Մամուլի տեսություն - 26.1.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i192106-Մամուլի_տեսություն_26.1.2023
PressTV-ն և Al Alam-ը ոչ եվրոպական արբանյակային ալիքների վրա են հեռարձակվում:
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Հունվար 26, 2023 14:47 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն - 26.1.2023

PressTV-ն և Al Alam-ը ոչ եվրոպական արբանյակային ալիքների վրա են հեռարձակվում:

Իրան  օրաթերթ

PressTV-ն և Alam-ը ոչ եվրոպական արբանյակային ալիքների վրա

 

Իրանի ռադիո-հեռուստատեսության ղեկավարը պատժամիջոցների վերաբերյալ ասաց. «Քանի որ մենք տարիներ շարունակ առնչվում ենք պատժամիջոցների խնդրով, սա մեզ համար նոր խնդիր չէ։

Փեյման Ջեբելին հավելեց. «Այն միջոցները, որոնք պետք է ձեռնարկվեն պատժամիջոցներին հակազդելու համար, երկու մակարդակի վրա են՝ իրավական և գործնական, որը պետք է կատարվեն պատասխանատու կառույցների կողմից, և մենք նույնպես հետևում ենք դրանց։

Քեյհան օրաթերթ

Տեղեկատվության նախարար. Ձերբակալվել է Սիոնիստական ռեժիմին առնչվող 12 ահաբեկչական խմբեր

 

Հայտարարելով, որ կարճ ժամանակում հատուկ զինվորների կողմից ձերբակալվել են ավելի քան 12 ահաբեկչական խմբեր, Տեղեկատվության նախարարն ասաց. «Երկրում դիվերսիա իրականացնելու նպատակ ունեցող այս խմբերի արմատները կապված են եղել Սիոնիստական ռեժիմի հետ, և նրանք ծրագրել էին տարբեր գործողություններով վրեժխնդիր լինել խռովությունների ժամանակ իրենց կրած պարտության համար»:

Էթելաաթ օրաթերթ

Սիոնիստական ռեժիմի ղեկավար. Իսրայելը գտնվում է քաղաքացիական պատերազմի շեմին, որը կկործանի մեզ

 

Հերցոգն ընդգծելով որ բոլոր քաղաքական կուսակցություններն ու խմբակցությունները պետք է հասնեն  համաձայնությունների՝ վերջ դնելով տարաձայնությունները ասաց. «Ես տեսնում եմ Իսրայելում հոսանքներ քաղաքական ճակատների երկայնքով և կուսակցություններ, որոնք պատրաստ են համապարփակ առճակատման, բայց ես անհանգստանում եմ, որ մենք գտնվում ենք ներքին հակամարտության եզրին, որը կարող է ոչնչացնել մեզ»:

Աֆթաբ է Եազդ օրաթերթ

Եվրոպացիները գիտեին, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ իրենց բանաձեւը ոչ մի տեղ չի տանի

 

ԻԻՀ  ներքին գործերի հանձնաժողովի և խորհուրդների անդամն ասել է. «Եվրոպացիներն ի սկզբանե գիտեին, որ ԻՀՊԿ դեմ Եվրախորհրդարանի բանաձևը կիրառելի չէ, և նրանք հիմնականում հետապնդում էին քաղաքական և հոգեբանական նպատակներ:

ISNA-ին տված հարցազրույցում Ջալալ Ռաշիդի Քուչին, անդրադառնալով ԻՀՊԿ դեմ Եվրախորհրդարանի գործողությանը, հայտարարելով, որ այս բանաձևը իրավական ուժ չունի և ասել է. «Իմ կարծիքով, եվրոպացիները հենց սկզբից գիտեին, որ իրենց բանաձևը կիրառելի չէ և ոչ մի տեղ իրենց չէր տանի և նրանք  լավ գիտեին, որ դա տեղի չի ունենա, և եվրոպացիները հիմնականում փորձում էին դրա մասին շոու կազմակերպել:

Համշահրի օրաթերթ

Հայտնի են դարձել «Օսկար 2023»-ի անվանակարգերը - Օսկարի 95-րդ մրցանակաբաշխությանը առաջադրված երկու իրանցիների անուններ

 

Լավագույն օպերատորական մրցանակի համար առաջադրվել է նաև իրանա-ֆրանսիացի կինոօպերատոր Դարիուշ Խանջին՝ «Բարդո» ֆիլմի համար, իսկ ընտրվածների ցանկում է նաև Ստրասբուրգում բնակվող իրանցու նկարահանած կարճամետրաժ ֆիլմը։

Համշահրի Online-ի փոխանցմամբ՝ հոլիվուդյան դերասաններ Ռիզ Ահմեդը և Էլիզիոն Ուիլյամսը հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարել են Օսկար 95-րդ ամենամյա մրցանակաբաշխության վերջնական թեկնածուներին:

«Ամեն ինչ միանգամից ամենուր» ֆիլմը ստացել է ամենաշատ անվանակարգը` 11 անվանակարգերում, որին հաջորդում են երկու ֆիլմեր՝ «Արևմտյան ճակատը նորություն չէ» և «The Banshees of Inisherin-ը որը ստացել է 9-ական անվանակարգ։

armenpress.am

Վարչապետը ներկայացրեց Լաչինի միջանցքի հետ կապված Բաքվի պլանների վերաբերյալ իր ունեցած տեղեկությունները

 

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության հերթական նիստի ժամանակ ներկայացրեց Լաչինի միջանցքի հետ կապված Ադրբեջանի պլանների վերաբերյալ իր ունեցած տեղեկությունները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հերթական նիստում ելույթ ունենալիս՝ վարչապետը նախ ներկայացրեց Լեռնային Ղարաբաղում ստեղված իրավիճակը։

«Լեռնային Ղարաբաղի նախադպրոցական հաստատությունների շուրջ 6 հազար սաներ, հանրակրթական դպրոցների շուրջ 19 հազար աշակերտներ, բուհերի շուրջ 6800 ուսանողներ արդեն մեկ ամիս զրկված են 21-րդ դարի ամենակենսական իրավունքներից մեկից՝ կրթության իրավունքից, որովհետև արդեն մեկ ամիս Լեռնային Ղարաբաղի մանկապարտեզները, դպրոցները, բուհերը փակ են և չեն աշխատում։ Վերջին անգամ նման բան եղել էր 44-օրյա պատերազմի ժամանակ, իսկ այն իրավիճակում, երբ հրանոթները չեն կրակում, կրթական հաստատությունները փակվել էին միայն կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Այս անգամ, սակայն, COVID-19-ի վիրուսը չէ կրթական հաստատությունների չաշխատելու պատճառը, այլ Ադրբեջանի «բնապահպանական» մտահոգությունները։ Չբավարարվելով Լաչինի միջանցքը փակելով՝ Ադրբեջանը փակում է նաև Լեռնային Ղարաբաղը սնուցող գազի խողովակը, հետո բացում 10 տոկոսով, հետո նորից փակում, հետո բացում 25 տոկոսով և այսպես շարունակ։ Ադրբեջանը շարունակաբար կիրառում է նաև գազային ճնշման գործիքը, ինչն ակնհայտորեն դատապարտելի է։

armenpress.am

ԵԽԽՎ-ն հունվարի 26-ին կքննարկի Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքները

 

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հունվարի 26-ին քննարկում կանցկացնի Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքների թեմայով:

Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։

Եվրոպական խորհրդարանի՝ հունվարի 16-ից 19-ի լիագումար նստաշրջանի ընթացքում հունվարի 18-ին կայացած քվեարկությամբ, ընդունվել էր «Ընդհանուր արտաքին ու անվտանգային քաղաքականության իրականացում. 2022թ. տարեկան զեկույց» (CFSP) բանաձևը։

ԵԽ հունվարի 18-ի լիագումար նիստում ընդունվել էր նաև զեկույցին՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ ներկայացված լրամշակում, որում նշվում է. «Եվրախորհրդարանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտմամբ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, ինչի նպատակն է հումանիտար ճգնաժամ ստեղծել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար: Խորհրդարանը պահանջում է Ադրբեջանի իշխանություններից անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը»:

tert.am

Ալեն Սիմոնյանը թող գնա, մի գիշեր զինվորի կողքը քնի, հետո, եթե մարդ լինի, ճիշտը կասի. զոհվածի ծնող

 

Եթե մենք օրինական երկրում ապրեինք, պատերազմ չէր լինի, հիմա ինչ կատարվում է, անօրինականոթյան պատճառով է։ Այս մասին ՔԿ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողների ծնողներից մեկը։

«Ժողովուրդը պետք է իր աչքերը բացի ու հասկանա՝ ո՞ր երկրում է ապրում ու ինչ իշխանություն ունի, էլ ի՞նչ պետք է կատարվի, որ հասկանան։ Անօրինականությո՞ւնը չէր ամիսներ առաջ կատարված դեպքերի պատճառը՝ հղի կնոջը վրաերթի ենթարկելու, Ապարանի դեպքերի, երբ սպանվածի եղբայրը ասում էր՝ միայն վարչապետը կարող է բացահայտել այդ դեպքը, բացահայտե՞ց։ Ո՞վ պետք է պատասխան տա 15 զինվորի համար։ Երբ ասում էինք, որ զոհերի քանակը կշատանա, լուրջ չմոտեցան այս հարցին, տեսա՞նք, որ շատացավ։ Քանի՞ օր է անցել, ունե՞նք ստույգ տեղեկություն հրդեհի մասին, թե ինչ է եղել։ Ես կցանկանայի, որ այդ զոհվածների ծնողները հարցնեն իրենք իրենց՝ երբ ամիսներ առաջ ասում էինք մեր երեխաների արյունը ջուր չի դառնալու, ինչո՞ւ լուրջ չմոտեցան այդ հարցին, պարտադիր պետք է դա կատարվեր իրենց ընտանիքների հետ, որ հասկանային։ Ես դեռ չգիտեմ էլ՝ հասկացել են, թե չէ»,- ասաց նա։

Անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ վերջերս արած այն հայտարարությանը, որ տունը, որտեղ եղել են զինվորները, ունեցել է նորմալ պայմաններ, զոհվածի հայրը ասաց․«Այդպես պետք է ասեն, ուրիշ էլ ի՞նչ պետք է ասեն, Ալեն Սիմոնյանը ասելուց առաջ թող գնա մի գիշեր այնտեղ զինվորի կողը քնի, նոր դրանից հետո, եթե մարդ լինի, ճիշտը կասի»։

tert.am

Բաքվի պլանը հետևյալն է․ մի քանի օրով բացել Լաչինի միջանցքը՝ ակնկալիքով, որ ԼՂ հայերը կլքեն իրենց տները, ապա կրկին փակել, այսպես շարունակ՝ մինչև վերջին հայը կլքի Ղարաբաղը․ Փաշինյան

 

Արդեն 46 օր Լեռնային Ղարաբաղի բնականոն կյանքը խաթարված է և հումանիտար ճգնաժամը ծավալվում է ամբողջ թափով։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ԼՂ-ում հովհարային անջատումներ են, որովհետև Ադրբեջանը խափանել է նաև ԼՂ-ն հոսանքով ապահովող գծերի աշխատանքը, բնակչությանը առաջին անհրաժեշտության ապրանքներ մատակարարվում են կտրոնային համակարգով։ Այս ամենով Ադրբեջանի իշխանությունը մի նպատակ է հետապնդում՝ կոտրել սեփական հայրենիքում ապրելու ԼՂ հայության կամքը։ Ընդ որում՝ մեր ունեցած տեղեկություններով, Բաքվի պլանը հետևյալն է․ ԼՂ-ում տնտեսական, հոգեբանական ճնշումը հասցնել կուլմինացիոն կետի, դրանից հետո մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ ԼՂ հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները, կրկին փակել միջանցքը, հետո կրկին մի քանի օրով բացել և այսպես այնքան՝ մինչև վերջին հայը կլքի Ղարաբաղը։ Սա էթնիկ զտման բացահայտ քաղաքականություն է։ Եթե մինչ, այս միջազգային հանրությունը թերահավատորեն էր վերաբերում ԼՂ հայությանը էթնիկ զտման ենթարկելու Ադրբեջանի մտադրությունների մասին մեր  ահազանգերին, հիմա այս ընկալումը դանդաղ, բայց հաստատուն քայլերով  միջազգային հանրության շրջանում ավելի է ուժեղանում»,- ասաց Փաշինյանը։

Վերջինս նշեց, որ Ադրբեջանի նպատակը,  ԼՂ հայերին իրենց տներից արտաքսելուց բացի, նաև խաղաղության օրակարգը տապալելն է և տարածաշրջանում նոր պատերազմ հրահրելը։

news.am

Զինվորների կացարանի հրդեհի դեպքով ձերբակալվել է զորամասի թիկունքի պետը. ՔԿ խոսնակ

 

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հունվարի 19-ին բռնկված հրդեհի դեպքի առթիվ կա ձերբակալված անձ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Ձերբակալվել է թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալը, որի նկատմամբ Դատախազությունը քրեական հետապնդում է սկսել, եւ տեղափոխվել քննչական կոմիտե: Ընթանում են քննչական գործողություններ»,- նշեց Աբրահամյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2023 թվականի հունվարի 25-ին որոշում է կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

news.am

Հայաստանի հակառակորդները Ֆրանսիայի հակառակորդներն են. Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար

 

Հայաստանի հակառակորդները Ֆրանսիայի հակառակորդներն են։ Այս մասին Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը հայտարարել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) հետ ընթրիքի ժամանակ։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոթը։

«Հայաստանի հակառակորդները Ֆրանսիայի հակառակորդներն են, հայտարարել է Ժերալդ Դարմանենը՝  ներքին գործերի նախարարը, որը ներկայացրել է նախագահին եւ կառավարությանը CCAF-ի ամենամյա ընթրիքին»,-գրել է Լաքոթը։