Մամուլի տեսություն 08.02.2023
Հետհեղափոխական 44 տարիների ընթացքում, իրանցի գիտնականների ու հետազոտողների, հատկապես՝ երիտասարդների ինքնավստահության ու ջանքերի շնորհիվ, Իրանը հասել է գիտական մեծ բարձունքների:
Ջահան օրաթերթ
Իրանի գիտատեխնիակական զարգացման քառասնամյա պատմությունը. Արևմտյան արտադրանքի սպառումից մինչև համաշխարհային գիտելիքի սահմանների հատում
Նախահեղափոխական շրջանում, արևմտյան արտադրանքի սպառող համարվող Իրանի գիտատեխնիկական ոլորտն իրանցի գիտնականների ու հետազոտողների, հատկապես երիտասարդների ինքնավստահության ու ջանքերի շնորհիվ հատել է գիտելիքի համաշխարհային սահմաններն ու երկրի անունը ներկայացրել տարբեր ոլորտներում:
Վաթան Էմռուզ օրաթերթ
ԱՄՆ-ն վախենում է տարածաշրջանում նոր կարգի հաստատումից
Տարածաշրջանային անվտանգության երկխոսության հինգերորդ հանդիպմանը մասնակցելու նպատակով Մոսկվա մեկնած Իրանի ազգային անվտանգության գլխավոր քարտուղար Ալի Շամխանին, այցի կապակցությամբ հարցազրույցում ասել է. «Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները գիտական, արդյունաբերական, տարանցիկ, միջանցքային, ենթակառուցվածքային, անվտանգության ոլորտներում և Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաև պաշտպանական և ռազմական համագործակցության առումով, ընդլայնվում ու ամրապնդվում են»:
Իրան-Ռուսատսան երկխոսությունները մտահոգել են ԱՄՆ-ին: Շամխանիի այցը տեղի է ունեցել ի պատասխան ՌԴ ԱԽ քարտուղարի Թեհրան կատարած այցի:
ԱԹՍ-ների համատեղ արտադրություն սկսելու Իրանի և Ռուսաստանի հավանական որոշման կապակցությամբ ամերիկյան թերթերից մեկում հոդվածի հրապարակումից հետո, Վաշինգտոնը մտահոգություն հայտնեց Թեհրանի և Մոսկվայի միջև ռազմական համագործակցության վերաբերյալ։
Քեյհան օրաթերթ
100 տոկոսով ներքին ուժերով կառուցված Հարավային Փարս գործարանի 14-րդ բլոը պատարստ է շահագործման
Այս մասին հայտնել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարության խոսնակը, հավելելով, որ նախագծի համար իրականացվել է 5 միլիարդ 200 միլիոն դոլարի ներդրում:
Օմիդ Ղալիբաֆը հայտարարել է, որ նախագիծն իրականացվել է Արյդունաբերության նախարարության դուստր ձեռրանարկությունների միջոցով:
Էթելաաթ օրաթերթ
Կիմ Չեն Ընը հրամայել է բանակը նախապատարստել պատերազմի համար
Հյուսիսային Կորեայի բանակի ստեղծման տարեդարձի նախօրեին, Կիմ Չեն Ընը հրամայել է բանակի ուժերը բերել պատրաստ վիճակի:
Reuters-ի փոխանցմամբ՝ Հյուսիսային Կորեան պատրաստվում է տոնել իր բանակի կազմավորման 75-ամյակը, և այդ միջոցառման նախօրեին, Փհենյանի, Սեուլի և Վաշինգտոնի միջև լարվածության աճին զուգահեռ, Հյուսիսային Կորեայի պետական լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Կիմ Չեն Ընը հրամայել է բանակի ստորաբաժանումները բերել պատրաստ վիճակի:
armenpress.am
ԱՄՆ-ի առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը 2022 թ.-ին կազմել է ռեկորդային 948,1 միլիարդ դոլար
Միացյալ Նահանգների առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը 2022 թ.-ին հասել է 948,1 միլիարդ դոլար ռեկորդային ցուցանիշի՝ նախորդ տարվա համեմատությամբ ավելանալով 12,2 տոկոսով:
Այս մասին են վկայում փետրվարի 7-ին ԱՄՆ առևտրի նախարարության հրապարակած տվյալները, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը: «2022 թ.-ին ապրանքների և ծառայությունների դեֆիցիտը կազմել է 948,1 միլիարդ դոլար՝ 2021 թ.-ի 845 միլիարդ դոլարի համեմատությամբ ավելանալով 103 միլիարդ դոլարով», - ասված է ԱՄՆ Տնտեսական վերլուծության բյուրոյի հաղորդագրության մեջ, որը մտնում է առևտրի նախարարության կազմի մեջ:
Դեկտեմբերին դեֆիցիտն ավելացել է 10,5%-ով՝ հասնելով 67,4 մլրդ դոլարի: 2022 թ.-ին ԱՄՆ-ի արտահանումը կազմել է ավելի քան 3 տրիլիոն դոլար՝ 2021 թ.-ի համեմատությամբ ավելանալով 453,1 մլրդ դոլարով, ներմուծման ցուցանիշը 2021 թ.-ի համեմատությամբ աճել Է 556,1 մլրդ դոլարով և գրեթե հասել է 3,96 տրլն դոլարի:
Ինչպես գրում Է Dow Jones գործակալությունը, ԱՄՆ-ի առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը հասել է պատմական առավելագույնի արդեն երրորդ տարին անընդմեջ։ Եթե 2022 թ.-ին այդ ցուցանիշը կազմում էր 948,1 միլիարդ դոլար, ապա վեց տարի առաջ այն կիսով չափ պակաս էր։ Գործակալությունը նշում է, որ ԱՄՆ-ն առևտրային մեծ դեֆիցիտ ունի արդեն շատ տարիներ, և սովորաբար դա զգալի ազդեցություն չի ունենում տնտեսական ցուցանիշների վրա։
2022թ.-ին առևտրային հաշվեկշռի դեֆիցիտի աճը հիմնականում պայմանավորված է նրանով, որ ամերիկացիներն արտասահմանում գնել են տեխնիկա, դեղամիջոցներ, բջջային հեռախոսներ, ինչպես նաև ավտոմոբիլներ և դրանց պահեստամասեր, վկայում են առևտրի նախարարության տվյալները:
armenpress.am
Բոբ Մենենդեսը հավանություն է տվել F-35-երի մատակարարմանը Հունաստանին
ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը հավանություն է տվել հինգերորդ սերնդի F-35 կործանիչների էսկադրիլիա գնելու Հունաստանի խնդրանքին։
Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից: «Ես ուրախ եմ, որ երկու օր առաջ հավանություն տվեցի Հունաստանի Հանրապետությանը F-35-ի (խմբ.՝ վաճառքին), և ես դա չարեցի այն պատճառով, որ պարզապես հույն ժողովրդի երկրպագուն եմ:
Ես դա արեցի, քանի որ դա մի երկիր է, որը կիսում է մեր արժեքները, որը համաձայն է մեզ հետ այն հարցում, թե ինչն է կարևոր աշխարհում՝ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, դա երկիր Է, որը ռազմատենչորեն տրամադրված չԷ իր հարևանների նկատմամբ, այլ՝ հակառակը»,- Վաշինգտոնում Դելֆյան տնտեսական համաժողովում ասել է Մենենդեսը՝ ներկա գտնվողների ծափահարությունների ներքո:
«Երբ երկիրը կիսում է մեր արժեքները և կա ռազմավարական շահ, ես առանց որևէ խնդրի կստորագրեմ որպես արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ, որի իրավասության մեջ մտնում Է զենքի վաճառքը: Բայց երբ երկիրը հակառակն է ցույց տալիս, ապա՝ այո՛, ինձ մոտ խնդիրներ են առաջանում», - ասել է Մենենդեսը։ Հունաստանը 2022 թ. հունիսի վերջին պաշտոնական խնդրագիր Է ուղարկել ԱՄՆ-ին հինգերորդ սերնդի F-35 կործանիչների էսկադրիլիա գնելու վերաբերյալ։
Աթենքը մտադիր է ձեռք բերել 20 F-35 ինքնաթիռ, իսկ հետագայում՝ ևս 20-ը: Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլայոս Պանայոտոպուլոսը հունվարի 27-ին խորհրդարանական նիստի ժամանակ ասել էր, որ F-35-ի հարցով խնդրագրին ԱՄՆ-ի պատասխանն սպասվում է երկու-երեք ամսից։ Միաժամանակ Հունաստանը փորձում է խոչընդոտել Թուրքիային F-16 Block 70 կործանիչների վաճառքը, ինչը դարձել է պատճառներից մեկը, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հրաժարվել Է շփվել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ՝ նրան մեղադրելով ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու մեջ։ Թուրքիան պլանավորում է ԱՄՆ-ից գնել 40 F-16 կործանիչ և արդիականացնել իր սպառազինության մեջ գտնվող ևս 80-ը:
Սենատոր Մենենդեսը, որպես Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ, իրավունք ունի վետո դնել ամերիկյան սպառազինությունների համակարգերի վաճառքի վրա։ Մենենդեսը 2022 թ. հուլիսին Աթենքի AMHA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում թվարկել Էր այն պայմանները, որոնց դեպքում նա կարող էր հետ կանչել Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու իր առարկությունները:
Դրանց թվում են Անկարայի հրաժարումը ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերից և Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններից, հունական կղզիների վրայով թռիչքների դադարեցումը, մարդու իրավունքների խախտումների, այդ թվում՝ լրագրողների և փաստաբանների ազատազրկման դադարեցումը։
armenpress.am
ՀՀ փոխվարչապետը ՄԹ դեսպանին է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված իրավիճակը
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալլագերին:
«Մեծարգո՛ դեսպան, մենք մեծապես կարեւորում ենք Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը Հայաստանում ոլորտային բարեփոխումների իրականացման գործում եւ գոհունակությամբ կարող ենք արձանագրել հայ-բրիտանական երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկան»,- ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է փոխվարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, իր խոսքում հատուկ ընդգծել է Տիգրան Խաչատրյանը:
Փոխվարչապետը դեսպանին է ներկայացրել նաեւ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը:
Շնորհավորելով փոխվարչապետ Խաչատրյանին նշանակման առթիվ եւ մաղթելով բեղմնավոր աշխատանք նոր պաշտոնում՝ դեսպանը հայտնել է, որ Միացյալ Թագավորությունն ուշադրությամբ հետեւում եւ բարձր է գնահատում Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները:
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են «Լավ կառավարման հիմնադրամի» եւ Հայաստանի ներդրումային խորհրդի համագործակցությանը, որը ծառայում է որպես պետություն-մասնավոր հատված երկխոսության հարթակ Հայաստանի կառավարության ու Փոքր եւ միջին ձեռնարկատիրության ասոցիացիաների միջեւ, քննարկել են հայ-բրիտանական առեւտրաշրջանառության զարգացման, գործարար կապերի հաստատման, ինչպես նաեւ երկու երկրների առեւտրաշրջանառության ծավալների ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր:
panorama.am
Երկրաշարժից հետո դադարեցվել է Ադրբեջանից նավթի արտահանումը
Թուրքիայում, Սիրայում երեկ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով դադարեցվել է Ադրբեջանից նավթի արտահանումը Ջեյհանյան հոսքագծով։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այդ հոսքագծով օրական արտահանվում է 650 հազար բարրել նավթ։ Արտահանման դադարեցումը հանգեցրել է համաշխարհային շուկայում նավթի թանկացմանը։
Նշվում է, որ Ջեյհանյան տերմինալը չի գործի այնքան ժամանակ, քանի դեռ չեն հաշվվել երկրաշարժի հետևանքով կրած վնասները։ Այն գտնվում է էպիկենտրոնից 155 կմ հեռավորության վրա։
Աղբյուրները նշում են, որ անհրաժեշտության դեպքում նավթի փոխադրումը Բաքու-Թբիլիսի-Ջեյհանով կկրճատվի։
panorama.am
Հայաստանի ուղարկած փրկարարական ջոկատն ու օգնությունն արդեն Թուրքիայում է. Փայլան
Հայաստանի ուղարկած փրկարարական ջոկատն ու օգնությունն արդեն վայրէջք է կատարել Թուրքիայում, հայտնել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:
«Հայաստանի ուղարկած փրկարարական ջոկատն ու օգնութիւնը արդէն իսկ վայրէջք կը կատարէ երկիր։
Զօրակցութիւնը կեանք է»,- գրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանը պատրաստվում է օգնություն տրամադրել երկրաշարժից տուժած Թուրքիային ու Սիրիային։
Նիկոլ Փաշինյանը նաև հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
«Վարչապետը ցավակցություն ու զորակցություն է հայտնել Թուրքիայի նախագահին և ժողովրդին՝ երկրի հարավարևելյան շրջաններում տեղի ունեցած հուժկու երկրաշարժի հետևանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր վիրավորներին և հավելել, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից թռիչքի է պատրաստվում Հայաստանի Հանրապետության փրկարարական ուժերին աղետի գոտի տեղափոխող ինքնաթիռը»,- հայտնել են ՀՀ կառավարությունից։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին, վաղ առավոտյան 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում, որի հետևանքով այս պահին զոհերի թիվը հասնում է 4 հազարի, վիրավորներինը՝ 22168 -ի։ Երկրաշարժից տուժել են նաև Սիրիայի Հալեպ, Լաթաքիա, Համա և Տարտուս նահանգները։
Ժամեր անց, մոտավորապես 14:25-ին տեղի է ունեցել ևս մեկ երկրաշարժ՝ 7,6 մագնիտուդով։ Թուրք սեյսմոլոգների տվյալներով՝ ամենաշատ տուժած քաղաքներից մեկը Գազիանթեփն է։
Ավելի ուշ փորձագետները երեք տասնյակ հետցնցումներ են գրանցել, իսկ օրվա կեսին՝ նոր հզոր ցնցումներ՝ 7,7 մագնիտուդով։ Երկրաշարժը զգացվել է Լիբանանում, Իրաքում, Իսրայելում, Վրաստանում, Աբխազիայում, փոքր հետցնցումներ են գրանցվել Սոչիում։
panorama.am
ՌԴ ԱԳՆ. Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելու գաղափարը հազիվ թե իրատեսական լինի
Ղարաբաղ ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելու գաղափարը դժվար թե իրատեսական լինի, տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման խնդիրները արդյունավետորեն լուծում է ռուսական խաղաղապահ զորախումբը։ Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Պետր Իլյիչևը:
Նա նշել է, որ միջազգային և օտարերկրյա կազմակերպություններից Ղարաբաղում դեռ աշխատում է միայն Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, իսկ «ՄԱԿ-ի մարդասիրական գործակալությունները ադրբեջանցիներից և հայերից թույլտվություն չեն ստացել մուտք գործելու անկլավ, նույնիսկ կարիքների գնահատման առաջնային առաքելություն իրականացնելու համար»:
Իլյիչևի խոսքով՝ «դժվարություններն առաջանում են կողմերի հետ քաղաքական առումով հավասար հեռավոր դիրք պահպանելու անկարողության պատճառով, ներառյալ տարածաշրջան մուտքի և ելքի եղանակների, հաշվետվությունների, վերահսկողության և մարդասիրական գործունեության կառուցման իրավական հիմքերի առոմով»:
«Այս պայմաններում Լեռնային Ղարաբաղին նույնիսկ միջազգային մարդասիրական օգնություն տրամադրելու հարցում առաջընթաց չկա, միջազգային խաղաղապահ կոնտինգենտի գործուղման գաղափարի գործնական իրականացումը, որն առավել ևս կպահանջի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցները, դժվար թե իրատեսական լինի»-ասել է Իլյիչևը և հավելել է. «Մենք ելնում ենք նրանից, որ ռուսական խաղաղապահ զորախումբը արդյունավետորեն հաղթահարում է Լեռնային Ղարաբաղում խաղաղության և անվտանգության վերականգնման բոլոր խնդիրները»։
Բացի այդ, նշել է ռուս դիվանագետը, խաղաղապահ առաքելությունները, որոնք տեղակայված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատի ներքո, միշտ չէ, որ վայելում են ընդունող պետությունների վստահությունը։
«Որոշ դեպքերում վերջիններս հանդես են գալիս «Կապույտ սաղավարտների» դուրսբերման օգտին դրանց ցածր արդյունավետության պատճառով: Հետևաբար, հարցը ոչ այնքան այն է, թե ով է թույլ տվել խաղաղապահ գործողությունը, որքան հակամարտության երկու կողմերի բարի կամքի առկայությունը դրա դադարեցման և հետևանքների վերացման հարցում»,-ասել է Իլյիչևը։