթե բռնուցքի» քաղաքականություն և արհամարհելով  խղճի, մարդկային և կրոնական արժեքները՝ օրեցօր ավելացնում է պաղեստինցիների նկատմամբ դաժանությունը, սարսափն ու բռնաճնշումները։

Իսկ ԱՄՆ-ն ու նրա գործընկերներն անգամ մի քայլ չարեցին դա կանխելու համար։ Նույնիսկ այսօր, Գազայում տեղի ունեցած սարսափելի հանցագործության վերաբերյալ Միացյալ Նահանգների կառավարության որոշ հայտարարություններ ավելի շատ կեղծ են, քան իրական:

Այս մութ ու հուսահատ մթնոլորտում ձևավորվեց Դիմադրության ճակատն, իսկ  Իրանում հաստատված Իսլամական Հանրապետությունն ընդլայնեց ու հզորացրեց նրան։

Ամերիկյան ու եվրոպական ԶԼՄ-ների մեծ մասը պատկանում է միջազգային սիոնիզմի առաջնորդներին, կամ աշխատում նրանց օգտին՝ ստանալով կաշառք։ Եվ այդ ԶԼՄ-ներն այս խիզախ Դիմադրությունը որպես ահաբեկչական շարժում են ներկայացնում։

Մի՞թե կարելի է ահաբեկիչ անվանել այն ժողովրդին, որը սեփական հողում պաշտպանում է իրեն սիոնիստ զավթիչների հանցագործություններից: Իսկ այս ժողովրդին տրվող հումանիտար օգնությունը և զենքով աջակցելը համարվում է օգնություն ահաբեկչությանը:

Համաշխարհային գերիշխանության առաջնորդներն անտեսում են անգամ մարդկային հասկացությունները։ Նրանք ձևացնում են, թե Իսրայելի դաժան և ահաբեկչական ռեժիմը պաշտպանվում է, իսկ Պաղեստինի Դիմադրությանը, որը պաշտպանում է իր ազատությունը, անվտանգությունը և ինքնորոշման իրավունքը, անվանում են «ահաբեկչական շարժում»։

Վստահեցնում եմ ձեզ, որ իրավիճակն այսօր փոխվոմ է։ Արևմտյան Ասիայի ճակատագիրը նույնպես փոխվելու է։ Ամբողջ աշխարհում մարդկանց խիղճն արթնացել է ու ճշմարտությունը  բացահայտվում է։ Իսկ Դիմադրության ճակատն ուժեղանում է։ Պատմությունը նույնպես փոխվում է։

Ձեզանից բացի, ոտքի են կանգնել ԱՄՆ-ի տասնյակ համալսարանների, ինչպես նաև այլ երկրների համալսարանների ուսանողներ ու քաղաքացիներ։ Շատ կարևոր է, որ դասախոսները ձեր կողքին են։ Դա կարող է մխիթարական հանգամանք լինել, հաշվի առնելով ոստիկանության կողմից ձեր նկատմամբ գործադրվող ճնշումն ու բռնությունները։ Ես կիսում եմ ձեր ցավը և հարգում ձեր դիրքորոշումը։

Մուսուլմանների և աշխարհի բոլոր մարդկանց համար Ղուրանի դասը  ճշմարտության ճանապարհին կանգնելն է։

Մարդկային փոխհարաբերությունների համար Ղուրանի դասն է՝ մի՛ ճնշեք և մի՛ ընկեք ճնշելու բեռի տակ։

Դիմադրության ճակատը առաջ կգնա և կհասնի հաղթանակի՝ հետևելով այս և հարյուրավոր այլ հորդորների։

Խորհուրդ եմ տալիս ծանոթանալ Ղուրանին:

 Սեյեդ Ալի Խամենեի»։

 

 

 

Պիտակ