Մամուլի տեսություն 12.10.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i112437
«Արմանե Մելլի» օրաթերթը «Ազատությունը մարզադաշտը ժպտում է կանաց» խորագրով հոդվածում գրել է.«Հինգշաբթի անմոռանալի օր դարձավ Իրանի պատմության մեջ: Այս օրը, կանայք առաջին անգամ տոմսեր գնեցին ու գնացին Ազատություն մարզադաշտ՝ դիտելու ֆուտբոլային խաղը:
(last modified 2025-05-26T15:19:34+00:00 )
Հոկտեմբեր 12, 2019 18:07 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 12.10.2019

«Արմանե Մելլի» օրաթերթը «Ազատությունը մարզադաշտը ժպտում է կանաց» խորագրով հոդվածում գրել է.«Հինգշաբթի անմոռանալի օր դարձավ Իրանի պատմության մեջ: Այս օրը, կանայք առաջին անգամ տոմսեր գնեցին ու գնացին Ազատություն մարզադաշտ՝ դիտելու ֆուտբոլային խաղը:

«Քեյհան»

Կարմիր ծովում Իրանի նավթատարի վրա հարձակումը՝ հիմարություն, որ անպատասխան չի մնալու

Ուրբաթ առավոտյան իրանական SABLITY նավթային լցանավը Ջեդդայի նավահանգստից 60 մղոն հեռավորության վրա հրթիռային հարձակման թիրախ է դարձել: Հարձակումից ժամեր հետո հաղորդումները վկայում էին, որ նավթատարի երկու հիմնական տանկերը վնասվել են և նավթը արտահոսում է Կարմիր ծով:

Բարեբախտաբար այս հարձակման ընթացքում նավի անձնակազմից ոչ մեկը չի վնասվել և նավը չի խորտակվել:

 

«Ջոմհուրի Էսլամի»

Բացահայտվել է Սիրիայի վրա հրաձակվելու մասին ԱՄՆ-Թուրքիա գաղտնի համաձայնությունը

Թուրքիայի նախագահի խորհրդատուն բացահայտել է, որ Վաշինգտոնն ու Ակարան «Խաղաղության ակունք» անվան տակ ռազմական գործողությունների կաղապարով Սիրիայի հյուսիսային շրջանների վրա հարձակումների մասին համաձայնության են եկել:

Արաբական CNN գործակալությանը հայտնելով այս մասին, Գոլնար Էբեթը հավելել է. «Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Դոնլադ Թրամփը այս խնդրի մանրամասները քննարկելու համար, նոյեմբերի 13-ին հանդիպում են ունենալու և քննարկումների մանրամասներից մեկը ԻԼԻՊ ահաբեկչական խմբի ճակատագիրն ու միջազգային հանրության պատասխանատվություններն են լինելու»:

 

«Մարդոմսալարի»

Մամուլը ժողովրդավարության 4-րդ սյունն է, իսկ մամուլի տունն ամենահիմնական միությունը

Մամուլի տան տնօրենների խորհրդի նախագահն ասել է.«Եթե պարոն Ջահանգիրիի իմաստնությունը չլիներ թղթի վիճակը, որ այսօր ինչ-որ չափով կայունացել է, ավելի վատ կլիներ: Մամուլի տան և երկրի ԶԼՄ-ների տնօրենը նշել է որ մշակույթի ու իսլամական առաջնորդման նախարարության 16 պարտականությունները հանձնարարվել են Մամուլի տանը:

 

«Համշահրի»

Էներգետիկային նախարարը հայտնել է որակյալ ու վստահելի ջուր ապահովելու համար նանոտեխնոլոգիայի կիրառման մասին

Անդրադառնալով Էմերգետիկայի նախարարության տարբեր բաժիններում նանոտեխնոլոգիայի կիրառմանն Իրանի Էներգետիկայի նախարարն ասել է.«Այս տեխնոլոգիան կարող ենք կիրառել աղի ջրի աղազտման և խմելու ջրի ապահովման համար: Այս տեխնոլոգիայի կիրառումը ավելի հարմարավետ է քան ջրի տեղափոխման համար համար արվող  ծախսերը»:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ Թեհրանի ցուցահանդեսների մշտական վայրում նանոտեխնոլոգիայի 12-րդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ ունեցած ելույթում Ռեզա Արդաքանյանը հավելել է.«Նանոտեխնոլոգիան կարող է օգտագործվել երկրի բոլոր բնագավառներում, հատկապես ջրի ոլորտում»:

 

armenpress.am

Մնալը կենաց-մահու խնդիր էր. Թել Աբյադից Հալեպ հասած հայերը պատմել են թուրքական ներխուժման մասին

Սիրիայի Թել Աբյադ բնակավայրից Հալեպ հասած հայերը պատմել են Թուրքական ռազմական գործողություններից հետո այդ շրջանում եղած իրավիճակի մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ Հալեպի «Գանձասար» պարբերականը զրուցել է Հալեպ հասած Սարգիս Նազարյանի եւ Վանէս Քեչէրյանի հետ:  Նրանք Թել Աբյադում էին աշխատանքի նպատակով:

«Նախքան պատերազմը մեր գործը շատ լավ էր: Աշխատում էինք, մեր արդար վաստակն էինք  վայելում: Երբ օրեր առաջ թուրքական հարձակումը սկսվեց, կրակ տեղաց Թել Աբյադի ուղղությամբ:  Թուրքական զինված ուժերն օդային, ցամաքային ճանապարհով սկսեցին կրակել Թել Աբյադի և հարակից գյուղերի ուղղությամբ: Այդտեղ մնալը կենաց-մահու խնդիր էր, չէինք կարող մնալ: Ամեն բան թողեցինք և դուրս եկանք: Այդ ժամանակ դժոխային գիշեր անցկացրեցինք: Թուրքական սահմանի մոտ Սիրիայի հյուսիսարևելյան գյուղերը բուռն հրթիռակոծման ենթարկվեցին»,-ասել է Վանէս Քեչէրյանը:

Սարգիս Նազարյանը նշել էր, որ Հալեպում իրենց շատ լավ են դիմավորել:

«Հիմա իրավիճակն անորոշ է, սպասման մեջ ենք»,- ասել է Նազարյանը:

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը, որը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի և ի վերջո մարդասիրական նոր ճգնաժամի։

Հոկտեմբերի 9-ին Թուրքիան ներխուժել է Սիրիայի տարածք: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ թուրքական զորքերն սկսել են Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ:

 

armenpress.am

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, երկու երկրների առաջնորդներն ի շարունակություն երեկ Աշխաբադում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում ունեցած զրույցի՝ քննարկել են Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի։

Հեռախոսազրույցի վերաբերյալ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Փաշինյանը՝ հավելելով, որ հոկտեմբերի 11-ին Պուտինին դիմել էր մի խնդրանքով, որը «կարևոր է Սիրիայի հայ համայնքի անվտանգության տեսակետից»: «ՌԴ նախագահին շնորհակալ եմ արագ արձագանքի համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

 

news.am

Պուտինը կոչ է արել Սիրիան ազատել արտասահմանյան ռազմական ներկայությունից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել Սիրիան ազատել արտասահմանյան միջամտությունից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Անհրաժեշտ է Սիրիան ազատել արտասահմանյան ռազմական ներկայությունից, սա վերաբերում է բոլոր պետություններին»,- ասել է Ռուսաստանի նախագահը:

Թուրքիան ավելի վաղ Սիրիայում ռազմական գործողություն էր սկսել քրդական կազմավորումների դեմ, ինչը հարուցել է Վաշինգտոնի խիստ քննադատությունը: Դոնալդ Թրամփի վարչակազմը խոստովանել է, որ գործողության գոտուց ամերիկյան զորքերը դուրս է բերել, բայց միաժամանակ հայտարարել է, որ չի աջակցում Անկարայի գործողություններին: Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում օրինագծեր են հայտնվել, որոնք Թուրքիայի դեմ պատժամիջոցներ են նախատեսում Սիրիայում ԱՄՆ-ին դաշնակից կազմավորումների դեմ գործողության պատճառով:

 

tert.am

Մակրոնը Թրամփին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել՝ Սիրիայում Թուրքիայի մարտական գործողությունները դադարեցնելու համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ գործընկեր Դոնալդ Թրամփի հետ՝ կոչ անելով որքան հնարավոր է արագ քայլեր ձեռնակել Թուրքիայի գործողությունները Սիրիայում դադարեցնելու համար: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Ելիսեյան պալատի պաշտոնական հաղորդագրությանը:

ԱՄՆ և Ֆրասիայի ղեկավարների հեռախոսազրույցը տեղի է ունեցել ուրբաթ օրը:

«Նա (Մակրոնը) շեշտել է տարածաշրջանում «նոր Իսլամական պետության» առաջացումը կանխելու անհրաժեշտության մասին և կոչ արել աջակցել նրանց, ովքեր մեզ հետ պայքարել են ահաբեկիչների դեմ և պաշտպանել խաղաղ բնակչությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ նաև նշվում  է, որ Մակրոնը կոչ է արել նպաստել Սիրիայում տեղի ունեցող մարտական գործողությունների անհապաղ դադարեցմանը: Ֆրանսիան և ԱՄՆ-ը այս հարցում ակտիվորեն համագործակցելու են միմյանց հետ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի  9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերը սկսում են «Խաղաղության ակունք» անվանումով ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում՝ ընդդեմ քրդական ուժերի:

 

Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող տարածքների ինքնավար վարչակազմը չորեքշաբթի օրը համընդհանուր զորահավաք է հայտարարել՝ կապված Թուրքիայի ԶՈՒ-ի վերահաս ռազմական գործողությունների սպառնալիքի հետ:

«Ինքնավար վարչակազմը հայտարարել է Սիրիայի հյուսիս-արևելքում երեք օրով համընդհանուր զորահավաքի մասին և կոչ է անում մեր բոլոր ինստիտուտներին, կառավարություններին և մեր ժողովրդի բոլոր խավերին ուղևորվել Թուրքիայի հետ սահման՝ իրենց պարտքը կատարելու և այս պատմական պահին դիմադրություն ցույց տալու»,- ասված է վարչակազմի մամուլի հայտարարության մեջ:

Սիրիայից հայտնել են, որ թուրքական ավիացիան ավիահարվածներ է հասցնում Սիրիայի հետ սահմանային անցակետի Ռաս էլ-Այն քաղաքի շրջանում, ինչպես նաև՝ ցորենի պահեստների ուղղությամբ:

Իրանն Անկարային կոչ է արել դադարեցնել մարտական գործողությունները և դուրս բերել զորքերը երկրի տարածքից: Ռուսաստանը հայտարարել է, որ Թուրքիան պետք է զերծ մնա այնպիսի գործողություններից, որոնք կարող են խաթարել Սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը:

 

tert.am

Սիրիայում շարունակվող պատերազմական ու քաոսային իրավիճակը խորապես վշտացնում և մտահոգում է մեզ. Պոլսի հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել

Պոլսի հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողության վերաբերյալ:

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Մերձավոր Արևելքում, հատկապես Սիրիայում շարունակվող պատերազմական ու քաոսային իրավիճակը խորապես վշտացնում և մտահոգում է մեզ: Դժբախտաբար, խաղաղության հաստատումը միշտ չէ, որ խաղաղ ճանապարհով է լինում: Մենք աղոթում ենք, որ գործողությունը, որի նպատակը ահաբեկչությանը վերջ դնելն ու երկրի սահմանների անվտանգության ապահովումն է, պատշաճ ձևով հասնի իր նպատակին և հնարավորինս շուտ անվտանգություն հաստատվի: Թող Աստված իր ողորմածությամբ պահպանի մեր երկիրը և մեր ժողովրդին։

Մեր եկեղեցիներում մատուցվող պատարագների ընթացքում մշտապես աղոթում ենք Թուրքիայի հանրապետության բարօրության և բանակի համար։ Ամեն պատարագի ընթացքում աղոթում ենք, որ մեր բանակի «Խաղաղության ակունք» գործողությունը հասնի իր խաղաղարար նպատակներին և մեր զինվոր զավակներն, իրենց ծառայությունը հաջողությամբ կատարելով, վերադառնան տուն։ Թող Աստված մեր առաջնորդներին և հրամանատարներին իմաստություն, կարեկցանք և ողջախոհություն տա։

Սիրիայի ժողովուրդը, որը ենթարկվել է ամեն տեսակի ճնշումների, ահաբեկչության, անարդարության, խոշտանգումների և տեղահանման, լիովին արժանի է արդար խաղաղության ամենալավ դրսևորմանը։ Աղաչում ենք Տիրոջը, որ նրանք, չկորցնելով հավատը արդարության, խաղաղության և լավ օրերի նկատմամբ, կարողանան հույսով նայել պայծառ ապագային։

Թող Տերը օրհնի բոլոր իրական խաղաղասերներին, երկխոսության մթնոլորտ ստեղծողներին և խաղաղության դեսպաններին՝ անկախ նրանց կրոնից և ազգությունից»։