Մամուլի տեսություն 12.02.2023
Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի տոնակատարությունն ամբողջ երկրում միլիոնավոր իրանցիների համախմբող քայլերթերով անցկացվել է ավելի խանդավառ, քան նախորդ տարիներին։
Վաթան էմրուզ
Թշնամու պարտության օրը
Իրանի ժողովուրդը հավատարիմ է իսլամական փառահեղ հեղափոխության նկատմամբ իր հանձնառությանը: Սա, հավանաբար, կարելի է համարել երկրի փողոցներում անցկացված երթերին մարդկանց պատմական մասնակցության ամենակարեւոր ուղերձը։ Թշնամուն պարտության մատնող ներկայությունը, որը ևս մեկ անգամ աշխարհին փոխանցեց հեղափոխության հիմնական ուժը, այն է՝ ժողովրդի աջակցությունն Իսլամական Հանրապետության համակարգին։
Երեկ՝ Բահմանի 22-ին նվիրված քայլերթը՝ որպես «Իրանի ժողովրդի ազգային և ընտանեկան տոն» անցկացվել է երկրի փողոցներում Իրանի ժողովրդի տարբեր խավերի մասնակցությամբ ։ Քայլերթի մասնակիցները ծածանելով Իսլամական Հանրապետության սրբազան դրոշը և բարձրացնելով հեղափոխական կարգախոսներ պարունակող
պաստառներ և լուսահոգի իմամ Խոմեյնիի ու նահատակ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի լուսանկարները սխրալի տեսարաններ են արարել։
Ջավան
Հեղափոխություն ընդդեմ անկարգությունների
Երեկ՝ Բահմանի 22-ին, տեղի ունեցած քայլերթն իրականում «հեղափոխություն էր ընդդեմ անկարգությունների»։ Ե՛վ այն պատճառով, որ հեղափոխության ամբողջությունն ու բնույթը ի հայտ եկավ, և՛ այն պատճառով, որ դա մի տեսակ ըմբոստություն էր այն խռովության դեմ, որը նրանք ուզում էին անվանել «հեղափոխություն»։
Քեյհան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար․Արեւմուտքն Ուկրաինային տվել է 120 միլիարդ դոլարի զենք եւ գումար
ԱՄՆ պետքարտուղարի հետ համատեղ մամուլի ասուլիսում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է,որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից Ուկրաինային է տրամադրվել 120 միլիարդ դոլարի զենք։ Նա չնշեց այն տնտեսական խնդիրները, որոնք պատուհասել են Արևմուտքի ժողովրդին մինչ այդ օգնությունների տրամադրումը։
Շուտով կլրանա Ուկրաինայում ընթացող պատերազմի մեկ տարին, և այս ընթացքում Եվրոպան , ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի անդամ երկրները միլիարդավոր դոլարների գումար, զենք և տեխնիկա են ուղարկել պատերազմի ճակատ՝ նպատակ ունենալով պարտության մատնել Ռուսաստանին, և դա այն դեպքում, երբ այս երկրների ժողովուրդները այս պատերազմի ստվերում դիմագրավել են ամենածանր տնտեսական ճգնաժամերը, այնպես որ որոշ գնահատականներ ցույց են տալիս, որ այս ընթացքում Ռուսաստանի էներգետիկ էմբարգոյի պատճառով միայն եվրոպական երկրները կրել են մոտ մեկ տրիլիոն դոլարի վնաս։
Էթելաաթ
Առողջապահության բոլոր ցուցանիշների առումով Իրանն ավելի բարձր դիրքում է, քան հարեւան երկրները
Իրանի Առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարն ասել է.-«Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցի համաձայն՝ Իրանի Իսլամական Հանրապետությունն առողջապահության բոլոր ցուցանիշների առումով ավելի բարձր դիրքում է, քան հարեւան երկրները։
Դոկտոր Բահրամ Էյնոլլահին բուժաշխատողների, և առողջապահական մարզիչների համաժողովում Իրանի առողջապահական համակարգը համարել է Իրանի Իսլամական Հանրապետության ամենամեծ ձեռքբերումը:
Իրան
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը հավասար է մի քանի հարյուր միջուկային ռումբի պայթյունին
Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման վարչության ռիսկերի նվազագույնի հասցնելու բաժնի ղեկավար Օրհան Թաթարը հայտարարել է․-«Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժը հետևանքների առումով համեմատելի է 500 միջուկային ռումբի պայթյունի հետ»։
«Այս շրջաններում երկրաշարժը տևել է երկու րոպե, ավերիչ ազդեցությունը համեմատելի է 500 ատոմային ռումբի պայթյունի հետ»,-ասել է նա։
Շաբաթ օրը լրագրողներին տված հարցազրույցում Թաթարն ասել է, որ աղետի ուժգնությունը գերազանցել է իր և իր գործընկերների կանխատեսումները։
Փետրվարի 6-ին Թուրքիայում 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։
Tert.am
ԵԽ ֆրանսիացի պատգամավորն այցելել է Հայաստանը Արցախին կապող ճանապարհի սահմանային անցակետ, արձանագրել, որ ճանապարհը փակ է
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն փետրվարի 11-ին Գորիսում հանդիպել է Սյունիք ժամանած՝ Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Եվրախորհրդարանում «Les Républicains - LR» կուսակցության պատվիրակության ղեկավար Ֆրանսուա-Քզավիե Բելամինին։Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից:
Մարզպետը նրան ուղեկցել է Հայաստանը Արցախին կապող ճանապարհի սահմանային անցակետ, ինչպես նաև ճանապարհի փակ լինելու պատճառով Գորիսում ժամանակավորապես ապաստանած արցախցիների հետ հանդիպման։
Պաշտոնյաները նաև առանձնազրույց են ունեցել, որի ընթացքում ֆրանսիացի հյուրը Ռ․Ղուկասյանից տեղեկացել է մարզում ստեղծված կացության մասին։
Պարոն Բելամինը առաջիկայում Եվրախորհրդարանում ելույթ պետք է ունենա Բերձորի միջանցքի փակ լինելու և դրա հետևանքների թեմայով ու Սյունիք է եկել, որպեսզի անձամբ տեսնի այստեղ կատարվողը․ նրան հետաքրքրում էր թե՛ Սյունիքի սահմանների, թե՛ Արցախ-Հայաստան ճանապարհի իրավիճակը։
Այցելելով սահմանակետ՝ նա արձանագրել է, որ ճանապարհը փակ է, ու քաղաքացիներն այդտեղով անցնել չեն կարողանում։ Իսկ Գորիսում բնակվող արցախցիները պատգամավորին ներկայացրել են իրենց ամենանվիրական ցանկությունը՝ վերադառնալ հայրենիք՝ չնայած այնտեղ ներկայումս առկա ծանր սոցիալ-տնտեսական կացությանն ու հումանիտար ճգնաժամին։
Ըստ Ռոբերտ Ղուկասյանի՝ Ֆրանսուա-Քզավիե Բելամինը սրանով ցույց է տալիս, որ իր երկիրը հայ ժողովրդի կողքին է․ «Ու սա հստակ ազդակ է, որովհետեև նա առաջին պաշտոնյան չէ, որ այցելում է Սյունիք․ սրանով Ֆրանսիան հստակ ազդարարում է, որ բոլոր մակարդակներում աջակցում է Հայաստանին»։
Մարզպետը նաև հարցազրույց է տվել պատգամավորին ուղեկցող ֆրանսիական լրատվամիջոցներին։
Shamshyan.com
ՌԴ խաղաղապահները մարդասիրական բեռով ևս մեկ ավտոշարասյուն են ուղեկցել Ստեփանակերտ
Ռուս խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։
Նշվում է, որ 30 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը։
«Ռուս խաղաղապահ զորակախմբի հրամանատարությունը շարունակում է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհահատվածով անարգել երթևեկությունը վերսկսելու շուրջ բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Իսկ արդեն այսօր, ռուս խաղաղապահները մարդասիրական բեռով ևս 1 ավտոշարասյուն են ուղեկցել Գորիս-Ստեփանակերտ երթուղով։
Armenpress.am
«Ֆիթչը» վերանայել է Հայաստանի «B+» վարկանիշը. հեռանկարը «կայուն»-ից՝ դեպի «դրական»
«Ֆիթչ» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն «B+» վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից փոխելով դեպի «դրական»:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարությունից, հեղինակավոր վարկանիշային գործակալության զեկույցում նշվում է, որ Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարի վերանայման հիմքում ընկած են տնտեսության դրական դինամիկան և բարձր տնտեսական աճը, որի վրա դրական ազդեցություն է ունեցել մարդկանց և կապիտալի զգալի ներհոսքը, հարկային եկամուտների գերակատարումն ու պարտքի բեռի նվազումը, տնտեսության արտաքին դիրքի բարելավումը:
«Մասնավորապես, հատկանշական է Հայաստանի բարձր տնտեսական աճը, որը 2022թ. գնահատվել է 11.6%՝ ամենաբարձրը վերջին 15 տարիների ընթացքում: Բարձր աճի ձևավորման վրա ազդել են միգրանտների և կապիտալի զգալի ներհոսքը։ Գործակալությունն ակնկալում է, որ միգրանտների զգալի մասը կմնա Հայաստանում առնվազն երկու-երեք տարի, ինչը կհանգեցնի դրական տնտեսական զարգացումների պահպանմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ արձանագրվել է նաև բյուջեի դեֆիցիտի զգալի նվազում՝ պայմանավորված հիմնականում հարկային եկամուտների բարձր աճով: Արդյունքում, 2022թ. բյուջեի դեֆիցիտ/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 2.2%՝ 2021թ. 4.6%-ի դիմաց: Բացի այդ, կառավարության պարտքը 2022թ. նվազել է գրեթե 13 տոկոսային կետով՝ կազմելով ՀՆԱ-ի 47.6%-ը և ակնկալում է, որ միջնաժամկետ հատվածում կպահպանվի այդ մակարդակում։
Զեկույցը դրական է գնահատվում նաև կապիտալի ներհոսքի պայմաններում արտաքին դիրքի բարելավումը՝ ընթացիկ հաշվի հավելուրդը, ինչը նպաստել է նաև արտարժութային պահուստների 880 մլն ԱՄՆ դոլար ավելացմանը: Բացի այդ, 2022թ. զուտ արտաքին պարտքը նվազել է մոտ 12 տոկոսային կետով և կազմել է ՀՆԱ-ի 44.5%-ը։ Գործակալությունը արտաքին կայունության տեսանկյունից կարևորում է ԱՄՀ հետ 171 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ եռամյա կանխարգելիչ նոր ծրագիրը, որը բացասական արտաքին ցնցումների դեպքում կարող է հանդիսանալ որպես բուֆեր:
Նշվում է, որ միևնույն ժամանակ, գործակալության դիտարկմամբ՝ Հայաստանն առանձնանում է կառավարման ուժեղ ցուցանիշներով, ինչպես նաև մակրոտնտեսական և հարկաբյուջետային քաղաքականության ամուր շրջանակով և բարեփոխումների նկատմամբ վստահելի հանձնառությամբ:
«Ֆիտչ»-ն ընդգծել է նաև սուվերեն վարկանիշի հետագա բարելավմանը նպաստող գործոնները, որոնք են՝ միջնաժամկետ հատվածում կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշի շարունակական նվազումը և կապիտալի զգալի ներհոսքի արդյունքում արձանագրված արտաքին դիրքի և ֆինանսների բարելավման պահպանումը միջնաժամկետ հատվածում:
News.am
Երկրաշարժի հետեւանքով Թուրքիայի Ալեքսանդիթում հայ ընտանիքի 3 անդամներ են զոհվել
Երկրաշարժի հետեւանքով Ալեքսանդիթում հայ ընտանիքի 3 անդամներ են զոհվել: Այս մասին հայտնում է «Գանձասար» շաբաթաթերթը:
«Երէկ երեկոյեան, Հալէպի Հայ Մարմնակրթական Միութեան (ՀՄՄ-ի) Վարչութիւնը խոր կսկիծով գուժեց մահը Երկուշաբթի, 6 Փետրուար 2023-ին աղէտեալ երկրաշարժին հետեւանքով Աղեքսանտրէթի (Իսկէնտէրունի-Թուրքիա) մէջ զոհուած Մեսրոպեան ընտանիքի անդամներուն՝ Հալէպի ՀՄՄ-ի նախկին Տիկնանց Վարչութեան ատենապետուհի Դշխուն Մեսրոպեանի եւ իր երկու զաւակներուն՝ Արմիկ եւ Մեսրոպ Մեսրոպեաններուն, որոնք եղած են ՀՄՄ-ի սկաուտներ, իսկ Արմիկը նաեւ Նոր Սերունդ Մշակութային Միութեան պարախումբի անդամ»,- հայտնում են «Գանձասարից»։
Նշենք, որ ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվն անցել է 21 հազարից, վիրավորները 80 հազարից ավելի են: Հայաստանը 27 հոգանոց փրկարարական խումբ եւ 100 տոննա հումանիտար բեռ է ուղարկել Թուրքիա:
Armenpress.am
Թուրքիայի, Հայաստանի և ԱՄՆ փրկարարների գործակցությամբ Ադըյամանում երկու աղջնակ է դուրս բերվել փլատակներից
Թուրքիայի, Հայաստանի և ԱՄՆ փրկարարների գործակցությամբ Ադըյամանում երկու աղջնակ է դուրս բերվել փլատակներից՝ երկրաշարժի յոթերորդ օրը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը։
«Եօթներորդ օրը երկու հրաշքներ եւս պատահեցան։
Ատըեամանի մէջ, Թուրքիոյ, Հայաստանի եւ ԱՄՆ-ի ջոկատներու գործակցութեամբ երկու աղջնակ դուրս հանուեցան փլատակներու տակէն։
Զօրակցութիւնը կեանք է…»,- գրել է Փայլանը։