Սեպտեմբեր 24, 2023 18:13 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 24․09․2023

Այն դեպքում, երբ Միացյալ Նահանգները ձգտում է դադարեցնել Հյուսիս-Հարավ միջանցքի ձևավորումը, տարածաշրջանի որոշ երկրներ ասել են, որ իրենք կվճարեն ծախսերը,որպեսզի օգտագործվի այս երթուղին։

Իրան

Իրանը միացել է «Իբրուտինիբ» հակաքաղցկեղային դեղամիջոց արտադրող 3 երկրների խմբին

Հակաքաղցկեղային դեղերը օգտագործվում են քաղցկեղով տառապող հիվանդների բուժման համար սովորական մեթոդների հետ մեկտեղ: Իբրուտինիբն այս դեղերից է, որը նախկինում մատակարարվում էր ներմուծման միջոցով, իսկ այժմ այն մի գիտելիքահենք ընկերության փորձագետների ջանքերով դարձել է սեփական արտադրություն։

Հաշվի առնելով, որ այս դեղը Իրանի ռազմավարական նշանակության արտադրանքներից է և օգտագործվում է հիվանդների կողմից որոշակի պայմաններում, այն արտադրվել է հինգ տարվա ինտենսիվ հետազոտությունների արդյունքում և այժմ պատրաստ է հիվանդների օգտագործման համար:

Շարղ

Ղարաբաղում իրավիճակը լարված  է,  բողոքի ցույց՝ Երեւանում 

Հարավային Կովկասի տարածաշրջանում վերջին զարգացումները, որոնք սկսվել են Ադրբեջանի նոր ագրեսիայով, ենթադրվում է, որ կուղեկցվեն Ղարաբաղի բարձունքներին Բաքվի լիակատար տիրանալով և Հայաստանում քաղաքական նոր իրադարձություններով: Չնայած խախտման մի քանի դեպքերի, Ղարաբաղում հրադադարը  շարունակվում է հայերի կողմից  հայկական զինված ուժերը անհապաղ զինաթափելու եւ  ռազմական ու կառավարական կառույցները լուծարելու Բաքվի պահանջները ընդունվելուց հետո։

Ջավան

Տարածաշրջանի որոշ երկրներ պատրաստ են վճարել Հյուսիս-Հարավ միջանցքի ծախսերը

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի գերագույն խորհրդականի խոսքերով, այն դեպքում, երբ ԱՄՆ-ն ձգտում է դադարեցնել Հյուսիս-Հարավ միջանցքի ձևավորումը, տարածաշրջանի որոշ երկրներ ասել են, որ իրենք կվճարեն ծախսերը,որպեսզի  օգտագործվի այս  երթուղին։

Ղոմում անցկացված միջոցառման ժամանակ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարի գերագույն խորհրդական՝ Հոջաթ-օլ-Էսլամ Հոսեյն Թայեբն անդրադառնալով հարավային երկրների հետ Իրանի հարաբերությունների ամրապնդմանը ասել է.-« Մի ժամանակ իսրայելցիները մեր դեմ էին հանում մեր հարավային երկրներին, սակայն այսօր հարավային երկրները մոտենում են մեզ,իսկ իսրայելցիները Կովկասում և Կենտրոնական Ասիայում առճակատում են փնտրում Իրանի հետ, իսրայելցիներն ուզում են մեզ ստիպել կռվել Ադրբեջանի և Թուրքմենստանի հետ, բայց մենք պետք է  առաջնորդվենք բարի դրացիության սկզբունքով, ինչը իհարկե չի նշանակում զիջումների գնալ։

Անդրադառնալով Իրանի կողմից մի քանի երկրների մասնակցությամբ Հյուսիս-Հարավ միջանցքի կոնսորցիումի ստեղծմանը ասել է,-«Այսպիսով Ռուսաստանն ու Եվրոպան կմիանան բաց ջրերին, և այս տարանցման լավագույն երթուղին Ադրբեջանի տարածքն է, հետո Իրանինը, այնուհետև Հնդկաստանի և Չինաստանի տարածքները։  Իսկ երկրորդ երթուղին Վրաստանով, Թուրքիայով, Իրաքով և բաց ջրերով անցնելն է, որը Իրանի մատչելի և ծախսարդյունավետ ճանապարհն է։ Թեեւ ամերիկացիները ձգտում են, որ այս հաղորդակցման ուղին չձեւավորվի, սակայն տարածաշրջանի որոշ հարուստ երկրներ ասել են, որ իրենք կվճարեն ծախսերը, որպեսզի այս երթուղին օգտագործվի։

Իրան

Իրանի տարբեր ոլորտների մասնաբաժինը՝այս տարվա գարնանը գրանցված տնտեսական աճից

Այս տարվա գարնանը Իրանում 6,2 տոկոս տնտեսական աճ է գրանցվել, որը ավելի քան երեք անգամ գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տնտեսական աճը և ավելի բարձր է եղել, քան ողջ նախորդ տարվա միջին աճը։

Թեև նավթային խումբն ՝ ավելի քան 16% զգալի աճով  ունեցել է ամենաբարձր աճը երկրի տնտեսության տարբեր ճյուղերի մեջ, սակայն այս տարվա գարնանը գրանցված տնտեսական աճի իրականացման գործում ամենամեծ մասնաբաժինը պատկանում է ծառայությունների սպասարկման խմբին։ Որովհետև սպասարկման խումբը կազմում է երկրի տնտեսության մեծ մասը։

Armenpress.am

ՀՀ կառավարության հումանիտար բեռը կտեղափոխվի Գորիս, այնտեղից էլ՝ Լեռնային Ղարաբաղ. ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խումբ

Որոշում է կայացվել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար նախատեսված ՀՀ կառավարության հումանիտար բեռը տեղափոխել Գորիս, որտեղից էլ հնարավոր կլինի կազմակերպել հումանիտար բեռի տեղափոխությունը Լեռնային Ղարաբաղ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորախմբի միջոցով։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի որոշմամբ կազմավորված՝ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբից։

Civilnet.am

Արցախցիների առաջին խումբը հասավ Կոռնիձոր

Տեղահանված արցախցիների առաջին խումբը ժամանեց Սյունիք, հայտնում է տեղում աշխատող՝ ՍիվիլՆեթի լրագրող Արմինե Սիմոնյանը։ Մոտ 40 հոգանոց խումբը հաշվառում է անցնում հումանիտար կայանում։ Իրականացվում է կարիքի գնահատում։ Նրանք պատմում են, որ անցակետով են անցել, ստուգում չի իրականացվել։

Սիվիլնեթի հետ զրույցում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նշեց, որ մոտ 250 հոգանոց աշխատանքային խումբ է ձևավորվել, որում ընդգրկված են նաև կամավորներ:

Մարզի ղեկավարը, անդրադառնալով ՍիվիլՆեթի հարցին, թե ինչ պատրաստվածություն ունի մարզը, եթե անհրաժեշտ լինի մեծ թվով վիրավորներ տեղափոխել Սյունիք, Ղուկասյանը պատասխանեց «Այդ ուղղությամբ աշխատանքներ տարվել են: Այս պահին Երևանից ժամանած մոտ 45 շտապ օգնության մեքենաներ կան Սյունիքում, բժշկական կենտրոնները ևս պատրաստ են: Կոռնիձորի հումանիտար կայանում մենք տեղադրել ենք մոտ երկու տասնյակ համակարգիչներ, որպեզի մարդկանց առաջնահերթ հաշվառում տեղի ունենա: Հղի կանանց, հաշմանդամություն ունեցող մարդկանց կտեղավորեն հյուրանոցներում, իսկ մյուսներին՝ Գորիս, Տեղ, Տաթև համայնքներում: Մոտ տասը հազար մարդու կեցության հարցը այս պահին մարզում պատրաստ են լուծել»։

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ սեպտեմբերի 24-ին իրականացվում է այն ընտանիքների տեղափոխում ՀՀ, որոնք վերջին ռազմական գործողությունների հետևանքով մնացել են անօթևան և հանրապետությունից դուրս գալու ցանկություն են հայտնել։

Tert.am

Էրդողանն Ալիևի հրավերով վաղը կայցելի Նախիջևան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծրագրում է երկուշաբթի այցելել Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն՝ իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւի հրավերով, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Այցի ընթացքում բանակցություններ կկայանան երկու երկրների ղեկավարների և պատվիրակությունների միջև։ Հանդիպումների օրակարգում են երկկողմ հարաբերությունները, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային իրադարձությունները։

Tert.am

Կապահովվի զինաթափված անձնակազմի դուրս բերում Ղարաբաղից Լաչին-Ստեփանակերտ և Քարվաճառ-Վարդենիս ուղղություններով. Ադրբեջանի ՆԳՆ

Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել Արցախից զինծառայողների դուրսբերման վերաբերյալ

Դրանում նշվում է, որ սեպտեմբերի 20-ին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հայկական զինված ուժերի զինաթափված և զորացրված անձնակազմին Ղարաբաղից հասանելիություն կտրամադրվի Լաչին-Ստեփանակերտ և Քարվաճառ-Վարդենիս ուղղություններով։
Տեղափոխման համար կօգտագործվեն ավտոբուսներ և անձնական տրանսպորտ։

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքոց ռազմական ագրեսիա է սկսել Արցախում՝ դա անվանելով «տեղական բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ»՝ իբրև թե «սահմանադրական կարգը վերականգնելու» համար։ Մեկ օր անց ռուս խաղաղապահների միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել հրադադարի մասին, հրադադարի պայմանների թվում նախանշվել է, մասնավորապես, Պաշտպանության բանակի զինաթափումը և ծանր տեխնիկայի դուրսբերումն Արցախից։ Սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի Եվլախ քաղաքում՝ Ստեփանակերտից 100 կիլոմետր հյուսիս-արևելք, տեղի է ունեցել Արցախի ներկայացուցիչների հանդիպումը Ադրբեջանի պատվիրակության հետ։

News.am

ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպք. կան ձերբակալվածներ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանադրական կարգի պահպանության ու ահաբեկչության դեմ պայքարի եւ քննչական գլխավոր վարչությունների ծառայողների իրականացրած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է նախնական համաձայնությամբ, խմբի կազմում իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպք: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԱԾ-ից։ «Այսպես.

Նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական եւ վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Խաչակիրներ ռազամահայրենասիրական» ՀԿ անդամներ՝ Ս.Խ-ն, Կ.Դ-ն, Դ.Տ-ն, Վ. Մ-ն, Մ.Մ-ն, Գ.Ն-ն, Ա.Հ-ն, ինչպես նաեւ Ա.Բ-ն, եւ այլ անձինք, ունենալով հակաիշխանական հայացքներ, ՀՀ կառավարության անդամների եւ ղեկավարի նկատմամբ՝ գաղափարական թշնամանք, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, պայմանավորվածություններ են ձեռք բերել իրենց մոտ պահվող զենք-զինամթերքը որպես հանցագործության գործիք  օգտագործելու միջոցով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով եւ դրա սպառնալիքով զավթելու իշխանությունը, մասնավորապես՝ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններին:

Արդյունքում, հանցավոր խմբի անդամներն ուղղակի դիտավորությամբ հանցանք կատարելու համար ձեռք են բերել հեռահաղորդակցության սարքեր, հեռախոսային ու այլ կապը խլացնող սարքեր, հանցանքի կատարումը հեշտացնող միջոցներ եւ գործիքներ, ինչպես նաեւ դիտավորությամբ ստեղծել այլ պայմաններ՝ այդ կերպ նախապատրաստվելով կատարել նախնական համաձայնությամբ, խմբի կազմում իշխանության յուրացում, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել սկսել իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը, այն է՝ նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտվել եւ խափանվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Քրեական վարույթի շրջանակներում ձեռքբերված բավարար փաստական տվյալների հիման վրա հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքով ձերբակալվել են հանցավոր խմբի ութ անդամներ, ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, ներկայացվել են մեղադրանքներ: 

Միեւնույն ժամանակ խուզարկություններ են կատարվել հանցավոր խմբի անդամների բնակության հասցեներում եւ հասարակական կազմակերպություն հանդիսացող աշխատավայրերում, որոնց արդյունքում հայտնաբերվել են հրազեն, զենք, ռազմամթերք, օդաճնշիչ ատրճանակներ, զրահաբաճկոններ, հեռահաղորդակցության սարքեր, համակարգիչներ, տարբեր գրառումներ պարունակող նոթատետրեր, փաստաթղթեր եւ այլն։

Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են վարութային գործողություններ եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի ամբողջական հանգամանքները, հանցավոր խմբի կազմում ներգրավված անձանց ողջ շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։

 

Պիտակ