ՄԱԿ-ը Արևմտյան ափի Երիքով քաղաքը ներառել է Պաղեստինի համաշխարհային ժառանգության ցանկում
ՄԱԿ-ի համաժողովը կիրակի քվեարկել է Արևմտյան ափի Երիքով քաղաքը Պաղեստինի համաշխարհային ժառանգության ցանկում ներառելու օգտին, հաղորդում է Associated Press-ը:
Երիքովը երկրագնդի հնագույն մշտապես բնակեցված քաղաքներից մեկն է և գտնվում է Իսրայելի կողմից օկուպացված Արևմտյան ափի այն մասում, որը կառավարվում է միջազգայնորեն ճանաչված Պաղեստինի ինքնավարության կողմից:
Որոշումն ընդունվել է Էր-Ռիադում ՄԱԿ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում՝ ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո:
Իսրայելը ՅՈՒՆԵՍԿՕ-ից դուրս է եկել 2019 թվականին՝ մեղադրելով նրան իր դեմ կողմնակալության և Սուրբ Երկրի հետ կապերը թուլացնելու մեջ։ Իսրայելը դեմ է արտահայտվել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2011թ․ Պաղեստինին որպես անդամ երկիր ընդունելու դեմ։ Սակայն Իսրայելը մնում է Համաշխարհային ժառանգության կոնվենցիայի մասնակից և պատվիրակություն էր ուղարկել Էր- Ռիադի հանդիպմանը:
Իսրայելը գրավել է Արևմտյան ափը՝ Գազայի և Արևելյան Երուսաղեմի հետ միասին, 1967 թվականի մերձավորարևելյան պատերազմի ժամանակ: Պաղեստինցիները ցանկանում են, որ երեք տարածքներն էլ իրենց ապագա պետության մաս կազմեն։ Իսրայելն իր հերթին Արևմտյան ափը համարում է հրեա ժողովրդի աստվածաշնչյան և մշակութային ժառանգություն: