Շարունակվում է Արևմուտքի և Ռուս պաշտոնյանների լեզվակռիվը / Մոսկվա․ Արևմուտքը ցանկանում է երրորդ համաշխարհային պատերազմ սկսել՝ Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու համար
Pars Today. Նշելով, որ ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ երկրների խոսքերն ու գործողությունները տարբեր են, ռուս պատգամավորն ասել է․ «Արևմուտքը խելագարության է հասել»։
Պետդումայի միջազգային կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին խստորեն քննադատել է Ռուսաստանի հետ պատերազմում Ուկրաինային արևմտյան երկրների աջակցությունը, նշելով․ «Զելենսկու ռեժիմի արևմտյան կողմնակիցները Կիևին դրդում են անցնել կարմիր գծերը, և Մոսկվայի բնակելի թաղամասերի վրա կատարված վերջին հարձակումները դրա ապացույցն են»։
Նա նշել է, որ Մոսկվան պատասխանատվության կենթարկի այն կողմերին, որոնք զինում և աջակցում են Ուկրաինայի ռազմական կառավարությանը։
Սլոցկին նշել է․ «Իր գերիշխանությունը պահպանելու և Ռուսաստանին «ռազմավարական պարտության մատնելու» նպատակով, Արևմուտքը պատրաստ է սկսել Երրորդ համաշխարհային պատերազմը»:
Նրա խոսքով․ «Արևմուտքը կիրառում է երկակի ստանդարտներ և ես ցանկանում եմ բացահայտել դրանց փտած բնույթը։ Խոսելով այն մասին, թե արդյոք ուկրաինացի ֆաշիստներին պե՞տք է թույլ տրվի ռուս խաղաղ բնակիչներին սպանել ամերիկյան զենքով, ԱՄՆ պետքարտուղարը հայտարարեց Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին։
Մի՞թե նրանց թվում է, թե պատժամիջոցներ կիրառելով կարող են երկրներին ստիպել հետևել իրենց»։
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի հետ օրերս կայացած հանդիպման ժամանակ, ԱՄՆ պետքարտուղարն Իրանին մեղադրել է Ռուսաստան բալիստիկ հրթիռներ ուղարկելու մեջ։ Բլինքենի հայտարարությունից հետո, ԱՄՆ-ն ու նրա եվրոպացի դաշնակիցները պատժամիոջցներ են կիրառել Իրանի և Ռուսաստանի նկատմամբ։
Հատկանշական է, որ ավելի վաղ, Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին և ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բերնսը չէին հաստատել Իրանից Ռուսաստան բալիստիկ հրթիռներ ուղարկելու մասին ամերիկյան ԶԼՄ-ներում տարածված լուրերը։
Արձագանքելով այդ պնդումներին, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է․ «Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ Իրանի սկզբունքային դիրքորոշումն անփոփոխ է։ Իսկ արևմտյան որոշ երկրների կողմից Ռուսաստան բալիստիկ հրթիռներ ուղարկելու մասին պնդումները կրկնվում են քաղաքական նպատակներով և անհիմն են»։
Նշելով, որ Թեհրանը երբեք չի եղել ռուս-ուկրաինական պատերազմի կողմ, Քանանին հավելել է․ «Իրանը միշտ աջակցել է այս հակամարտության քաղաքական լուծմանը և երկկողմ բանակցություններին»։