Մամուլի տեսություն – 9.02.2023
Իրանական Քրուզներ, որոնք նոր հրթիռներով դարձել են Իրանի թշնամիների մղձավանջը։
Վաթանե Էմրուզ Օրաթերթ
Բայդենի տարեկան ելույթը և ամերիկյան հասարակության մեջ քաղաքական պառակտման ճգնաժամը
Բայդենի ամենամյա ելույթը ԱՄՆ Կոնգրեսում, որը տեղի ունեցավ երեքշաբթի երեկոյան տեղական ժամանակով, ակնհայտ դրսեվորում էր ամերիկյան քաղաքական համայնքի վիճակի, ինչպես նաև արտաքին քաղաքականության ոլորտում երկրի ծրագրերը, հատկապես Չինաստանի վերաբերյալ բանավեճում։ Բայդենին բազմիցս սուլել են այս ելույթում, իսկ հանրապետականների ներկայացուցիչները նրան բարձրաձայն անվանել են «ստախոս»՝ Միացյալ Նահանգների քաղաքական և տնտեսական վիճակի մասին նրա զեկույցի պատճառով։ Սակայն դա չխանգարեց Ամերիկայի նախագահին սպառնալ այս երկրին՝ բարձրացնելով չինական օդապարիկների հարցը և ցույց տալ, որ իր կառավարության կարծիքով առճակատման և ճակատամարտի իրական ասպարեզը Կոնգրեսում և ԱՄՆ քաղաքական կուսակցությունների միջև չէ, այլ Չինաստանի հետ:
Ջավան օրաթերթ
Իսրայելի հրթիռային մղձավանջն լրացավ «Ասեֆ»-ի բացմամբ։
Իրանական թեւավոր Քրուզները, որոնք Սումառ հրթիռի արձակմամբ գերազանցել էին 1000 կիլոմետրի շառավիղը, ցույց տվեցին, որ կարող են դառնալ թշնամիների նոր մղձավանջը՝ ներկայացնելով ռազմածովային երկու կարևոր արտադրանք՝ «Աբու Մահդի» հրթիռը և «Ասեֆ» օդային հրթիռը։
Ի շարունակություն հարձակողական զինատեսակներով հագեցած ստորգետնյա հենակետերի կամ այսպես կոչված ստորգետնյա քաղաքների օպտիմալ օգտագործման զինված ուժերի մեծ ու կարևոր ծրագրի՝ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերի «Օղաբ-44» ավիաբազան, որը ունակ է ընդունելու և շահագործելու բոլոր տեսակի կործանիչներ և ռմբակոծիչներ, ինչպես նաև Բանակի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերի, շահագործման է հանձնվել Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Բաղերիի ներկայությամբ և ներկայացվել է այգաբացի տասնօրյակում»:
Էթելլաթ օրաթերթ
«ՅՈՒՆԻՍԵՖ».- Աֆղանստանը բախվում է մարդասիրական ամենավատ ճգնաժամի հետ
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) իր զեկույցում հայտարարել է, որ Աֆղանստանի ժողովուրդը բախվել է մարդասիրական ամենավատ ճգնաժամին և պայքարում է դրա դեմ։ «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի վերջին զեկույցում ասվում է. «Այժմ Աֆղանստանի ժողովուրդը առնչվում է մարդկային ամենավատ ճգնաժամին, և համաշխարհային հանրությունը չպետք է մոռանա նրանց»։
news.am
Եթե ՀԱՊԿ-ն չի ասում՝ որն է Հայաստանի տարածքը, ո՞նց է դիտարկելու. Իսկ ԵՄ–ն հստակ գծագրել է. Փաշինյան
Թեմայի հետ կապված բազմաթիվ թյուրըմբռնումներ կան, այդ թվում եւ Հայաստանի փորձագիտական հանրության շրջանում Ինչպե՞ս է ստացվել, որ ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը չի ժամանում, իսկ ԵՄ դիտորդական առաքելությունը ժամանում է: Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, կա հստակ ըմբռնում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու մասին. «Մենք ՀԱՊԿ-ից խնդրել ենք ամենակարեւոր սկզբունքային մի բան՝ ճշգրտել ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին Հայաստանում: Այսինքն մեզ ասել իրենց պատկերացումը, թե ո՞րն է Հայաստանի Հանրապետությունը: Մենք այս հարցի պատասխանը չենք ստացել:
Մյուս կողմից ԵՄ քաղաքացիական առաքելության գործուղումն ինչու է հնարավոր դարձել, որովհետեւ Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքում ԵՄ-ն հստակ գծագրել է, այդ թվում Հայաստանի ու Ադրբեջանի մասնակցությամբ ու համաձայնությամբ, թե որն է Հայաստանի Հանրապետությունը: Այսինքն իրենք ասել են՝ մեր պատկերացմամբ Հայաստանի քարտեզը սա է, կամ մենք ենք ասել, իրենք էլ հաստատել են: Իրենք գալիս են այդ տարածքը դիտելու, մոնիտորինգ անելու: Առանց տարածքի մասին պատկերացման դիտորդական առաքելությունը կլինի առնվազն տարօրինակ, որովհետեւ իրենց համար պարզ չի՝ իրենք ինչ են դիտում»,-ասաց Փաշինյանը:
Նա հվելեց, որ այս հարցն առաջացել է այն իրավիճակից, երբ Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ տարածքները. «Եթե որեւէ առաքելություն չգիտի, թե որն է ՀՀ տարածքը, ո՞նց է ինքը դիտարկելու օկուպացված է ՀՀ տարածքը, թե ոչ»:
Փաշինյանը անդրադարձավ նեւ մեկ այլ ասպեկտի՝ նշելով. «Մինչեւ ԵՄ առաքելությունը Ադրբեջանը արեւմտյան հարթակներում իր ագրեսիվ գործողություններն ընդդեմ Հայաստանի բացատրում էր նրանով, որ Հայաստանը, ՀՀ վարչապետը ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է բերում եւ տեղակայում հայ-ադրբեջանական սահմանին, պատրաստվում է հայ-ռուսական համատեղ ագրեփսիվ հարձակում հարձակում Ադրբեջանի դեմ եւ Ադրբեջանը իր ագրեսիվ հարձակումներով փորձում է շատ, թե քիչ հավասարակշռել իրավիճակը՝ իր խոցելիություները կառավարելու համար:
news.am
Հնարավորություն ենք տալու, որ կանայք կամավորության հիմունքներով 6 ամիս ժամկետային զինծառայություն անցնեն. Փաշինյան
Մենք հնարավորություն ենք տալու, որ կանայք կամավորության հիմունքներով վեց ամիս ժամկետային զինծառայություն անցնեն, որից հետո իրենք նույնպես կարող են «Պաշտպան հայրենյաց»-ի տրամաբանությամբ անցնել ավելի երկարաժամկետ զինծառայության։ Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Դիմելով ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանին՝ Փաշինյանը հարցրեց, թե երբվանից կարող են դիմումներ գրել 6-ամսյա զինծառայություն անցնելու վերաբերյալ։
«Ամեն ինչ կանենք, որ ձմեռային զորակոչին հասցնենք, դժվարանում եմ ասել ամառայինին կհասցնենք, թե ոչ, ամեն ինչ կախված է մեր արագությունից»,- ասաց Պապիկյանը։
Արձագանքելով՝ Փաշինյանն նշեց․ «Մենք խնդիր ենք դրել, որ մեր կանանց համար նոր և թարմ ենթակառուցվածքներ լինեն, որպեսզի նոր բովանդակությամբ ու թարմությամբ սկսենք այդ գործընթացը, նոր էջ է իրենց համար»։
armenpress.am
Հայաստանում Սիրիայի դեսպանությունում փետրվարի 9-ին բացվել է սգո մատյան
Սիրիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժով պայմանավորված՝ Հայաստանում Սիրիայի դեսպանությունում փետրվարի 9-ին բացվել է սգո մատյան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վաղ առավոտից դեսպանություն են այցելել ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, քաղաքացիներ՝ իրենց ցավակցությունը հայտնելու Սիրիայի ժողովրդին:
Փետրվարի 6-ին ավերիչ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում և Սիրիայում: Սիրիայում զոհվել է 3000-ից ավելի մարդ, կան մի քանի հազար տուժածներ: Փետրվարի 7-ին Հայաստանի ԱԳ նախարարությունը հայտնեց Սիրիա և Թուրքիա փրկարարական խմբեր ուղարկելու մասին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հեռախոսազրույցների ընթացքում ՀՀ վարչապետը զրուցակիցներին ցավակցել էր ավերիչ երկրաշարժի կապակցությամբ և հայտնել Հայաստանի կողմից տրամադրվելիք աջակցության մասին: Հայաստանը Թուրքիա է ուղարկել 27, իսկ Սիրիա՝ 29 փրկարար: Հայաստանից Սիրիա նաև 30 տոննա հումանիտար օգնություն է ուղարկվել:
armenpress.am
Մոսկվայում հայտարարել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում նախապատրաստելու մասին
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման կազմակերպման հարցը մշակման փուլում է:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի խոսքերը: «Այդ հարցը մշակման փուլում է: Մենք այդ մտքից չենք հրաժարվում: Մենք ցանկանում ենք առավելագույնս օգտագործել այն ռեսուրսները, որոնց տիրապետում ենք հարթակներ տրամադրելու և կայունացմանը միտված առկա պայմանավորվածությունների առաջմղման ձևաչափի առումով»,- ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը:
tert.am
ԼՂ-ում աղետը չի նշանակում, որ պետք է կորցնենք մեր մարդկայնությունը․ Վահան Քերոբյանը՝ Թուրքիային ուղարկված օգնության մասին
Ես կարծում եմ, որ մենք պետք է մասնակցենք բնական աղեի պատճառով տուժած մարդկանց օգնելու գործին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանի կողմից Թուրքիա փրկարարներ ուղարկելու հանգամանքին, ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է ավելի ու ավելի մեծացնի իր համագործակցությունը աշխարհի բոլոր երկրների հետ, այդ թվում հումանիտար առումով»,- ասաց նախարարը։
Լրագրողների դիտարկմանը, որ հենց իշխանությունների կողմից բազմիցս խոսվել է այն մասին, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիան օգնել է Ադրբեջանին, այդ պարագայում որքանով էր նպատակահարմար օգնություն ուղարկելը, Քերոբյանն ասաց․
«Կարծում եմ, որ ցանկացած հարցի լուծում պետք է լինի համագործակցության միջոցով, եթե երկրները կռվում են իրար հետ, հարցը չի լուծվում։ Մենք հիմա լավ օրինակ ենք ցույց տալիս, թե ինչպես պետք է դրական օրակարգով ցույց տանք, որ պատրաստ ենք համագործակցության ու հարաբերությունների լավացման։ Այս պահին ունենք հումանտար աղետ նաև ԼՂ-ում, այնտեղ խնդրի առկայությունը չի նշանակում, որ պետք է կորցնենք մեր մարկայնությունը»։
tert.am
Արցախում հովհարային անջատման ժամանակացույցում փոփոխություններ կլինեն․ Արցախէներգո
Օդային գծերի վրա առկա բեռը թեթևացնելու նպատակով հովհարային անջատման ժամանակացույցում փոփոխություններ են մտցվում։ Այս մասին հայտնում է Արցախէներգո ՓԲԸ-ն։
«Տեղեկացնում ենք, որ գազամատակարարման բացակայության պատճառով, օդային գծերի վրա առկա բեռը թեթևացնելու նպատակով, փետրվարի 9-ի ժամը 16։00-ից գործող հովհարային անջատման ժամանակացույցում փոփոխություններ են մտցվում։
Նոր ժամանակացույցով կպահպանվի յուրաքանչյուր բաժանորդի օրական 6 ժամյա անջատումը, սակայն 3 անգամ 2-ական ժամ անջատման փոխարեն այսուհետ խմբերը կանջատվեն օրական 6 անգամ 1-ական ժամով։
Նոր ժամանակացույցը շուտով կհրապարակվի», - ասված է հաղորդագրության մեջ։