Սեպտեմբեր 18, 2023 18:15 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Փաշինյանի կուսակցության ձախողումը Երեւանի ավագանու ընտրություններում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երեկ (կիրակի) կայացած ընտրություններում չկարողացավ հավաքել բավարար ձայներ՝ Հայաստանի մայրաքաղաք Երևանի ավագանիում մեծամասնությունը պահպանելու համար։

2021 թվականի հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, կիրակի օրվա ընտրություններն առաջինն էին Հայաստանում, որտեղ մեծ թվով հայեր հնարավորություն ունեցան իրենց ձայնը լսելի դարձնելու Հայաստանի իշխանություններին:

Դիտորդների կարծիքով Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ այս երկրի բնակչության ընդհանուր աջակցությունը Փաշինյանին նվազում է։

2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմում Փաշինյանի սխալ կառավարման և Բաքվի հետ ընթացող բանակցությունների վերաբերյալ ևս լայնածավալ քննադատություններ են հնչել Փաշինյանի հասցեին:

«ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, եթե ​​Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարողանա կոալիցիա կազմել, հավանաբար կկարողանա նշանակել Երևանի հաջորդ քաղաքապետին։

Նախնական արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի վարչապետի կուսակցությունն իր մյուս մրցակիցների համեմատ ավելի լավ է հանդես եկել և կարողացել է հավաքել ձայների 32 տոկոսը, բայց ամեն դեպքում այս ձայները բավարար չեն ավագանիում ճնշող մեծամասնություն կազմելու և քաղաքապետին ընտրելու համար:

Մինչ այժմ Փաշինյանը և իր կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը չեն մեկնաբանել ընտրությունների արդյունքները։

Հաղորդման համաձայն, «Ազգային առաջընթաց»» կուսակցությունը, որը ներկայացնում է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին երեկվա ընտրություններում ձայների 19 տոկոսով զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ «Մայր Հայաստան» դաշինքը՝ 15 տոկոսով երրոդ տեղում է կանգնած:

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հայտնել է, որ Երևանում կիրակի օրը կայացած ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների միայն 28,5 տոկոսը: 2018 թվականին կայացած Երևանի ավագանու  ընտրություններին  մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 44 տոկոսը:

Սեպտեմբերի 17-ին, Երևանում ավագանու ընտրություններին մասնակցելուց հետո, լրագրողներին տված ասուլիսում, Փաշինյանն ասել է.«Մենք ուզում ենք մինչև տարեվերջ ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր, և մենք ամեն ինչ անում ենք դրա համար»:

Փաշինյանը նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ծանր ճգնաժամն ակնհայտորեն ազդում է խաղաղության գործընթացի վրա, և որ Երևանը բավական ժամանակ է ծախսել Ադրբեջանի կողմից Լաչինի անցակետի արգելափակման հարցի վրա։

Բաքվի, Մոսկվայի, Անկարայի և Երևանի ղեկավարների մասնակցությամբ քառակողմ հանդիպում անցկացնելու և ղարաբաղյան տարածաշրջանի իրավիճակը քննարկելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկի մասին Փաշինյանը նշել է,«Ամենատարբեր առաջարկներ ու գաղափարներ կան, ես չեմ ուզում առանձնացնել այդ գաղափարներից մեկը»:

Մինչդեռ, չնայած երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի շուրջ շարունակվող բանակցություններին, Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը վերջին ամիսներին աճել է Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով:

2022 թվականի դեկտեմբերին, Ադրբեջանը բնապահպանական պատրվակով փակել է Հայաստան-Արցախ միակ ճանապարհը, որը հայտնի է որպես Լաչինի միջանցք։ Երևանի և Արցախի իշխանությունները, ինչպես նաև միջազգային հանրությունը Բաքվի այս գործողությունը որակել են որպես 2020 թվականին ստորագրված խաղաղության համաձայնագրի խախտում և զգուշացրել դրա բացասական հետևանքների մասին։

Պիտակ