Մամուլի տեսություն 17․09․2023
Հաղորդումները վկայում են,որ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին, Իրանի հում նավթի արտահանման ծավալը վերջին չորս տարիների ընթացքում հասել է ամենաբարձր մակարդակին` կազմելով օրական մոտ 1,5 մլն բարել։
Ջավան
Իրանի ժողովուրդը ամառվա վերջին շաբաթ օրը ոչ մի ուշադրություն չդարձրեց հակահեղափոխականների շուրջ մեկ ամիս շուրջօրյա քարոզչությանը
Իրանի բոլոր ծայրերում հրապարակային քննարկումները ցույց են տալիս, որ խաղաղ մթնոլորտ է տիրել բոլոր այն քաղաքներում, որտեղ ընդդիմադիր շարժումը մանրամասն պլաններ էր մշակել անապահովություն ստեղծելու համար, սակայն մարդիկ անտարբերությամբ շրջանցեցին այն:
Թերևս, ամենահոռետես հակահեղափոխական տարրերը չէին հավատում,որ ժողովուրդը նման անտարբերություն կցուցաբերի շաբաթ օրվա վերաբերյալ հնչեցրած իրենց սկանդալային կոչի նկատմամբ։ Ընդորում Իրանի քաղաքներից ոչ մեկում ոչ մի տարբերություն չունեին օրվա մենությունն ու գիշերվա լռությունը։
Իրանի արևմուտքում և արևելքում ռոյալիստների, մոնաֆեղների և անջատողականների մեկ ամիս շարունակ շուրջօրյա ջանքերն ու կոչերն անցան ապարդյուն։
Քեյհան
Նավթի 100 դոլար դառնալու շեմին, Իրանի արտահանման ծավալն աճել է
Reuters լրատվական գործակալությունն իր զեկույցում գրել է.-«Չնայած ԱՄՆ պատժամիջոցներին, Թեհրանն ավելացնում է իր նավթի արդյունահանման և արտահանման ծավալները: Աշխարհում նավթի խոշորագույն ներկրողը համարվող Չինաստանում իրանական նավթի գնման նկատմամբ հետաքրքրությունն աճում է այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիան և Ռուսաստանը երկարաձգեցին մատակարարումների կրճատումները, ինչը բարձրացրեց համաշխարհային գները:
Չնայած Չինաստանի նավթավերամշակման փոքր գործարանները գնում և պահպանում են իրանական նավթը, որպեսզի պահանջարկը մեծանալու դեպքում, այն վաճառեն ավելի բարձր գներով, Չինաստանի նավթավերամշական պետական խոշոր գործարանները շարունակում են ձեռնպահ մնալ իրանական նավթ գնելուց:
Առկա տվյալները ցույց են տալիս, որ Իրանի հում նավթի արտահանման ծավալը վերջին չորս տարիների ընթացքում հասել է ամենաբարձր մակարդակին ՝ կազմելով օրական մոտ 1,5 մլն բարել,որի ավելի քան 80%-ն ուղարկվել է Չինաստան։
Վաթան Էմրուզ
Իրանը կարևոր փաստաթղթեր է ձեռք բերել Իսրայելի վարչապետի գործի հետ կապված. Al-Mayadeen
Al-Mayadeen հեռուստաընկերությունը վկայակոչելով Իրանում որոշ աղբյուրների, պնդում է, որ Թեհրանը ձեռք է բերել կարևոր փաստաթղթեր՝ կապված Սիոնիստական ռեժիմի վարչապետի գաղտնի դատական գործերից մեկի հետ, որը ցույց է տալիս Իրանի ազդեցության խորությունը այս ռեժիմի հետախուզական ցանցերում։ Հարց, որին արձագանքել է օկուպանտ ռեժիմի նախկին պատերազմի նախարարը:
Իրան
Աղքատության ծանր ստվերը կախված է Անգլիայի գլխին
Անգլիայում գների աճը շարունակվում է: Իրավիճակ, որ նույնիսկ Ռիշի Սունակի կառավարության կողմից սուբսիդավորման վճարումը չի կարողացել նվազեցնել ընտանիքների ֆինանսական բեռը և լուծել նրանց խնդիրները:
Hetq.am
Երեւանցիները նոր ավագանի են ընտրում
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին Երևանում ավագանու ընտրություններ են, որին մասնակցում է 14 քաղաքական ուժ՝ 13 կուսակցություն և 1 դաշինք։ Քարոզարշավը մեկնարկել էր օգոստոսի 23-ին և ավարտվել սեպտեմբերի 15-ին։
Ըստ ոստիկանության՝ ընտրողների թիվը 824 հազար 250 է։ Նշենք, որ ավագանու ընտրություններին քվեարկելու իրավունք ունեն ոչ միայն 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, այլեւ մինչև քվեարկության օրն առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք:
«Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 475 տեղամասեր»,- հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Ընտրություններին հետեւում է 364 տեղական դիտորդ երեք կազմակերպությունից՝ «Ականատես» դիտորդական առաքելություն (100 դիտորդ), «Անկախ դիտորդ» հասարակական դաշինք (156 դիտորդ), «ՀայասՔվե» (108 դիտորդ)։ Միջազգային դիտորդների թիվը մեծ չէ՝ 24 հոգի, որոնցից 14-ը` Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսից, իսկ 10-ը՝ Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական հարթակ կազմակերպությունից։ 80 այցելու էլ գրանցվել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններից։
Ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 40 տեղական եւ 3 միջազգային զանգվածային լրատվության միջոց:
News.am
Ստեփանակերտը համաձայնել է Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով եւ Լաչինի միջանցքով Կարմիր Խաչի բեռների համաժամանակյա տեղափոխմանը
Արցախի Հանրապետության իշխանությունները որոշում են կայացրել` ընդունել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի եւ խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարության համատեղ առաջարկը Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, եւ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով (արտասահմանյան ծագում ունեցող բեռներ): Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը:
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Ադրբեջանի կողմից Արցախի պաշարման հետեւանքով առաջացած ճգնաժամն օրեցօր խորանում է: Հացահատիկի հայթայթման եւ հացի արտադրամասերին ալյուրի մատակարարման գործընթացը կառավարությունը կազմակերպում է սուղ պայմաններում եւ, ցավոք սրտի, ոչ միշտ է հաջողվում ամեն օր ապահովել կտրոնային համակարգով նախատեսված քաղաքացուն օրական հասանելիք 200 գրամ հացը:
Հաշվի առնելով երկրում խորացող աղետն ու անվտանգային իրադրությունը՝ Արցախի Հանրապետության իշխանությունները որոշում են կայացրել ընդունել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի եւ խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարության համատեղ առաջարկը Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, եւ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով (արտասահմանյան ծագում ունեցող բեռներ):
Գործընթացի կազմակերպումն անհրաժեշտ է ինչպես մեր քաղաքացիների կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու, այնպես էլ Բերձորի միջանցքով հումանիտար բեռների հետագա տեղափոխումն ապահովելու համար:
Տեղեկացնում ենք նաեւ, որ միջնորդներն աշխատանք են տանում Արցախի եւ Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների հետ հանդիպում կազմակերպելու ուղղությամբ՝ հանրապետությունում լարված հումանիտար եւ անվտանգային իրավիճակը թոթափելու նպատակով»,- նշվում է հայտարարության մեջ:
Aravot.am
Ադրբեջանը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը. ՊԲ
Սեպտեմբերի 17֊ ին ժամը 00։30֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք։
Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։
Այս մասին հայտնել է Արցախի ՊԲ-ը:
Tert.am
Հոկտեմբերի 5-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև փաստաթուղթ չի ստորագրվելու, բայց ամեն ինչ անում ենք, որ մինչև տարեվերջ ստորագրվի. Նիկոլ Փաշինյան
Հոկտեմբերի 5-ին Գրանադայում Ադրբեջանի ղեկավարի հետ սպասվող հադիպմանը Նիկոլ Փաշինյանը չի սպասում որևէ փաստաթղթի ստորագրման: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ցավոք սրտի, ոչ, որովհետև եթե սպասվեր, որ փաստաթուղթ է ստորագրվելու, դա կնշանակեր՝ մենք համարել ենք, որ այդ փաստաթուղթը համապատասխանել է Հայաստանի հավասարակշռված շահին, և մենք պատրաստ են ստորագրել։ Մենք ասել ենք, որ մեր առաջնահերթությունը խաղաղության օրակարգն է և մենք ուզում ենք հնարավորինս արագ՝ մինչև տարեվերջ, մյուս տարվա սկիզբ ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր, և մենք ամեն ինչ անում ենք դրա համար։ Ես շատ կուզենայի ասել՝ այո Գրանադայում պատրաստվում է ստրագրվել փաստաթուղթ, բայց, ցավոք սրտի, ո՛չ։ Հույս ունենք՝ մենք ինտենսիվ բանակցություները կշարունակենք և կհասնենք խնդրի լուծմանը», - ասաց Փաշինյանը:
ՀՀ վարչապետի խոսքով՝ ակնհայտ է, որ ԼՂ-ում խորացող ծայրահեղ հումանիտար ճգնաժամն ու Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը բացասաբար է անդրադառնում խաղաղության գործընթացի վրա։
«Կարծում եմ՝ մենք ահագին ժամանակ ենք կորցնում և կորցրել Լաչինի միջանցքի արգելափակման ու ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի պատճառով։ Այն ժամանակն ու էներգիան, որը մենք ծախսել ենք և շարունակում ենք, ցավոք, անարդյունք ծախսել այդ թեմայի կարգավորման վրա, այդ իրավիճակը չլինելու դեպքում այդ նույն էներգիան կուղղորդվեր խաղաղության պայմանագրի քննարկմանը», - նշեց նա։
News.am
ՄԱԿ-ը Արևմտյան ափի Երիքով քաղաքը ներառել է Պաղեստինի համաշխարհային ժառանգության ցանկում
ՄԱԿ-ի համաժողովը կիրակի քվեարկել է Արևմտյան ափի Երիքով քաղաքը Պաղեստինի համաշխարհային ժառանգության ցանկում ներառելու օգտին, հաղորդում է Associated Press-ը:
Երիքովը երկրագնդի հնագույն մշտապես բնակեցված քաղաքներից մեկն է և գտնվում է Իսրայելի կողմից օկուպացված Արևմտյան ափի այն մասում, որը կառավարվում է միջազգայնորեն ճանաչված Պաղեստինի ինքնավարության կողմից:
Որոշումն ընդունվել է Էր-Ռիադում ՄԱԿ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում՝ ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո:
Իսրայելը ՅՈՒՆԵՍԿՕ-ից դուրս է եկել 2019 թվականին՝ մեղադրելով նրան իր դեմ կողմնակալության և Սուրբ Երկրի հետ կապերը թուլացնելու մեջ։ Իսրայելը դեմ է արտահայտվել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2011թ․ Պաղեստինին որպես անդամ երկիր ընդունելու դեմ։ Սակայն Իսրայելը մնում է Համաշխարհային ժառանգության կոնվենցիայի մասնակից և պատվիրակություն էր ուղարկել Էր- Ռիադի հանդիպմանը:
Իսրայելը գրավել է Արևմտյան ափը՝ Գազայի և Արևելյան Երուսաղեմի հետ միասին, 1967 թվականի մերձավորարևելյան պատերազմի ժամանակ: Պաղեստինցիները ցանկանում են, որ երեք տարածքներն էլ իրենց ապագա պետության մաս կազմեն։ Իսրայելն իր հերթին Արևմտյան ափը համարում է հրեա ժողովրդի աստվածաշնչյան և մշակութային ժառանգություն: