Մայիս 30, 2024 17:39 Asia/Tehran
  • Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ. Դիմադրությունը Սիրիայի գերազանց ինքնությունն է

Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը դիմադրությունը համարեց Սիրիայի գերազանց ինքնությունը՝ ասելով. «Սիրիայի հատուկ դիրքը տարածաշրջանում պայմանավորված է այս գերազանց ինքնությամբ, և այս կարևոր հատկանիշը պետք է պահպանվի»։

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի գրասենյակի տեղեկատվական բազայի հաղորդմամբ, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին հինգշաբթի օրը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և նրան ուղեկցող պատվիրակության հետ հանդիպման ժամանակ կարևոր գնահատեց Իրանի և Սիրիայի միջև հարաբերությունների ամրապնդումը այն առումով, որ երկու երկրներն էլ դիմադրության առանցքի հենասյուներն են, և ասաց. «Սիրիայի գերազանց ինքնությունը, որը հենց դիմադրությունն է, ձևավորվել է հանգուցյալ Հաֆեզ Ասադի օրոք՝ «Դիմադրության և տոկունության ճակատի» ստեղծմամբ, և այս ինքնությունը միշտ նպաստել է Սիրիայի ազգային միասնությանը»։

Ընդգծելով այս ինքնության պահպանման անհրաժեշտությունը՝ նա հավելեց. «Տարածաշրջանում արևմուտքցիներն ու նրանց հետևորդները ծրագրել էին Սիրիայի դեմ իրենց իսկ սանձազերծած պատերազմով տապալել այս երկրի քաղաքական համակարգը և Սիրիային հանել տարածաշրջանային հավասարումներից, սակայն դա նրանց չհաջողվեց և այժմ նրանք ծրագրում են այլ մեթոդներով, այդ թվում՝ խոստումներով, որոնք նրանք երբեք չեն կատարի, Սիրիային հեռացնել տարածաշրջանային հավասարումներից»։

Մեծարգո այաթոլլահ Խամենեին մատնանշել է Ամերիկայի և Եվրոպայի քաղաքական և տնտեսական ճնշումները Իրանի և Սիրիայի վրա և ասել. «Մենք պետք է հաղթահարենք այս պայմանները՝ մեծացնելով և կանոնավորելով համագործակցությունը»։

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը քննադատել է նաև տարածաշրջանի որոշ երկրների դիրքորոշումներն ու անգործությունը Գազայի հարցում, և մատնանշելով արաբ առաջնորդների վերջին հանդիպումը Մանամայում՝ հավելեց․ «Այս հանդիպման ժամանակ Պաղեստինի և Գազայի հատվածի նկատմամբ բազմաթիվ բացթողումներ արվեցին, բայց որոշ երկրներ էլ իրենց լավ դրսևորվեցին»։

Սիրիայի Հանրապետության նախագահ Բաշար Ասադն էլ ցավակցություն հայտնեց հեղափոխության գերագույն առաջնորդին և Իրանի կառավարությանն ու ժողովրդին, և ասաց. «Իրանի և Սիրիայի հարաբերությունները ռազմավարական հարաբերություններ են, որոնք զարգանում են Ձերդ Գերազանցության ցուցումներով, և այս ցուցումների իրականացման գագաթնակետում էին նահատակներ Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին և արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը»:

Սիրիայի նախագահը նաև նահատակ Ռայիսիին անվանել է Իսլամական հեղափոխության դիրքորոշումների և կարգախոսների վառ օրինակ և անդրադառնալով տարածաշրջանում դիմադրության խնդրին, ասել է. «Ավելի քան 50 տարի անց տարածաշրջանում դիմադրության գիծը առաջադիմել է և այժմ դարձել է հավատամքային ու քաղաքական մոտեցում»։

Ընդգծելով, որ դիմադրության համար վճարվող գինը ավելի քիչ է, քան զիջման գինը, Բաշար Ասադն հստակեցրել է. «Գազայում տեղի ունեցած վերջին դեպքերը և դիմադրության հաղթանակները ապացուցեցին այս հարցը տարածաշրջանի ժողովրդի համար և ցույց տվեցին, որ դիմադրությունը սկզբունք է»։

Սիրիայի նախագահը նաև երախտագիտություն է հայտնել Իրանի հեղափոխության գերագույն առաջնորդին տարածաշրջանում դիմադրությանը աջակցելու, ինչպես նաև Սիրիային բոլոր ասպարեզներում աջակցելու գործում ունեցած կարևոր և ակնհայտ դերակատարության համար։