Ղարիբաբադի. Իրանի և Օմանի միջև ձեռք բերված համաձայնությունը չի նշանակում Հորմուզի նեղուցի լիակատար վերաբացում
ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալը հայտարարել է, որ Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցով առևտրային նավերի երթևեկության նոր կարգավորումների վերաբերյալ ձեռք բերվող համաձայնությունը մոտենում է վերջնական փուլին, սակայն այն չի ենթադրում նեղուցի լիակատար վերաբացում։
Հղում անելով, IRNA-ին, Pars Today-ը հաղորդում է, որ Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Օմանի Սուլթանության միջև նոր ծովային երթուղիների շուրջ ինտենսիվ բանակցությունների մեկնարկից անցել է ավելի քան երեք շաբաթ։ Նրա խոսքով՝ տարածաշրջանային պայմանների փոփոխությունների, ինչպես նաև Հորմուզի նեղուցով ծովային երթևեկության շուրջ տարիներ շարունակ ձևավորված զգայունությունների պատճառով բանակցությունները հեշտ ընթացք չեն ունեցել։
Իրանի ԱԳ նախարարի տեղակալը հավելել է, որ երթուղիների քարտեզից բացի, համաձայնության շրջանակում ամփոփման փուլում են նաև առափնյա պետությունների ինքնիշխանությանը, ապագա կարգավորումներին, Իրանի և Օմանի միջև ծովային երթևեկությունը համակարգելու նպատակով համատեղ համակարգող կենտրոն ստեղծելուն, ինչպես նաև Հորմուզի նեղուցով անցում կատարելու մտադրություն ունեցող նավերից տեղեկատվություն ստանալուն վերաբերող հարցերը։
Նա ընդգծել է, որ Իրանի և Օմանի միջև նոր համաձայնությունը չի նշանակում Հորմուզի նեղուցի լիակատար բացում, և դրա իրականացումն ունի իր հատուկ պահանջները։ Ղարիբաբադին նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խախտել է Իսլամաբադի հուշագրով ստանձնած իր պարտավորությունները, վերականգնել է ծովային շրջափակումը և վերսկսել պատերազմը։ Այդ պատճառով Իրանը նախկին շրջանակի իրականացումը չի շարունակելու, և ներկայում քննարկվում է նոր մոդել, որը հիմնված է առկա պայմանների վրա։ Նա ընդգծել է, որ այս հարցը պետք է քննարկվի բացառապես Իրանի և Օմանի միջև, և Իրանը չի ընդունում որևէ այլ երկրի միջամտություն։
Իրանի ԱԳ նախարարի տեղակալը շարունակել է, որ նոր մոդելի համաձայն՝ նեղուցի հարավային երթուղին կփակվի, իսկ նախկին ժամանակավոր երթուղիները կչեղարկվեն։ Նրա խոսքով՝ նոր երթուղու զգալի մասը կանցնի Իրանի տարածքային ջրերով, իսկ մյուս մասը՝ Օմանի տարածքային ջրերով, որպեսզի առևտրային նավերը թե՛ մուտքի, թե՛ ելքի երթուղու մի հատվածում անցնեն Իրանի տարածքային ջրերով։
Ղարիբաբադին նշել է, որ այս երթուղին ժամանակավոր բնույթ ունի և կարող է գործել շուրջ երկուից չորս ամիս կամ ավելի։ Նրա խոսքով՝ երկրորդ փուլ անցնելու համար անհրաժեշտ կլինի նոր որոշում՝ պահանջների կատարման և Օմանի հետ նոր համաձայնության ձեռքբերումից հետո։
ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև համաձայնության կատարման երաշխիքներին՝ նշելով, որ բանակցություններն անցկացվել են Միացյալ Նահանգների նկատմամբ անվստահության պայմաններում, իսկ այս գործընթացի գլխավոր երաշխավորն «Իրանի հզորությունն» է։ Նա հավելել է, որ Իրանը ցույց է տվել՝ կախված չէ որևէ համաձայնությունից, և եթե մյուս կողմը չկատարի իր պարտավորությունները, Իրանը նույնպես կհրաժարվի իր ստանձնած պարտավորություններից, իսկ ուժի կիրառման դեպքում կորդեգրի համարժեք ռազմավարություն։