Հունվար 25, 2023 11:42 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ:Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում անդրադառնալու ենք անցած շաբաթ մշակույթի և արվեստի ոլորտում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններին:

 Լիբանանի Այնճար գյուղի հոգևոր հովիվ Հայր Մեսրոպ վարդապետ Թոփալյանը, որը բազմաթիվ աշխատությունների հեղինակ է, հունվարի 18-ին դարձավ Հայաստանի գրողների միության պատվավոր անդամ և գրական վաստակի համար ՀԳՄ մեդալի արժանացավ:

Միջոցառմանը Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց՝ ծանոթացել է հեղինակի «Դանիէլ Վարուժան՝ հոգեբանութեան ծիրէն ներս» գրքին, որում բազմաթիվ հարցերի պատասխաններ է գտել: «Սա հրաշալի գիրք է, և ես զարմացած եմ, որ գրված է համահայկական միջավայրում, սակայն գիտական աշխատանքներին պատշաճ չեն արձագանքել: Մենք կարծում ենք՝ ճանաչում ենք մեր սփյուռքահայ ստեղծագործողներին, սակայն բացթողումներ են լինում: Կան մեծանուն ստեղծագործողներ, սակայն նրանց անուններն ու ստեղծագործություններն այնքան էլ տարածված չեն»,-շեշտեց Միլիտոնյանը:

Նրա խոսքով՝ Հայր Մեսրոպ վարդապետ Թոփալյանն ավելի քան 70 աշխատությունների հեղինակ է: Ըստ Միլիտոնյանի՝ նա մեծ ներդրում ունի հայ գրական, մշակութային, հոգևոր ասպարեզների զարգացման գործում:

Միջոցառմանը ներկա էր Մարոկկոյում և Թունիսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանը, որի միջնորդությամբ կազմակերպվել էր պարգևատրման արարողությունը: Դեսպանն իր աշխատանքային գործունեության ընթացքում բազմիցս հանդիպել է Հայր Մեսրոպ վարդապետ Թոփալյանի հետ, և միշտ հիացել է նրա գիտական հետազոտություններով ու զարմացել, որ նման բարձրակարգ մտավորականը հայաստանյան շրջանակներում այնքան էլ հայտնի չէ: «Հենց դա ինձ մղեց փորձել այստեղ ծանոթացնել նրա կատարած վիթխարի աշխատանքին: Նա մեն-մենակ մի ամբողջ ինստիտուտի աշխատանք է  կատարել: «Դանիէլ Վարուժան՝ հոգեբանութեան ծիրէն ներս» հաստափոր հատորը նրա լայնածավալ  գործունեության պերճախոս վկայությունն է»,-ընդգծեց Փոլադյանը՝ բեղուն գործունեություն մաղթելով Հայր Մեսրոպ վարդապետ Թոփալյանին, որի մի շարք գրքերի հրատարակմանն աջակցել է  Գրիգոր Ջաբուրյանը:

 

Շաբաթ օրը, մշակութային և գեղարվեստական ոլորտների ղեկավարների և արվեստագետների մասնակցությամբ, Թեհրանի Վահդաթ սրահում, կայացել է Ֆաջր թատերական 41-րդ փառատոնի բացումը:

Միջոցառմանը կայացել է  բեմական, փողոցային և միջազգային ցուցադրությունների բաժինների բացման և միաժամանակ՝ փառատոնի ռադիոթատրոնի, դրամատուրգիական և հետազոտական բաժինների փակման արարողությունը։Փառատոնի առաջին օրը, բեմական ներկայացում և փողոցային թատրոն բաժիններում, կկայանա 12 ներկայացում:Փառատոնի տնօրեն Քուրոշ Զարեհի ղեկավարությամբ 10 օր շարունակ կայանալիք փառատոնի շրջանակներում, հանդիսատեսին կներկայացվի 113 բեմականացում՝ ռադիոթատրոն, բեմական ներկայացում, փողոցային թատրոն, միջազգային, դրամատուրգիա, հետազոտություն, «Հետադարձ հայացք» բաժիններում:

Երգահան և պրոդյուսեր Զառա Պետրոսյանի «Խաղ ու պար» մանկապատանեկան երգերի ժողովածուում ընդգրկվել են 24 երգի նոտագրումներ, բառեր, ինչպես նաև դրանց գործիքավորումներ, որոնք հասանելի են QR կոդերի միջոցով։

Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ հունվարի 21-ին Գեղագիտության ազգային կենտրոնում:

Ժողովածուն պատրաստվել է «երեխաների կողմից, երեխաների համար» սկզբունքով. այն ամբողջությամբ նկարազարդել են Հովհաննես Գասպարյանի, Քրիստինա Ավետիսյանի և Մարինա Շահումյանի գեղարվեստական ստուդիաների սաները։

«Երեխաների հետ աշխատանքը, նրանց տաղանդների բացահայտումն ինձ ոչ միայն տալիս է ապրելու ու արարելու կորով, այլև նրանց դարձնում է իմ ստեղծագործությունների համահեղինակ. ես ոգեշնչվում եմ հենց մեր հրաշք բալիկների հետ աշխատանքով։ Այս գիրքը տարբեր տարիներին գրված ստեղծագործություններիս ընտրանին է։ Սրանով ցանկանում եմ երգերն առավել մատչելի դարձնել մեր երկրում բնակվող, երաժշտական ներուժ ու ձիրք ունեցող բոլոր երեխաների համար։ Դա է պատճառը, որ նախատեսում ենք այն տարածել հայաստանյան դպրոցներով՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ժողովածուն երաշխավորված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ որպես ուսումնական նյութ»,- նշում է Զառա Պետրոսյանը։

Դաշնամուրային նվագակցության հեղինակը Լիանա Փիրումյանն է, գրքի ձևավորումն իրականացրել է Հասմիկ Մովսիսյանը։

Երևանյան շնորհանդեսը տեղի կունենա Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։ Հաջորդ շնորհանդեսները նախատեսվում են Շիրակի մարզում, Սյունիքում և այլ մարզերում։ Ժողովածուն լույս է տեսել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կրթական նախաձեռնությունների աջակցության ծրագրերի շրջանակում։ 

Image Caption

«Լրատուն» մեդիա թանգարանի «Հակամարտության լրագրության դրվագներ» ցուցադրությանն այցելուները կարող են տեսնել «Արմենպրես» պետական լրատվական գործակալության, այլ լրատվականների, անհատ լուսանկարիչների աշխատանքներ, որոնք պատմում են այն արհավիրքների մասին, որոնց միջով անցել է հայ ժողովուրդը 1988 թվականից ի վեր:

Ցուցասրահում տեղադրված հպէկրանների միջոցով էլ կարելի է գտնել արխիվային տեսանյութեր, տպագիր մամուլի օրինակներ, ռադիոհաղորդումներ, լուսանկարներ ու հոդվածներ, վերլուծություններ, վավերագրական ֆիլմեր ու մուլտիմեդիա նախագծեր, որոնք ևս լրագրողների աչքերով անդրադառնում են Ղարաբաղյան հակամարտությանը:

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հունվարի 20-ին Հայաստանի նկարիչների միությունում:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչ, Media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանի խոսքով՝ իրենց թիմն աշխատել է  անկախության տարիներին հակամարտության թեմաներով նյութերը հավաքելու և լրագրողների աշխատանքները հանրությանը ներկայացնելու ուղղությամբ: «Դա թեմա է, որն ընդգրկուն է, և հնարավոր չէ ամբողջ ինֆորմացիան հավաքել, ինչի համար տարիներ են անհրաժեշտ, ուստի ցուցադրել ենք դրվագներ: Պատերին փակցված լուսանկարները ցուցադրության փոքր մասն են»,-նշեց նա և այցելուներին առաջարկեց մոտենալ հպէկրաններին՝ վստահեցնելով, որ, ծանոթանալով դրանց բովանդակությանը, նրանք դժվարությամբ կհեռանան ցուցասրահից:

Սև ծովի ափին գտնվող Վառնա քաղաքում կհիմնադրվի բուլղարահայ մշակութային տեղեկատվական կենտրոն։ Որոշումն ընդունվել է հայկական ամենամյա Սուրբ Ծննդյան բարեգործական միջոցառման ժամանակ: Նոր կենտրոնի առաջին միջոցառումը կլինի Քրիստինա Ազնավուրի համերգը Բուլղարիայում Ֆրանսիայի և Հայաստանի դեսպաններ Ժոել Մեյերի և Արմեն Եդիգարյանի հովանավորությամբ՝ ապրիլի 30-ին։

Քննարկվել է նաև 1977-1983 թթ. Վառնայի բժշկական համալսարանի դեկան և ռեկտոր, դոկտոր պրոֆեսոր Կարապետ Կապրելյանի անվամբ փողոց անվանակոչելու և նրա խորաքանդակը տեղադրելու նախաձեռնությունը: Կապրելյանը եղել է վիրուսաբանության ամբիոնի և քաղաքի մի քանի հիվանդանոցների հիմնադիրը։ Ներկայում նրա որդին «Բարեգործական» համահայկական միության խորհրդի փոխնախագահն է։

ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրը՝ հունվարի 27-ին, տեղի կունենա «Մանսուրյան․ խոսքի և մեղեդու խաչմերուկին» խորագրով համերգ, որի ընթացքում կներկայացվեն մաեստրո Մանսուրյանի ստեղծագործությունները.

«8 հայրեն սիրո, պանդխտության և լուսնյակ գիշերների» ստեղծագործությունը համաշխարհային պրեմիերա է, իսկ «Օրհներգ - Նավապետ Բարի»-ն, որ գրվել է Մեսրոպ Մաշտոցի խոսքերով, Հայաստանում կներկայացվի առաջին անգամ։ Համերգի մասնակիցներն են Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Երևանի պետական կամերային երգչախումբը, մենակատար՝ Տիգրան Քախվեջյան (բարիտոն), ասմունքող՝ Բաբկեն Չոբանյան։ Երեկոն կղեկավարի դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը։ Համերգը կազմակերպվում է Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի շրջանակներում։ Նախագծի կազմակերպիչն է «Կողբ» հիմնադրամը, գլխավոր հովանավորն է Ֆասթ Բանկը, հովանավորներն են Team Telecom Armenia և Տրանսիմպեքս (FedEx) ընկերությունները։

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցած մամուլի ասուլիսը նվիրված էր առաջիկա համերգին և մանսուրյանական մրցույթին։ 

Մաեստրո Մանսուրյանը, անդրադառնալով հունվարի 27-ին կայանալիք համերգին, ընդգծեց, որ այն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ իր տարեդարձի օրն առաջին անգամ հնչելու են երկու կարևոր ստեղծագործություններ, ինչն իր համար չափազանց հուզիչ է։ Ստեղծագործություններից մեկը, որի հիմքում մաշտոցյան օրհներգերն են, կոմպոզիտորը գրել է Չեխիայի նվագախմբերից մեկի պատվերով, և առաջին անգամ հնչել է անցյալ տարի։ Հեղինակը նկատեց, որ հայրենների համար մեղեդի գրելն իր երազանքն է եղել։ «Երիտասարդ էի, երբ գրեցի իմ 4 հայրենները ձայնի և դաշնամուրի համար։ Մշտական պահանջ ունեի կրկին անդրադառնալու հայրեններին։ Մլքեյանի հետ երկար տարիներ ենք համագործակցում, ինչը լավ հիմք հանդիսացավ շարունակելու այդ աշխատանքն արդեն նոր ստեղծագործություններով։ Արդյունքում ունենք «8 Հայրեն սիրո, պանդխտության և լուսնյակ գիշերների»,- ասաց Տիգրան Մանսուրյանը։

Image Caption

«Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է դեկտեմբերի վաճառքների հիման վրա:

Առաջին հորիզոնականում է Մարկ Արենի «Սուրբծննդյան հրեշտակը» վիպակը: Ամեն տարի Սուրբ Ծնունդին հրեշտակները երկնքից իջնում են երկիր՝ մարդկանց երազանքներն իրականացնելու: Բայց օգնել կարողանում են միայն նրանց, ում տեսնում են: Հրեշտակն օգնության է հասնում Քրիստինեին, նրանք սիրահարվում են միմյանց: Հրեշտակը կանգնում է երկընտրանքի առաջ.կա՛մ թողնել իր մեծ սերը և վերադառնալ երկինք, կա՛մ մնալ երկրի վրա և դառնալ սովորական մահկանացու... Թարգմանիչ՝ Հովհաննես Այվազյան:

Էլիզաբեթ Գիլբերթի «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը երկրորդ տեղում է։ Ամերիկուհի գրող Էլիզաբեթ Գիլբերթի հուշագրություններն ամփոփող «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը կանացի ուխտագնացություն է, զգայական հաճույքի, հոգևոր լուսավորման ու կենսական Ներդաշնակության փնտրտուք Իտալիայի, Հնդկաստանի ու Ինդոնեզիայի մշակութային ոլորաններում։ Սրամտությամբ, ինքնահեգնանքով, ազատագրության մղումով լի այս ներաշխարհային ճամփորդությունը կենտրոնացնում է ընթերցողի ուշադրությունը էականի վրա, շեղում անկարևորից, ձևակերպում պոստֆեմինիստական աշխարհում ապրող ու առաջին հայացքից երջանիկ կյանք վարելու բոլոր նախադրյալներն ունեցող կնոջ խնդիրը, օրակարգ բերում հարցեր, որոնց շուրջ քանիցս մտորելու անհրաժեշտություն կա, ու առաջարկում դասեր, որոնք միանգամայն փոխադրելի են ժամանակի ու տարածության մեջ։ Թարգմանիչ՝ Լիլիթ Հայրապետյան։

Երրորդ տեղում է Ագաթա Քրիստիի «Եվ ոչ ոք չմնաց...» վեպը: Հեղինակն այն բնորոշել է որպես իր ստեղծագործություններից ամենադժվարը: Այն մոտ 100 միլիոն տպաքանակով համարվում է աշխարհի ամենավաճառված դետեկտիվ վեպը և ամենաշատ վաճառված գրքերից մեկն առհասարակ: Հրատարակվել է Մեծ Բրիտանիայում 1939թ.՝ «Տասը փոքրիկ սևամորթներ» վերնագրով: Մեկ տարի անց հրատարակվել է ԱՄՆ-ում՝ «Եվ ոչ ոք չմնաց...» վերնագրով, որով էլ հետագայում հայտնի դարձավ ամբողջ աշխարհում: Տասը հոգի՝ միմյանց անծանոթ և առաջին հայացքից իրար հետ ոչ մի կապ չունեցող, հայտնվում են Սոլջըր Այլենդում՝ Զինվորի կղզում, որտեղ նրանց սպասում են տասը զինվորների ճենապակե արձանիկներով լի սկուտեղն ու անլուծելի առեղծվածը, թե ինչու են իրենց հրավիրել այդտեղ: Թարգմանությունը՝ Էլիզա Սարգսյանի:

Չորրորդ տեղում է Ագաթա Քրիստիի «Մահ Նեղոսի վրա» գիրքը։ Քրիստիի «Մահ Նեղոսի վրա» վեպը դետեկտիվ ժանրի համաշխարհային բեսթսելերներից է։ Գործողությունները զարգանում են հռչակավոր խուզարկու Էրքյուլ Պուարոյի աչքի առջև, որը հերթական անգամ ակամա հայտնվում է դեպքերիկիզակետում: Մեծահարուստների եգիպտոսյան անհոգ ճամփորդությունը փոթորկվում է մեղրամիսը վայելող երիտասարդ, հարուստ ու հաջողակ Լինեթ Ռիջուեյի սպանությամբ։ Մի բան է միայն ստույգ. հանցագործը նավի ուղևորներից է։ Իմաստուն խուզարկուն, գործի դնելով վերլուծության իր հոգեբանականմեթոդները, պետք է բացահայտի մարդասպանին, որին ոչ ոք չի կասկածում: Թարգմանությունը՝ Գոհար Մադոյանի։

Հինգերորդ տեղում է Ալեքս Մայքլիդիսի «Լռակյաց հիվանդը»: Ալիսիա Բերենսոնի կյանքը, թվում է, կատարյալ է: Հայտնի նկարչուհին ամուսնացած է նորաձևության ոլորտում հանրահայտ լուսանկարչի հետ, ապրում է Լոնդոնի հեղինակավոր թաղամասում: Մի օր, ուշ երեկոյան, ամուսինը՝ Գաբրիելը, վերադառնում է նկարահանումից, և Ալիսիան 5 անգամ կրակում է նրա դեմքին, ինչից հետո այլևս ոչ մի բառ չի արտասանում: Ալիսիան հրաժարվում է խոսել կամ որևէ կերպ բացատրել եղելությունը, ինչի պատճառով ընտանեկան ողբերգությունը վերածվում է մեծ առեղծվածի, որը բորբոքում է հանրության երևակայությունը։ Ալիսիան անմիջապես հայտնի է դառնում, իսկ նա՝ լռակյաց հիվանդը, գովազդային վահանակներից ու հանրության ուշադրությունից թաքնվում է հոգեբուժարանում: Թեո Ֆաբերը քրեական հոգեթերապևտ է. նա երկար է սպասել Ալիսիայի հետ աշխատելու հնարավորությանը: Որոշել է ստիպել, որ Ալիսիան խոսի և բացահայտի, թե ինչու է սպանել ամուսնուն: Թարգմանիչ` Աստղիկ Աթաբեկյան:

Ագաթա Քրիստիի «Սպանություն գոլֆի դաշտում» գիրքը վեցերորդ տեղում է։ «Սպանություն գոլֆի դաշտում» վեպը Ագաթա Քրիստիի երրորդ գիրքն է և նրա ամենահայտնի ստեղծագործություններից մեկը: Առաջին անգամ լույս է տեսել 1923 թվականին Մեծ Բրիտանիայում: Մեծահարուստ Պոլ Ռենոյի նամակը Լոնդոնում հաստատված և արդեն մասնավոր գործեր հետաքննող Էրքյուլ Պուարոյին բերում է Ֆրանսիա: Սակայն տեղ հասնելով՝ բելգիացի հռչակավոր խուզարկուն պարզում է, որ իր հաճախորդը սպանված է, իսկ նրա դիակը հայտնաբերվել է գոլֆի դաշտում՝ թիկունքից դաշունահար: Թարգմանությունը՝ Քրիստինե Չիլինգարյանի։

Յոթերորդ տեղում է Ագաթա Քրիստիի «Անվերջանալի գիշեր»-ը։ Ագաթա Քրիստիի «Անվերջանալի գիշեր» վեպն առաջին անգամ լույս է տեսել 1967 թվականին։ Վերնագրի ընտրության հարցում հեղինակին ոգեշնչել են անգլիացի բանաստեղծ Ուիլյամ Բլեյքի «Անմեղության երգեր» բանաստեղծության տողերը։ Քրիստին մի առիթով խոստովանել է, որ «Անվերջանալի գիշերն» իր ամենասիրելի ստեղծագործությունն է, և թեպետ իր վեպերը սովորաբար գրում է երեք-չորս ամսում, այս մեկն ավարտին է հասցրել վեց շաբաթվա ընթացքում։ Թարգմանությունը՝ Արփինե Վարդանյանի։

Ագաթա Քրիստիի «Սպանություն Վիկարի տանը» ութերորդ տեղում է։ «Սպանություն Վիկարի տանը» վեպը Ագաթա Քրիստիի առաջին մեծածավալ ստեղծագործությունն է, որտեղ հանդիպում ենք ամենատես միսս Մարփլի կերպարին: Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1930 թվականին: 1949-ին որպես պիես բեմադրվել է Լոնդոնի «Փլեյհաուս» թատրոնում: Միսս Մարփլի դերը կատարում էր հանրահայտ Բարբարա Մալենը: Թարգմանությունը՝ Շուշան Փայտյանի։

Իններորդ տեղում է Խալեդ Հոսեյնիի «Օդապարուկ թռցնողը»: Աֆղանստանի լեռները խաղաղ էին մի ժամանակ, և մայրաքաղաք Քաբուլը՝ հարուստ, բարեկեցիկ ու կանչող: Օդապարուկ թռցնելու ամենամյա մրցույթին սպասում էին բոլորը՝ անկախ ծագումից ու դիրքից: Ամիրի համար այդ մրցույթն իր հոր՝ Բաբայի ուշադրությունն ու հարգանքը նվաճելու միակ հնարավորությունն էր, և վերջապես նա հաղթում է իր ընկեր ու սպասավոր Հասանի զոհողության շնորհիվ: Հաղթանակն անդառնալիորեն փոխում է տղաների կյանքը՝ բաժանելով նրանց մինչև այն պահը, երբ Ամիրի համար «կրկին լավը դառնալու հնարավորություն կար»: Թարգմանությունն անգլերենից` Մարիա Սադոյանի:

Ագաթա Քրիստիի «Կապույտ գնացքի առեղծվածը» տասներորդ տեղում է։ Մեծահարուստ տիկնոջը դաժանորեն խեղդամահ են արել գնացքի իր խցիկում, իսկ նրա թանկարժեք սուտակներն անհետացել են: Սովորական կողոպո՞ւտ, թե՞ շատ ավելի խճճված մի պատմություն. բացահայտումը մնում է արդեն հանգստի անցած խուզարկու Էրքյուլ Պուարոյին: Թարգմանությունը՝ Գոհար Մադոյանի։