ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները մեկնել են Սյունիք. «ԹՐԻՓՓ Հայաստան» էջի առաջին հաղորդագրությունը
https://parstoday.ir/hy/news/world-i249700-ՀՀ_և_ԱՄՆ_պաշտոնյաները_մեկնել_են_Սյունիք._ԹՐԻՓՓ_Հայաստան_էջի_առաջին_հաղորդագրությունը
«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» (ԹՐԻՓՓ) ծրագրի շրջանակում կազմակերպվել է ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաների մասնակցությամբ համատեղ այց դեպի Սյունիք։ Լուրը հրապարակվել է «ԹՐԻՓՓ Հայաստան / TRIPP Armenia» ֆեյսբուքյան էջում։
(last modified 2026-09-01T16:19:05+00:00 )
Սեպտեմբեր 01, 2026 19:30 Asia/Tehran
  • ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները մեկնել են Սյունիք. «ԹՐԻՓՓ Հայաստան» էջի առաջին հաղորդագրությունը

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» (ԹՐԻՓՓ) ծրագրի շրջանակում կազմակերպվել է ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաների մասնակցությամբ համատեղ այց դեպի Սյունիք։ Լուրը հրապարակվել է «ԹՐԻՓՓ Հայաստան / TRIPP Armenia» ֆեյսբուքյան էջում։

«Հայկական կողմից մասնակցում են ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչները, իսկ ամերիկյան կողմից՝ Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը և ԱՄՆ պետքարտուղարության քաղաքականության պլանավորման հարցերով ավագ խորհրդական Ջոն Ասքոնասը»,– ասված է էջում հրապարակված առաջին գրառման մեջ։

Նշվում է, որ պաշտոնյաները նախատեսում են հանդիպել տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների և համայնքների բնակիչների հետ։ Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվելու ԹՐԻՓՓ-ի միջոցով տարածաշրջանային փոխկապակցվածության ամրապնդմանը և նոր հնարավորությունների ստեղծմանը։

Նախատեսվում է նաև այցելություն Մեղրիի մոտակայքում ԹՐԻՓՓ երթուղու համար նախատեսվող վայրեր։

Նշենք, որ Իրանը բազմիցս հայտարարել է, որ միջազգային սահմանների ցանկացած փոփոխություն կամ Իրանի և Հայաստանի միջև ցամաքային կապերի արգելափակում Թեհրանի կարմիր գիծն է, և որ տարածաշրջանի կոլեկտիվ անվտանգությունը պետք է հիմնված լինի դաշտային իրողությունների և պատմական սահմանների պահպանման վրա։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: