Ռոհանի. Իրաքում անվտանգությունն ու կայունությունն Իրանի անվտանգությունն է
ԻԻՀ նախագահը նշել է, որ Իրաքի անվտանգությունն ու կայունությունն Իրանի անվտանգությունն է: Նա կարևորել է երկու երկրի համագործակցությունը թաքֆիրական ու ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում:
Երկուշաբթի օրը, Իրաքի վարչապետ Մուստաֆա Ալ-Քազեմիի հետ հեռախոսազրույցում, Իրաքի ժողովրդին ու կառավարությանը շնորհավորելով Ֆեթրի տոնի առիթով, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը և երկու երկրի համագործակցությունը կարևոր է ահաբեկչական այդ խմբավորմանը դիմագրավելու հարցում»:
Նշելով, որ ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ը երկակի խաղ է խաղում և Իրաքի ու Սիրիայի սահմաններում նրանց գործելակերպն անորոշ է, Ռոհանին ասել է.«Ամերիկացիները միշտ կործանիչ դեր են ունեցել տարածաշրջանում և Իրաքում նրանց ներկայությունը չի նպաստելու այդ երկրի անվտանգությանն ու կայունությանը»:
Իրաքի վարչապետը կարևորել է տարածաշրջանում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ լուրջ պայքարը, Թեհրան-Բաղդադ երկկողմ ու տարածաշրջանային հարաբերությունների ընդլայնումը և Իրաքում Իրանի դիվանագիտական կենտրոնների դեմ հարձակվողներին պատժելը: