Մամուլի տեսություն - 3.2.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i192688-Մամուլի_տեսություն_3.2.2023
Իրանում «Ֆաջր» կինոփառատոնի 41-րդ շրջանն իր աշխատանքն սկսեց արվեստագետների և ժողովրդի բուռն ընդառաջմամբ։
(last modified 2026-04-21T09:38:13+00:00 )
Փետրվար 03, 2023 15:05 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն - 3.2.2023

Իրանում «Ֆաջր» կինոփառատոնի 41-րդ շրջանն իր աշխատանքն սկսեց արվեստագետների և ժողովրդի բուռն ընդառաջմամբ։

Էթեմադ

Բաքուն հայտնել է, որ ադրբեջանցի ըմբիշը վնասվածքի պատճառով չի մրցել իրանցի մարզիկի հետ

Զագրեբում, մրցումների եզրափակիչ փուլում, վնասվածքի պատճառով, 125 կգ քաշային վրացական ծագումով ադրբեջանցի ըմբիշ Մուշվիլդիշվիլին չի մրցել Իրանի հավաքականի ըմբիշ Ամիր Հոսեյն Զարեի հետ, ինչը բազմաթիվ արձագանքներ է առաջացրել։

Բազմաթիվ լրատվամիջոցներ ենթադրում են, որ այս քայլով Բաքվի և Թեհրանի միջև լարվածությունը տարածվել է սպորտի ոլորտում:

Այս վերլուծություններից հետո և հավանաբար պատժից խուսափելու համար, Ադրբեջանի ըմբշամարտի ֆեդերացիան հայտարարեց, որ Գեորգին վնասվածք է ստացել։

 Ջավան

Թուրքիայում սննդամթերքի գինն աճել է և երկար հերթեր են գոյացել էժան սննդի համար

 

Թուրքիայում հիմնական ապրանքների և մսի բարձր գինը մարդկանց երկար հերթեր է առաջացնում՝ քաղաքապետարաններին կից կենտրոնների առաջարկած ապրանքները համեմատաբար ավելի ցածր գներով գնելու համար։

Թուրքիայում ինֆլյացիայի և գնաճի հետևանքով քաղաքացիների գնողունակությունը նվազելով, այս օրերին Անկարայում մարդկանց երկար հերթեր են առաջացել՝ քաղաքապետարաններին կից կենտրոնների կողմից տրամադրվող ապրանքները համեմատաբար ավելի ցածր գներով գնելու համար։

 

Համշահրի

Իրանում «Ֆաջր» կինոփառատոնի աղմկահարույց մեկնարկը

 

Թշնամի լրատվամիջոցների քարոզչության հակառակ, «Ֆաջր» կինոփառատոնի 41-րդ շրջանն իր աշխատանքները սկսեց Մելլաթ կիոնդահլիճների համալիրում, արտիստների և կինոսիրահարների խուռներամ ներկայությամբ:

Ի տարբերություն նախորդ տարվա, երբ Միլադ աշտարակը փառատոնի միակ վայրն էր, այս տարի լրատվական դաշտը փոխադրվել է Մելլաթ կինոդահլիճների համալիր, իսկ Միլադ աշտարակը հատկացված է միջազգային բաժնին:

 

Ջամե Ջամ

Պուտին. 80 տարի անց մենք կրկին բախվեցինք գերմանական տանկերին

 

Ռուսաստանի նախագահը Վոլգոգրադ քաղաքում՝ նախկին Ստալինգրադում տեղի ունեցած Երկրորդ համաշխարհային պատերազմի հիշատակի արարողության ժամանակ, հեգնական խոսքերով գերմանական Leopard 2 տանկերի մատակարարումն Ուկրաինային համեմատել է Ռուսաստանի վրա նացիստական ​​Գերմանիայի հարձակման հետ և ասել. «80 տարի անց մենք կրկին բախվեցինք գերմանական տանկերին»:

Համեմատելով երկու իրադարձությունները՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է. «Դա անհավատալի է. Բայց ճիշտ է»:

Գերմանիան արևմտյան մի քանի երկրներից մեկն է, որն օգնել է Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազում՝ Ուկրաինա տանկեր ուղարկելով։

 

News.am

Ադրբեջանը շարունակում է պատերազմը Արցախի դեմ․ ՀՀ նախկին վարչապետ

 

Շրջափակումը պատերազմ վարելու մեթոդներից մեկն է։ Ուստի, այս պահին կարելի է պնդել, որ Ադրբեջանը շարունակում է Արցախի դեմ սկսված պատերազմը։ Այս մասին փետրվարի 3-ին Ազգային ժողովում ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Հայաստանի նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։

Նրա խոսքով՝ հումանիտար ճգնաժամի մասին խոսակցությունները պետք է դադարեցվեն։

«Խոսքն Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիվ քաղաքականության մասին է, որն ուղղված է ցեղասպանությանը։ Մարդասիրական աղետը միայն այս քաղաքականության հետեւանքներից մեկն է։ Իսկ Բաքվի իրական նպատակը ցեղասպանությունն է»,- կարծում է Հարությունյանը։

Բացի այդ, նա կոչ արեց չշփոթել «միջանցք» եւ «ճանապարհ» հասկացությունները։ Միջանցքը, նրա խոսքով, Հայաստանի եւ Արցախի միջեւ կապի ապահովման հնարավորություն է հանրապետության լիարժեք կենսագործունեության համար։

«Իսկ դա ենթադրում է ոչ միայն ապրանքների եւ մարդկանց տեղափոխում, այլեւ մի շարք կենսական կարեւորության ենթակառուցվածքների ապահովում, ինչպիսիք են գազատարը, էլեկտրահաղորդման գիծը եւ այլն»,-պարզաբանեց նա։

Լաչինի միջանցքը, նրա կարծիքով, պետք է վերածվի կրիտիկական ենթակառուցվածքների միասնության, որոնք պետք է գործեն մինչեւ Արցախի վերջնական կարգավիճակի որոշումը։  

 

News.am

Ընդդիմությունը կտրականապես դեմ է ցանկացած համաձայնության, որն անտեսում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը. ՀՀԿ

 

Արցախի բնակչության գոյության ապահովմանն ուղղված պայքարի հաշվին աշխարհաքաղաքական սակարկությունն անընդունելի է։ Այս մասին փետրվարի 3-ին Ազգային ժողովում ընդդիմության նախաձեռնությամբ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը։

Զաքարյանի խոսքով՝ իրենք դեմ են ռազմավարական եւ քաղաքական արկածախնդրություններին, որոնք միայն վնասում են Հայաստանի եւ Արցախի անվտանգությանը: 

«Մենք կտրականապես դեմ ենք ցանկացած համաձայնագրերի, որոնք անտեսում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ միջազգային ճանաչման հեռանկարները»,-ասաց Զաքարյանը։ 

 

armenpress.am

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը միացել է Լաչինի միջանցքի արգելափակման դեմ ամերիկահայերի ցույցին

 

Վաշինգտոնում Կապիտոլիումի շենքի առաջ ամերիկահայերը ցույց են անցկացրել՝ իրենց բողոքը հայտնելով Լաչինի միջանցքի արգելափակման դեմ: Բողոքի ակցիային է մասնակցել նաև ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Փալոնի գրառումը Twitter-ում:

«Այսօր Կապիտոլիումի մոտ ցուցարարները բողոք էին հայտնում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական և անմարդկային շրջափակմանը: Ես հպարտությամբ կանգնեցի նրանց կողքին՝ կոչ անելով, որ Միացյալ Նահանգները պատասխանատվության ենթարկի Ալիևին Արցախի ժողովրդի դեմ մարդու իրավունքների խախտումների համար», - գրել է Փալոնը։

Ըստ գրառմանը կից լուսանկարի՝ ցուցարարները ակցիային են ներկայացել Հայաստանի դրոշով և Արցախի շրջափակումը դադարեցնելու, Ադրբեջանին ռազմական աջակցությունը դադարեցնելու և այլ կոչեր պարունակող պաստառներով:

 

armenpress.am

ԵԱՏՄ-ն կսկսի «Եվրասիական ագրոԷքսպրես»-ով մատակարարումները Հնդկաստան, Իրան, ԱՄԷ և Թուրքմենստան

 

Հյուսիս-Հարավ միջանցքով պարենամթերքի մատակարարումները կընդլայնվեն դեպի Հնդկաստան, Իրան, Արաբական Միացյալ Էմիրություններ և Թուրքմենստան: Դրա շուրջ ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարները պայմանավորվել են Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

«ԵԱՏՄ-ի երկրների կառավարությունների ղեկավարները պաշտպանել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առաջարկը՝ «Եվրասիական ագրոէքսպրես» համատեղ ինտեգրացիոն նախագծում ներառել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով փոխադրումները, որոնք իրականացվում են Թուրքմենստանի, Իրանի Իսլամական Հանրապետության, Արաբական Միացյալ Էմիրությունների և Հնդկաստանի Հանրապետության ուղղությամբ:

Եվրասիական միջկառավարական խորհրդի համապատասխան կարգադրությունն ընդունվել է փետրվարի 2-3-ին, Ալմաթիում կայացած նիստի շրջանակներում», - ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

«Մի շարք տրանսպորտային երթուղիների վերակողմնորոշման հետ կապված՝ զգալիորեն աճել է «Հյուսիս-Հարավ» միջանցքի պահանջարկը: Ծրագրի շրջանակներում Իրան և Հնդկաստան իրականացվող փորձնական առաքումները հաստատել են ուղղության գրավչությունը: Այստեղ մեր երկրները մեծ ներուժ ունեն իրենց տարանցիկ և արտահանման ներուժն ընդլայնելու համար», - ասել Է ԵԱՏՀ-ի առևտրի գծով նախարար Անդրեյ Սլեպնևը։

«Եվրասիական ագրոէքսպրես» նախագիծն իրենից ներկայացնում է ԵԱՏՄ անդամ պետությունների գյուղատնտեսական արտադրանքի և պարենամթերքի արագացված բեռնարկղային երկաթուղային ու մուլտիմոդալ մատակարարումներ ներքին և արտաքին շուկաներ:

Նախագիծը մեկնարկել է 2022 թ. փետրվարի 25-ին: Ընդհանուր առմամբ, 2022 թ.-ին տեղափոխվել է 525,5 հազար տոննա հավի և տավարի միս, կաթի փոշի, ճարպայուղ, պտուղ-բանջարեղենային և հատիկաընդեղենային արտադրանք, որից 282,9 հազար տոննան՝ արագ փչացող ապրանքներ։