Իրանում ՀՀ դեսպան. Երկու ազգերի մշակութային պատմությունն ապագա ամուր հարաբերությունների հիմնաքարն է
https://parstoday.ir/hy/news/iran-i238732-Իրանում_ՀՀ_դեսպան._Երկու_ազգերի_մշակութային_պատմությունն_ապագա_ամուր_հարաբերությունների_հիմնաքարն_է
Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը, անդրադառնալով երկու ազգերի միջև երկարամյա հարաբերություններին, այդ հարաբերությունները բնութագրել է որպես խորը արմատներ ունեցող և անկեղծ՝ հավելելով, որ երկու երկրների միջև կապը միայն քաղաքական կամ տնտեսական չէ, այլ ձևավորվել է մարդկային և մշակութային շերտերում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 02, 2025 06:53 Asia/Tehran
  • Իրանում ՀՀ դեսպան. Երկու ազգերի մշակութային պատմությունն ապագա ամուր հարաբերությունների հիմնաքարն է

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը, անդրադառնալով երկու ազգերի միջև երկարամյա հարաբերություններին, այդ հարաբերությունները բնութագրել է որպես խորը արմատներ ունեցող և անկեղծ՝ հավելելով, որ երկու երկրների միջև կապը միայն քաղաքական կամ տնտեսական չէ, այլ ձևավորվել է մարդկային և մշակութային շերտերում։

Սպահանի քաղաքապետարանում կայացած հանդիպման ժամանակ, Հակոբյանը գոհունակություն է հայտնել այցի կապակցությամբ, նշելով, որ Սպահանն Իրանի պատմության և մշակույթի մեջ առանձնահատուկ տեղ ունեցող քաղաք  է։ Նա բարձր է գնահատել քաղաքային իշխանության ջանքերը Սպահանում, հատկապես՝ Նոր Ջուղա հայկական թաղամասում հայերի պատմական ժառանգությունը պահպանելու ուղղությամբ։

Հակոբյանը նաև ընդգծել է հայ համայնքի կարևոր դերն Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդման գործում՝ նշելով, որ հայերի ներկայությունն Իրանում կամուրջ է հանդիսացել երկու երկրների միջև։ Նա հավելել է, որ ներկայիս հարաբերությունները երկու ազգերի միջև դարավոր խաղաղ համակեցության արդյունք են։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է երկկողմ համագործակցության զարգացման մեծ ներուժը։ ՀՀ դեսպանն առաջարկել է ընդլայնել Սպահանի և Երևանի միջև փոխգործակցությունը քաղաքային կառավարման, մշակույթի, արվեստի և զբոսաշրջության ոլորտներում և ընդգծեց երկու քաղաքների միջև քույրական հարաբերությունների հաստատման կարևորությունը: Նա հայտարարեց ՀՀ դեսպանության պատրաստակամության մասին՝ աջակցելու երկու քաղաքների միջև համատեղ նախագծերին և առաջարկել է մոտ ապագայում իրականացնել քաղաքային և մասնագիտացված պատվիրակությունների փոխադարձ այցեր:
Դեսպան Հակոբյանը հավելել է, որ Սպահանի և Երևանի միջև մշակութային և քաղաքային համագործակցության ամրապնդումը կարող է ծառայել որպես հաջող մոդել երկկողմ հարաբերությունների խորացման համար և հիմք դնել բարեկամության և համագործակցության ընդլայնման համար այլ ոլորտներում: