Դեկտեմբեր 03, 2023 19:43 Asia/Tehran
  • Հռոմի պապն առաջարկում է ռազմական ծախսերն ուղղել սովի դեմ պայքարի հիմնադրամին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն առաջարկում է ռազմական արդյունաբերության մեջ ներգրավված միջոցներն ուղղել սովի դեմ պայքարի միջազգային հիմնադրամի ստեղծմանը և դրանք ծախսել կայուն զարգացում ապահովելու համար:

Այս մասին ասված է նրա ելույթում, որը պատրաստվել էր ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսի շրջանակում նրա ելույթի համար:

Առողջական վիճակի պատճառով Հռոմի պապը չի կարողացել ներկա գտնվել կոնֆերանսին: Նրա ելույթն ընթերցել է Վատիկանի պետական քարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը, որը գլխավորել է Սուրբ Աթոռի պատվիրակությունը:

«Որքան էներգիա է ծախսում մարդկությունը պատերազմներում, որոնք բռնկվել են ամբողջ աշխարհում։ Հակամարտությունները չեն լուծում խնդիրները, միայն ավելացնում են դրանք։ Որքան ռեսուրսներ են ծախսվում սպառազինությունների վրա, որոնք քանդում են մեր ընդհանուր տունը։ Առաջարկում եմ ռազմական նպատակներով ծախսվող գումարներով ստեղծել սովի վերացման միջազգային հիմնադրամ և կլիմայի փոփոխությունից տառապող աղքատ երկրներում կայուն զարգացման նախագծեր իրականացնել», - ասված է ելույթի տեքստում:

Հռոմի պապի խոսքով` պետք է «ընդհանուր տան» համար պատասխանատվության զգացում զարգացնել։

 

Պիտակ