Ամիր Աբդոլլահյանը դրական է գնահատել մոսկովյան քառակողմ հանդիպումը
ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանը դրական է գնահատել մոսկովյան քառակողմ հանդիպումը, հավելելով. «Հանդիպմանը դրական առաջընթաց է գրանցվել Թուրքիայի և Սիրիայի տեսակետները մերձեցնելու հարցում»:
Մոսկվայից մենկելուց առաջ լրագրողների հետ ճեպազրույցում Աբդալլահյանը նշել է. «Այցի շրջանակներում առանձին հանդիպումներ եմ ունեցել Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի արտգործնախարարների հետ: Քննարկումներ են ծավալվել երկկողմ հարաբերությունների ընդլայնման, ինչպես նաև տնտեսական և առևտրային համագործակցության վերաբերյալ»։
Աբդոլլահյանը հավելել է. «Հանդիպումներում անդրադարձ է կատարվել նաև ՌԴ և Թուրքիայի նախագահների հետ ԻԻՀ նախագահի առանձին հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների գործադրմանը»:
Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ անցած տարի Իրան-Թուրքիա և Իրան-ՌԴ հարաբերություններում դրական զարգացումներ են գրանցվել, և երկու երկրների հետ Իրանի առևտրային հարաբերությունների ծավալն աճում է:
Չորեքշաբթի օրը Մոսկվայում կայացած քառակողմ հանդիպման ավարտին Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիայի ԱԳ նախարարները համատեղ հայտարարությամբ ընդգծել են Սիրիայի տարածքային ամբողջականությունը հարգելու, այդ երկրի ներքին գործերին չմիջամտելու և ահաբեկչության բոլոր ձևերի դեմ պայքարի, ինչպես նաև Սիրիային միջազգային օգնության ծավալները մեծացնելու անհրաժեշտությունը: