Հայաստանը շարունակում է մնալ սպառման պիկ ժամերին Իրանի էլեկտրաէներգիայի մատակարարման հիմնական տարբերակներից մեկը
Էլեկտրաէներգիայի անհավասարակշռության կառավարման տարածաշրջանային հնարավորությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայաստանը, Թուրքմենստանի հետ միասին, շարունակում է մնալ Իրանի համար էլեկտրաէներգիայի փոխանակման և ներմուծման կարևորագույն ուղղություններից մեկը սպառման պիկ ժամերին։
Այս ներուժը կարող է նպաստել էլեկտրացանցի կայունության պահպանմանը և արդյունաբերական ձեռնարկությունների անխափան գործունեության ապահովմանը։
Dօnyaye Eghtesad-ի հաղորդմամբ՝ թեև Իրանի նավթաքիմիական արդյունաբերության համար Թուրքիայից 450 մեգավատ էլեկտրաէներգիա ներմուծելու նախագիծն առայժմ չի իրականացվի, փորձագետները շեշտում են, որ Իրանը երկար տարիների փորձ ունի հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ էլեկտրաէներգիայի փոխանակման ոլորտում, և այդ համագործակցության ընդլայնումը կարող է դառնալ էլեկտրաէներգիայի պակասի կառավարման լուծումներից մեկը։
Էներգետիկ ոլորտի փորձագետների խոսքով՝ Իրանի աշխարհագրական դիրքը և Հայաստանի, Թուրքմենստանի ու մյուս հարևան երկրների հետ էլեկտրացանցերի փոխկապակցվածությունը հնարավորություն են ստեղծում ձևավորելու տարածաշրջանային էլեկտրաէներգիայի շուկա։ Նրանց գնահատմամբ՝ էլեկտրահաղորդման ենթակառուցվածքների զարգացումն ու հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ էներգետիկ համագործակցության ընդլայնումը ոչ միայն կնվազեցնեն ներքին էլեկտրացանցի ծանրաբեռնվածությունը, այլև կամրապնդեն Իրանի դիրքերը տարածաշրջանային էլեկտրաէներգիայի առևտրում։