Սեպտեմբեր 24, 2023 19:39 Asia/Tehran
  • Օկամպոն՝ The Washington Post–ին․ Ադրբեջանի հավակնությունները դուրս են գալիս ԼՂ սահմաններից

Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ, արգենտինացի փաստաբան, իրավունքի ոլորտում դոկտոր Լուիս Մորենո Օկամպոն The Washington Post–ում գրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղը վերածել է 120 հազար հայերի համար նախատեսված հսկայական համակենտրոնացման ճամբարի:

Նա նաև կարծիք է հայտնել որ Ադրբեջանի հավակնությունները դուրս են գալիս Լեռնային Ղարաբաղի սահմաններից, գրում է Factor.am-ը։

Օկամպոն նշել է, որ 2021 թվականին նախագահ Բայդենը 1915 թվականի հայերի վտարումը Թուրքիայի ներկայիս տարածքից՝ Անատոլիայի իրենց հողերից ցեղասպանություն անվանեց։ Միացյալ Նահանգներն այս հարցի վերաբերյալ մեկ դարից ավելի լռել է, և այդ լռությունը դառը հետևանքներ է ունեցել։

Հոդվածում ասվում է, որ այսօր հայերին անհրաժեշտ է, որպեսզի համաշխարհային առաջնորդները, այդ թվում՝ Բայդենը, կանգնեցնեն նոր ցեղասպանությունը, որն սկսվել է անցյալ ձմռանն ու այժմ մտնում է ավելի դաժան փուլ։

Նշվում է, որ սեպտեմբերի 19–ին Լեռնային Ղարաբաղի հայաշատ անկլավի սահմանի երկայնքով ամիսներ տևած շրջափակումից և ռազմական կուտակումներից հետո ադրբեջանական զինուժը հարձակման է անցել։ Օրվա ընթացքում ադրբեջանական ուժերը արագորեն հաղթահարեցին տեղի պաշտպանությունը՝ սպանելով ավելի քան 200 մարդու, այդ թվում՝ խաղաղ բնակիչների։ Շուտով հայտարարվեց անկայուն զինադադար։

Օկամպոն շեշտում է, որ շրջափակումը դադարեցնելու մասին դատարանի պարտադիր որոշումը կատարելու փոխարեն, ադրբեջանական ուժերը հունիսին կրկնապատկեցին իրենց ջանքերը՝ ամբողջությամբ փակելով անկլավը, թույլ չտալով անգամ սննդամթերքի, դեղորայքի և այլ անհրաժեշտ պարագաների տեղափոխումը:

Օկամպոյի խոսքով՝ Ադրբեջանի չենթարկվելը չարագուշակ է։ 1948 թվականի Միջազգային իրավունքի Ցեղասպանության կոնվենցիայում բացատրվում է, որ հանցագործություն կատարելու ձևերից մեկը «մի խումբ մարդկանց համար դիտավորյալ կերպով կյանքի այնպիսի պայմանների ստեղծումն է, որը հաշվարկված է նրանց ամբողջական կամ մասամբ ֆիզիկական ոչնչացման համար»:

Նշվում է, որ, փակելով Լաչինի միջանցքը, Ալիևը Լեռնային Ղարաբաղը վերածել է 120 հազար հայերի համար նախատեսված հսկայական համակենտրոնացման ճամբարի։ Ի՞նչ է լինելու հետո։

Ըստ Օկամպոյի՝ քանի որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հանձնվել են, միջազգային հանրությունը Ալիևին կոչ է արել երաշխավորել անկլավում գտնվող իր հայ քաղաքացիների լիարժեք իրավունքները։

«Ալիևի կառավարությունը հայտարարել է, որ չի իրականացնի էթնիկ զտումներ և վստահեցրել է աշխարհին, որ «վերաինտեգրումը» բարեկեցություն կբերի տարածաշրջանին: Բայց այս հռետորաբանությունը դատարկ խոսակցություն է՝ հաշվի առնելով արդեն արվածը: Իսկ Ադրբեջանի հավակնությունները դուրս են գալիս Լեռնային Ղարաբաղի սահմաններից. 2010 թվականից ի վեր Ալիևը պարբերաբար Հայաստանի տարածքն անվանել է «Արևմտյան Ադրբեջան»՝ կրկնելով Ադրբեջանի վաղեմի պնդումները, որ Հայաստանն ամբողջությամբ անօրինական պետություն է։ Դեռևս դեկտեմբերին նա հայտարարեց, որ «այսօրվա Հայաստանը մեր հողն է»,–ասվում է հոդվածում։

Նախկին դատախազի խոսքով՝ աշխարհը պետք է իր անունով կոչի այս հանցագործությունը։

panarmenian.net

 

Պիտակ