Մամուլի տեսություն - 10.1.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i191016-Մամուլի_տեսություն_10.1.2023
Լաչինի միջանցքի արգելափակման և Հայաստանի ոստիկանության կողմից տասնյակ ցուցարարների ձերբակալության դեմ բողոքի ցույցերն իրենց արտացոլումն են գտել նաև իրանական այսօրվա մամուլում։
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Հունվար 10, 2023 13:57 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն - 10.1.2023

Լաչինի միջանցքի արգելափակման և Հայաստանի ոստիկանության կողմից տասնյակ ցուցարարների ձերբակալության դեմ բողոքի ցույցերն իրենց արտացոլումն են գտել նաև իրանական այսօրվա մամուլում։

Էթելաաթ  օրաթերթ

Հայաստանում «Լաչինի» միջանցքի արգելափակման դեմ բողոքող 65 մասնակիցներ ձերբակալվել են

 

Հայաստանի ոստիկանությունը 65 ցուցարար է ձերբակալել Հայաստանի հյուսիսում գտնվող ռուսական  ռազմաբազայի մոտ։ Ցույցեր կազմակերպելով՝ ցուցարարները պահանջում էին Մոսկվայի միջամտությունը Ադրբեջանի Հանրապետության կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու համար։Մոտ 200 ցուցարարներ, ովքեր հավաքվել էին Հայաստանի հյուսիսում գտնվող Գյումրի քաղաքում տեղակայված ռուսական ռազմաբազայի մոտ, պահանջում էին, որ ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքում, որը համարվում է Հայաստանը և Լեռնային Ղարաբաղի հայկական շրջանը կապելու միակ ճանապարհը, վերացնի շրջափակումն։

Ջավան  օրաթերթ

ԱՄՆ-ում  կյանքի տեւողության ռեկորդ է սահմավել- ամերիկացիների կյանքի միջին տեւողությունը ավելի քիչ է, քան կոստառիկացիները եւ սլովենացիները

 

Ամերիկացիների կյանքի միջին տեւողությունը վերադարձել է նույն մակարդակին, ինչ 1996 թվականին՝ ավելի քան քառորդ դար առաջ։ Ամերիկայում այս հատկանիշի նվազումը վերջին երկու տարվա ընթացքում, համեմատ 1921-1923թթ., այսինքն՝ մոտ մեկ դար առաջվա հետ, աննախադեպ է։

Կառավարության վիճակագրության համաձայն՝ Ամերիկայում կյանքի սպասվող տեւողությունը 2019-ից 2020 թվականներին նվազել է 1.8 տարով և 78.8 տարեկանից հասել է 77 տարեկանի: Այս ցուցանիշը նվազել է առնվազն ևս 0.6 տարով և 2021 թվականին հասել է 76.4 տարեկանի։ Այս նվազումը 2019-ից մինչև 2021 թվականը կյանքի տեւողության ամենամեծ նվազումն է Միացյալ Նահանգներում 1921-ից 1923 թվականների նույն ժամանակահատվածից ի վեր, այսինքը մոտ մեկ դար առաջ:

Քեյհան օրաթերթ

Պարզվել է Եմենի գործերով ՄԱԿ-ի ներկայացուցիչը MI6 լրտես է եղել

 

Սանայի իշխանությունները բազմիցս մեղադրել են ՄԱԿ-ի տարբեր ներկայացուցիչներին՝ Սաուդյան Արաբիային և Ռիադի արևմտյան դաշնակիցներին սատարելու և աջակցելու մեջ, և այժմ զեկույցի հրապարակումը ցույց է տալիս, որ ՄԱԿ-ի նախկին ներկայացուցիչը կապված է եղել Լոնդոնի անվտանգության ծառայությունների հետ և փորձել է տարածել Եմենի պատերազմի իրականությունը Արևմուտքի և Սաուդյայի ցանկալի ձևով:

Եմենի ճգնաժամում ՄԱԿ-ի դերը միշտ քննադատության է արժանացել շատերի կողմից: Վերջին յոթ տարիների ընթացքում, երբ Եմենում ընթանում էին ամենաինտենսիվ պատերազմներն ու հակամարտությունները, ՄԱԿ-ը հազվադեպ էր քննադատում Սաուդյան Արաբիային՝ որպես պատերազմ սկսող  և հրահրող երկիր, և մի պահ նույնիսկ Սաուդյան Արաբիայի անունը հանեց ՄԱԿ-ի երեխաների իրավունքների խախտողների ցանկից, Սաուդյան Արաբիայի հետ ֆինանսական կապի պատճառով:

Վաթան Էմրուզ օրաթերթ

Դիանայի դասը՝ Հարրիի համար

 

Մեծ Բրիտանիայի թագավորի երկրորդ որդին հերթական անգամ քննադատել է իր թագավորական ընտանիքին՝ մեղադրելով նրանց շփումը լրատվությունների հետ, որոնց նա անվանում է «Սատանա» և ասել է, որ հայրը զգուշացրել է իրեն լրատվամիջոցների հետ տարաձայնություններ չունենալու համար:

Հարրին ITV England-ին ասել է, որ 2020 թվականին ընտանիքի հետ մեկնել է Անգլիայից Կալիֆորնիա, քանի որ անհանգստանում էր իր կյանքի համար: Նա ասում է, որ այլևս չի ճանաչում իր հորը՝ Չարլզ III-ին և իր ավագ եղբորը՝ Ուիլյամին, ով այժմ բրիտանական գահի ժառանգորդն է։

armenpress.am

Վարչապետը հայտնեց, թե ինչ դիրքորոշում ունի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում

 

Հայաստանը առաջնային է համարում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման հարցը։ Հայաստանը հասու բոլոր միջոցներով կաջակցի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի որոշմանը ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 10-ին հրավիրված ասուլիսի այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե պաշտոնական Երևանը ի՞նչ դիրքորոշում ունի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում։

«Մենք առաջնային ենք համարում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման հարցը և կարևոր ենք համարում, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը լինի այն սուբյեկտը, որը կխոսի այդ բոլոր թեմաների մասին։ Իրենք պետք է որոշումներ կայացնեն, և մենք իրենց կաջակցենք մեզ հասու բոլոր միջոցներով։ Մենք այսօր ապահովում ենք հումանիտար, ֆինանսական հարցերը, ինչով կկարողանանք՝ կաջակցենք։ Մեր դիրքորոշումը սա է»,- ասաց վարչապետը։

Փաշինյանի կարծիքով՝ խնդիրներից մեկը, որ էական ազդեցություն է ունեցել հետագա իրադարձությունների վրա, այն է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին բանակցային գործընթացից դուրս է հանել և նրանց փոխարեն որոշում է կայացրել։

«Ոչ, մենք չենք կարող որոշել իրենց փոխարեն։ Մենք պետք է զբաղվենք Հայաստանի հարաբերությունների հարցերով, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները պետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հարցով, մենք էլ պետք է նրանց աջակցենք»,- եզրափակեց Փաշինյանը։

armenpress.am

Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գիծը վթարվել է. էլեկտրամատակարարումն իրականացվում է սահմանափակումներով

 

Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում հունվարի 9-ին ժամը 14։35-ին արձանագրվել է վթար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել «ԱրցախԷներգո»-ն, հստակեցնելով, որ ըստ սարքավորումներով արձանագրված տվյալների` վթարը գտնվում է Աղավնո-Բերձոր հատվածում։

«Ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով նշված հատվածում այս պահի դրությամբ հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ, ուստի որոշում է կայացվել հանրապետության էլեկտրամատակարարումը իրականացնել տեղական արտադրող կայանների միջոցով՝ համապատասխան սահմանափակումներով։

Ելնելով տվյալ իրավիճակից` Հանրապետությունում հունվարի 10-ից իրականացվում են հովհարային անջատումներ, որոնց մասին պարբերաբար կարող եք տեղեկանալ «Արցախէներգո» ՓԲԸ կայքից (artsakhenergo.am) և ֆեյսբուքյան էջից, ինչպես նաև հանրային հեռուստատեսության և ռադիոյի հայտարարություններից։

Հավանական լրացուցիչ անջատումներից խուսափելու նպատակով, խնդրում ենք հնարավորինս խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան»,- նշված է հաղորդագրության մեջ:

tert.am

Կրեմլն արձագանքել է Փաշինյանի՝ ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարվելու մասին հայտարարությանը

 

Հայաստանը մնում է Ռուսաստանի «շատ մտերիմ դաշնակիցը», որի հետ երկխոսությունը կշարունակվի, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով РБК-ի հարցին առ այն, թե ինչ է մտածում Կրեմլը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից 2023-ին ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումից հրաժարվելու վերաբերյալ հայտարարության մասին։

«Սա Հայաստանի վարչապետի նոր հայտարարությունն է։ Կարծում եմ, որ ՀԱՊԿ գործընկերները կապի մեջ կլինեն, կհստակեցնեն Հայաստանի դիրքորոշման մանրամասները։ Ամեն դեպքում, Հայաստանը մեր շատ մտերիմ դաշնակիցն է, մենք կշարունակենք երկխոսությունը, ներառյալ այն հարցերը, որոնք այժմ շատ բարդ են»,- ասել է Պեսկովը։

ՀՀ ՊՆ-ն արդեն իսկ ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ մենք ՀՀ-ում նման զորավարժություններ անցկացնելն այս իրավիճակում նպատակահարմար չենք համարում և այդ զորավաժությունները, համենայն դեպս, այս տարի չեն կայանա։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասել էր Նիկոլ Փաշինյանը։

tert.am

Չնայած բոլոր մարտահրավերներին, ես խորապես համոզված եմ, որ ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա․ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետով

 

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը, ով այս պաշտոնը ստանձնել է հունվարի 1-ից, ասել է, որ կազմակերպությունն ունակ է լուծել իր առջև դրված խնդիրները։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը:

«Չնայած բոլոր մարտահրավերներին, ես խորապես համոզված եմ, որ ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, այն ի վիճակի է լուծել այն խնդիրները, որոնք դրված են իր առջև», - գլխավոր քարտուղարի խոսքերն է մեջբերել ՀԱՊԿ-ի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը։

Թասմաղամբետովը նշել է, որ այժմ աշխարհն ականատես է դառնում աշխարհաքաղաքական մեծ մարտահրավերների։

«Մենք պետք է լուծենք շատ բարդ քաղաքական, տնտեսական և այլ խնդիրներ: ՀԱՊԿ-ի առաջ ոչ պակաս բարդ խնդիրներ են ծառացած: Այս բոլոր մարտահրավերներն ու խնդիրները ազդում են մեր կազմակերպության առանցքային դերի, նրա հեղինակության և տարածաշրջանային անվտանգության ապահովման արդյունավետ մեխանիզմ լինելու կարողության վրա: Դրա հետագա հեղինակությունն ու արդյունավետությունը կախված է մեզնից և ձեզնից», - հավելել է նա։

armtimes.com

Բերձորի միջանցքի շրջափակման հետևանքով Հայաստանում մնացած արցախցի երեխաները հաճախում են ՀՀ դպրոցներ

 

Բերձորի միջանցքի շրջափակման հետևանքով Հայաստանում մնացած արցախցի դպրոցահասակները հունվարի 9-ից հաճախում են ՀՀ դպրոցներ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։

Նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Սյունիքի մարզպետարանի համագործակցությամբ արցախցի դպրոցահասակ երեխաները հաճախում են Գորիսի և Երևանի հանրակրթական դպրոցներ, ինչպես նաև մասնագիտական դպրոցներ՝ պայմանավորված երեխաների կրթական կարիքով:

Աշակերտների՝ դպրոցներում տեղակայման համար հիմք են ընդունվել Արցախի ԿԳՄՍ նախարարության տրամադրած ցանկերը:

ՀՀ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները ակտիվորեն աշխատում են արցախցի երեխաների հետ՝ իրականացնելով հոգեբանական աջակցության տրամադրում:

Երեխաների կրթության շարունակականության ապահովման նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մշտական կապի մեջ է Արցախի ԿԳՄՍ նախարարության հետ:

armtimes.com

Կոչ եմ անում թուլացնել լարվածությունը, ապահովել միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը․ Ֆուկուշիմա Մասանորի

 

Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին մտահոգ է Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող զարգացումների կապակցությամբ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությունը։

Ֆուկուշիմա Մասանորին իր խոսքում նաև ասել է․

«Կոչ եմ անում կողմերին թուլացնել լարվածությունը և ապահովել միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունների»։