Մարտ 19, 2022 20:13 Asia/Yerevan

Իրանահայ կոմպոզիտոր, դիրիժոր Լորիս ճգնավորյան․

Բարև Ձեզ Թանկագին բարեկամներ: Նախորդ հաղորդման ընթացքում ներկայացրինք Իրանահայ կոմպոզիտոր և դիրիժոր մայեստրո Լորիս Ճգնավորյանի կենսագրությունը և խոսեցինք նրա ստեղծագործությունների մասին: Ինչպես խոստացել էինք այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Հայաստանում նրա ծավալած մշակութային գործունեությանը:

Ինչպես Մայեստրոն է պատմում , նա ԱՄՆ-ում եղած ժամանակ, երբ լսում է, որ Հայաստանում ինչ դժբախտ պատահար է տեղի ունեցել և ահավոր երկրաշարժը ամբողջությամբ ավերել է Հայաստանի մի շարք քաղաքներ և հայրնակիցները գտնվում են խոր ճգնաժամային իրավիճակում, որոշում է գալ, բնակվել Հայաստանում և ծառայել իր ժողովրդին: Հայաստանի ժամանակի պատասխանատուների խոսքերով՝ մայեստրոն առաջին սփյուռքահայն է եղել, որ այդ դժվար օրերին եկել է ապրել Հայաստանում ու ծառայել ժողովրդին:

Ճգնավորյանը 12 տարի ապրում է Հայաստանում և այդ տարիներին իրականացնում է բազմաթիվ ծրագրեր:Դեռ ԽՍՀՄ-ի իշխանության տարիներին Ճգնավորյանը իր մեծ ժողովրդականության շնորհիվ կարողանում է իրականացնել մի շարք գործեր, որոնք անհնար էին թվում ոմանց: Նա Լենինի փողոցի անունը փոխել է տալիս Մաշտոցի անվան, և Կարմիր բանակի փողոցը վերափոխել է տալիս Գրիգոր Լուսավորչի անվան:Ճգնավորյանը իր կյանքում միշտ համոզված է եղել, որ հավատն ու մշակույթը մնայուն տարրեր են և մյուս բոլոր խնդիրները ժամանակավոր են:

Հայաստանում մայեստրո Լորիս ճգնավորյանի կարևոր քայլերից մեկը երաժիշտների նոր սերունդ պատրաստելն է եղել: Ճգնավորյանը անում է մի անսովոր քայլ: Նա հայտարարում է, որ բոլոր երիտասարդ կատարողները գան և ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ նվագեն, ընդորում այդ ժամանակ պրոֆեսորներից և դասատուներից բացի երիտասարդ կատարողների հազվադեպ էին հրավիրում:

Ինչպես ճգնավորյանն է ասում այդ հրավերն ընդառաջվում և գալիս են 9, 10, 12 տարեկան և առհասարակ պատանի ու երիտասարդ հոյակապ կատարողները: Այդ համերգների ընթացքում հայտնաբերվում ու դաստիարակվում են երիտասարդ երաժիշտներ ապագայի հայտնի կատարողներ ինչպես՝ Ալեքսանդր Չավուշյանը Վարդան Մամիկոնյանը, Վահան Մարտիրոսյանը, Լիլիթ Դանիելյանը և ուրիշներ: Այս կապակցությամբ լսենք Արվեստագիտության դոկտոր պրոֆեսոր Վալենտին Թովմասյանին:

Հայաստանում եղած տարիներին Լորիս Ճգնավորյանը Երկրաշարժից տուժածներին օգնելու համար կազմակերպում է դրամահավաք: Սակայն նա ուրիշ կերպ էր նայում ժողովրդին օգնելու հարցին: Նա համոզված էր, որ նախ պետք է ժողովրդին հանել սգից ու դեպրեսիայից: Դրամահավաքի ընթացքում ձեռք բերված գումարը ծախսվում է Գյումրու մշակույթի կենտրոնը հիմնելու համար, որտեղ պիտի արվեստի հետ առնչվեր մատաղ ու նոր ծլարձակող սերունդը: Լորիս Ճգնավորյանի և իր ուղեկիցների ջանքերով նաև Գյումրին ունենում հեռուստակայան:

1991թ. հունիսի 1-ին մեկնարկեց ուխտագնացությունը դեպի Գյումրի: Ժողովուրդը ամեն կերպ փորձում էր օգնել ավերածությունների վերակառուցման աշխատանքին և այդ ընթացքում հավաքվեց 15 մլն. ռուբլի: Հավաքված հանգանակությամբ ստեղծվեց Շիրակի հեռուստաընկերությունը, մասնակի վերանորոգվեց Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը, շարունակեցին գործել պարի համույթն ու պետական թատրոնը, ստեղծվեցին սիմֆոնիկ նվագախումբ և երգչախումբ, հիմնվեց Գյումրիի մշակույթի կենտրոնը։ Լորիս ճգնավորյանի և Հայկական բարեգործական ընդհանուր միության(ՀԲԸՄ) նախագահ Լուիզ Սիմոն Մանուկյանի օգնությամբ հաջողվեց ավարտել  նախատեսածը և 1997թ. հոկտեմբերի 1-ին բացվեց Գյումրիի արվեստների ակադեմիան:

Լորիս Ճգնավորյանն այդ տարիներին հեղաշրջեց Հայաստանի մշակութային կյանքը: Նրա գործունեության մասին լսենք Արամ Խաչատրյան համերգասրահի տեխնիկական հանձնախմբի անձնակազմի ժամանակի ղեկավար Ռոբերտ Միրզոյանին:

Ֆիլարմոնիկ նվագախմբի առաջընթացի մասին լսենք Վալենտին Թոմասյանին․

Գյումրիի Մշակույթի կենտրոնի հիմնադրման ու դեպի Գյումրի ուխտագնացության մասին արտահայտվել է Շիրակի մարզպետի ժամանակի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը;Լսենք նրան։ 

Օպերայի հրապարակից ուխտագնացության մեկնարկը այսպես է նկարագրել Ռոբերտ Միրզոյանը: Լսենք նրան:

Լորիս Ճգնավորյանը մեծ ազդեցություն է ունենում Հայաստանի անկախության հանրաքվեի արդյունքների վրա: Նա բոլոր համերգներում խրախուսում էր ժողովրդին այս հարցում: Ճգնավորյանը նաև մեծ դեր ունեցավ Հայաստանի որպես հիմն ընդունման հարցում։ Նա խորհրդարանում  հանդես է եկել ելույթով:Լսենք ելույթից մի հատված:

Լորիս Ճգնավորյանի գործունեության մասին լսենք Կոմպոզիտոր Երվանդ Եկարյանի արտահայտությունները: 

Դեպի Գյումրի ուխտագնացության և Լորիս ճգնավորյանի գործի՝ որպես մնայուն արժեքի մասին լսենք Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի ժամանակի փոխտնօրեն Աշոտ Պետրոսյանին: 

Նրանք ովքեր ինչ-որ առիթով աշխատել են մայեստրոյի հետ վկայում են, որ նրա էներգիան անսպառ է: Նա լցված է սիրով ու էներգիայով իր գործի նկատմամբ և ցանկացած գործ անելիս, ինչպես իր որդին կինոռեժիսոր Զարեհ ճգնավորյանն է ասում, այն պետք է անի հարյուր կամ նույնիսկ հարյուր տաս տոկոսով:

Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո առաջին սիմֆոնիկ նվագախումբը, որ Ժամանեց Թեհրան, Լորիս Ճգնավորյանի գլխավորած Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբն էր 1991թ. կեսերին:

Լորիս Ճգնավորյանը նույնպես ղեկավարել է Թեհրանի սիմֆոնիկ նվագախումբը։ 

Լորիս Ճգնավորյանի մասին լսենք իրանահայ կոմպոզիտոր և դիրիժոր մայեստրո Ռազմիկ Օհանյանին: 

Հարգելի բարեկամներ այս երկու հաղորդումների ընթացքում փորձեցինք ամփոփ ներկայացնել մայեստրո Լորիս Ճգնավորյանի գործունեությունը: Հուսով ենք այն արժանացել է ձեր հավանությանը:

 

Պիտակ