TV BRICS հեռուստաընկերությունը կցուցադրի վավերագրական ֆիլմ՝ պարսկական գեղագրության մասին
TV BRICS հեռուստաընկերությունը 5 լեզուներով կցուցադրի «Կետ» վավերագրական ֆիլմը, որը պատմում է պարսկական գեղագրության մասին։ Ֆիլմը նկարահանվել է Իրանում և Ռուսաստանում։
Pars Today-ի փոխանցմամբ՝ ըստ ռեժիսոր Ամիր Վալինեժադի՝ ֆիլմը պատմում է իրանական գեղագրության պատմության մասին։ Այն TV BRICS-ի կայքում հասանելի կլինի ռուսերեն, անգլերեն, չինարեն, իսպաներեն և պորտուգալերեն լեզուներով։
Ռեժիսոր Ամիր Վալինեժադի խոսքով՝ «Կետ» ֆիլմը հեռուստադիտողին ծանոթացնում է պարսկական գեղեցիկ արվեստի հետ, ինչպիսին է գեղագրությունը։
Նա նշում է․ «Իրանական գեղագրությունը հատուկ աշխարհ է և սրբազան լեզու։ Այն ծագել է է սուրբ Ղուրանի տեքստերի արտագրման ավանդույթից և կիրառվում է տարբեր ոլորտներում»:
TV BRICS-ի խմբագիր Քսենիա Կոմիսարովան նշել է, որ հեռուստաընկերությունը համագործակցում է աշխարհի ավելի քան 70 լրատվամիջոցների հետ։ Նրա խոսքով․ «Դա մեզ հնարավորություն է տալիս շարունակաբար փոխանակել հետաքրքիր բովանդակություն, որը ոչ միայն հարստացնում է ազգային տեղեկատվական օրակարգը, այլև ստեղծում ԲՐԻԿՍ անդամ երկրների մասին տեսաբովանդակության եզակի թվային գրադարան»:
TV BRICS հեռուստաընկերությունը գործում է շուրջօրյա ռեժիմով՝ անդամ և գործընկերներ երկրների լսարանների համար։
Հեռուստատեսային ծրագրերը հեռարձակվում են ռուսերենով՝ թվային հեռուստատեսային օպերատորների կողմից, ինչպես նաև տարբեր կայքերի և սոցիալական ցանցերի միջոցով, Ռուսաստանի ողջ տարածքում: Այլ լեզուներով ծրագրերը հասանելի են հեռուստաընկերության կայքում: