Օրբանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հայտարարել է, որ Կիևը չպետք է անդամակցի դաշինքին
(last modified Sun, 14 Jul 2024 06:10:41 GMT )
Հուլիս 14, 2024 09:40 Asia/Tehran
  • Օրբանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հայտարարել է, որ Կիևը չպետք է անդամակցի դաշինքին

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հայտարարել է, որ Ուկրաինան չպետք է անդամակցի դաշինքին։ Տեղեկությունը հայտնում է «Bloomberg»–ը` հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ գործակալության` լիագումար նիստի ընթացքում Օրբանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ներկայությամբ ոչ միայն հրաժարվել է միանալ դաշինքի` Ուկրաինայի համար նախատեսված ռազմական աջակցության խոստումներին, այլև հայտարարել է, որ Ուկրաինան ընդհանրապես չպետք է անդամակցի ՆԱՏՕ-ին։

Որոշ առաջնորդներ հակադարձել են, որ հենց Հունգարիայի պատմությունը ցույց է տալիս, թե ինչու Ուկրաինան պետք է ՆԱՏՕ-ի մաս կազմի:

Ավելի վաղ Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն ասել էր, որ դաշինքին Ուկրաինայի անդամակցությունը հիմա անիրական է։

ՆԱՏՕ-ի` հուլիսի 9-11-ին անցկացված գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում դաշինքի երկրների ղեկավարները հավաստիացրել են, որ եվրաատլանտյան ամբողջական ինտեգրման անշրջելի ճանապարհին, որը ներառում է ՆԱՏՕ-ին անդամակցելը, կշարունակեն աջակցել Ուկրաինային: Միևնույն ժամանակ նրանք հայտարարել են, որ Ուկրաինային դաշինքին միանալու հրավեր կուղարկեն, երբ դաշնակիցները համաձայնության գան և կատարվեն անդամակցության պայմանները: