Մամուլի տեսություն – 15.02.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i193522-Մամուլի_տեսություն_15.02.2023
Իրանի նախագահի և նրան ուղեկցող բարձրաստիճան պատվիրակության Պեկին կատարած այցի ծրագրերից մեկը՝ Մետաքսի ճանապարհի վերածնման խորհրդատվությունն է։
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Փետրվար 15, 2023 14:21 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն – 15.02.2023

Իրանի նախագահի և նրան ուղեկցող բարձրաստիճան պատվիրակության Պեկին կատարած այցի ծրագրերից մեկը՝ Մետաքսի ճանապարհի վերածնման խորհրդատվությունն է։

Վաթան Էմրուզ օրաթերթ

Մետաքսի ճանապարհով

 

Իրանի նախագահի և բարձրաստիճան պատվիրակության Չինաստանի մայրաքաղաք Պեկին կատարած այցի ընթացքում Իրանի և Չինաստանի իշխանությունների միջև ստորագրվել է համագործակցության 20 փաստաթուղթ՝ շինարարության, էներգետիկայի և դրամային ոլորտներում։

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը կառավարության կաբինետի որոշ անդամների հետ մեկնել է Չինաստան, և այն հարցերի թվում, որոնք պետք է համաձայնեցվեն այս ճանապարհորդության ընթացքում, Մետաքսի ճանապարհի վերածնունդն է։

Աշխարհագրական առումով Իրանն ունի արևելքն ու արևմուտքը կապելու հնարավորություն: Իրանը ուղղակիորեն կամ անուղղակիորեն գտնվում է Չինաստանի, Հնդկաստանի, Պակիստանի, Միջերկրական ծովի, Սև ծովի, Թուրքիայի, Եվրոպայի, Ռուսաստանի, ԱՊՀ երկրների և Պարսից ծոցի հարավի երկրների միջև։ Իրանը կարող է կարևոր կենտրոն լինել երկրների միջև ապրանքների, էներգիայի և ծառայությունների տարանցման  համար, սակայն դրա նախապայմանը թշնամիների, տարածաշրջանային մրցակիցների կողմից ինքնամեկուսացումից դուրս գալն է և տարածաշրջանի երկրների հետ պատժամիջոցների ու դեէսկալացիայի վերացումը:

Ջավան օրաթերթ

Իրանում «SAR արբանյակի» կառուցման խոչնդոտը վերացվել է - Բարեկամների և թշնամիների ճշգրիտ դիտարկումը տիեզերքից յուրահատուկ և տեղական տեխնոլոգիայով

 

Թեև Իրանի տիեզերական արդյունաբերության 10-ամյա տեսլականին հասնելն ավելի արագությամբ է ձեռք բերվում, SAR ռադիոտեղորոշիչով հագեցած իրանական արբանյակի ներկայացումը ցույց տվեց, որ իրանական նոր սերնդի արբանյակներն ունեն կարևոր և եզակի հնարավորություններ:

Արեգակնային տարում Տիեզերական տեխնոլոգիաների ազգային օրվա արարողությունը լավ հնարավորություն էր բացահայտելու երկրի տիեզերական վերջին նվաճումները, ինչպիսիք են Թոլու 3 զգայական արբանյակը և Nahid 2 կապի արբանյակը: Այս արարողության ժամանակ, բացի Նահիդ 2 արբանյակի որակական նմուշի ցուցադրությունից (դա հեռահաղորդակցական արբանյակ է, որով մենք մուտք կգործենք տիեզերական բազայի կապի արդյունաբերություն) և Թոլու 3 արբանյակի թռիչքի նմուշը (10 մ գունավոր լուսանկարի և 5 մ սև ու սպիտակ լուսանկարների ճշգրտությամբ բնիկ զգայական արբանյակ) այս ոլորտում հանրությանը ցուցադրվեց տեղական տրեխնոլոգիայով նոր ձեռքբերումներ:

Քեյհան օրաթերթ

Տնտեսական ճգնաժամն ավելի շուտ կկործանի Եվրոպան, քան Ուկրաինայի պատերազմը

 

Պատմության և միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Ալի Բիգդելին մի հոդվածում գրել է. «Տնտեսական ճգնաժամն ավելի շուտ կկործանի Եվրոպան, քան Ուկրաինայի պատերազմը»:

Նա հավելեց. «Ու՞մ վնասին է Ուկրաինայում ճգնաժամի շարունակությունը։ Ռուսաստան, թե Եվրոպա»:

«Միանշանակ Եվրոպա»,- պատասխանում է Բիգդելին։ Այն, որ կարծում են, թե Ռուսաստանին կարելի է հաղթել, որ խոսում են Ռուսաստանի հետ պատերազմում հաղթելու մասին, և որ ընդհանրապես զգացողություն ունեն, որ Պուտինը պարտվելու է, պայմանավորված`  «Պուտինին չճանաչելու» պատճառով։

Էթելաաթ օրաթերթ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. Ռուսաստանը մեծ հարձակում է նախապատրաստում Ուկրաինայի վրա

 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն Ուկրաինայի Բախմուտ քաղաքում Ռուսաստանի ծանր հրետանու գործողությունն անվանել է Ուկրաինայի վրա ռուսական նոր և խոշոր հարձակման սկզբի նշան։

Ստոլտենբերգը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում ասել է. «Իրականությունն այն է, որ մենք ականատես ենք ռուսական ներխուժման սկզբին: Այն, ինչ անում է Պուտինը, ևս հազարավոր զորքեր ուղարկելն է և  մեծ թվով զոհերի ռիսկը»:

armenpress.am

Արարատ Միրզոյանն Ադըյամանում հանդիպել է հայ փրկարարների հետ

 

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Թուրքիայի Ադըյաման քաղաքում հանդիպել է հայ փրկարարների հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը կարճատև զրույց է ունեցել փրկարարների հետ, շնորհակալություն հայտնել նրանց կատարած բարդ ու պատասխանատու աշխատանքի համար:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Ադըյամանում աշխատող Հայաստանի փրկարարական ջոկատի ղեկավար, կապիտան Վահե Գևորգյանն ընդգծեց, որ բոլորը գոհ են հայ փրկարարների կատարած աշխատանքից: «Բոլորը մոտենում են մեզ, շնորհակալություն են հայտնում: Նաև զարմանում են, որ Հայաստանից ենք եկել, այդ դեպքում շնորհակալությունը կրկնապատկվում է: Կարելի է ասել, որ մենք անթերի աշխատանք ենք կատարել, որովհետև կարողացել ենք մյուս պետությունների փրկարար ծառայողների հետ արդյունավետ աշխատել»,- ասաց Գևորգյանը:

armenpress.am

Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են նոր թափ հաղորդել երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու աշխատանքներին

 

Հայաստանն ու Թուրքիան համաձայնություն են ձեռք բերել նոր թափ հաղորդել հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու աշխատանքներին:

«Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ այս մասին ասաց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը:

«Ինչ վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելուն, մեր նախարարն էլ ելույթի ընթացքում նշեց, որ համաձայնություն են ձեռք բերել այս խնդրի շուրջ աշխատանքներին նոր թափ հաղորդել։ Երկու նախարարները համաձայնության են եկել, հնարավորինս ամեն ինչ կանենք, որ կարճ ժամանակահատվածում, արագ կերպով Մարգարայի կամուրջը կարողանանք գործարկել»,- ներկայացնելով Անկարայում Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքներն՝ ասաց Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը։

Նա նաև վստահություն հայտնեց, որ վերջին շրջանի քայլերն առաջիկայում հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական ազդեցություն կունենան։

tert.am

Լավրովը հայտնել է, թե ինչպիսին է լինելու Ռուսաստանի արտաքին քաղաքականության նորացված հայեցակարգը

 

Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության նորացված հայեցակարգը կենտրոնանալու է միջազգային կյանքում Արևմուտքի գերակայությանը վերջ դնելու անհրաժեշտության վրա, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մեր արտաքին քաղաքականության նորացված հայեցակարգում մենք կխոսենք միջազգային կյանքի շրջանակի ձևավորման վրա Արևմուտքի մենաշնորհին վերջ տալու անհրաժեշտության մասին. այդ շրջանակն այսուհետ պետք է որոշվի ոչ թե իր եսասիրական շահերից ելնելով, այլ հավասարակշռության արդար, համընդհանուր հիմքի վրա, ինչպես պահանջվում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ, որում ամրագրած է բոլոր պետությունների ինքնիշխան իրավահավասարության սկզբունքը»,- ասել է նա չորեքշաբթի Պետդումայում։

Լավրովը հավելել է, որ Արևմուտքը «տարված է» միաբևեռ աշխարհակարգի ցանկությամբ և «կոպտորեն խախտում է» երկրների ինքնիշխան իրավահավասարության սկզբունքը։

«ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները տարված են նեոգաղութային, միաբևեռ աշխարհակարգը վերակենդանացնելու, նոր համաշխարհային կենտրոնների ձևավորման և վերելքի օբյեկտիվ գործընթացին միջամտելու մոլագար ցանկությամբ։ Եվ այս ամենը շարունակելու հույսով, ինչպես ասել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անցյալ տարվա սեպտեմբերի 30-ին Կրեմլում իր ելույթում, «մարդկությունից տուրք հավաքելու, հեգեմոնի վարձը կորզելու համար», - ասել է Լավրովը:

tert.am

2020թ. սեպտեմբերի 14-ին մարտական դիրքերն ինքնակամ թողնելու համար մեղադրվող 6 զինծառայողների վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

 

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում քննված վարույթի նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի եռամսյա վարժական հավաքներին զորակոչված թվով 6 զինծառայողները 2022 թվականի սեպտեմբերի 14-ին ինքնակամ թողել են մարտական դիրքերը։

Նշված զինծառայողներին վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 540-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված առերևույթ հանցանք կատարելու համար։

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

news.am

Անիի կամուրջի վերանորոգման հետ կապված թուրքագետի պարզաբանումը

 

Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներն Անկարայում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ խոսեցին Անիի կամուրջի վերանորոգման մասին։ Այս հայտարարությունը հասարակության մի մասի մոտ թյուրըմբռնման պատճառ է դարձել։

NEWS.am–ի հետ զրույցում թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը նշել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների ելույթներում Անիի կամուրջը վերանորոգելու եւ հարաբերությունները կարգավորելու մասին հայտարարությունները իրար են հաջորդել, ինչը շատերի մոտ թողել է այն տպավորությունը, որ Անիի կամուրջը վերանորոգվելու է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ որպես ցամաքային հաղորդակցության միջոց։

Թուրքագետը հիշեցրել է, որ 10–րդ դարում Հայոց Բագրատունիների կողմից կառուցված Անիի կամուրջը  ներկայում իրենից ներկայացնում է որպես պատմական կառույց եւ ոչ ավելին։

«Այսինքն, Անիի կամուրջը պատմական կառույց է, դրա վրայով հնարավոր չէ կազմակերպել հաղորդակցություն երկու երկրների միջեւ մի քանի պատճառով։ Առաջինը այն չունի անհրաժեշտ տարողունակությունը, երկրորդը շատ անհարմար դիրքում է՝ անմիջապես գետի վրա եւ իվերջո այն գտնվում է Անիի ավերակների տարածքում, որը թանգարան է բաց երկնքի տակ եւ ՅՈՒՆԵՍԿՕ–ի ժառանգության ցանկում է»,–շեշտել է Անդրանիկ Իսպիրյանը։

Թուրքագետը նաեւ ուշադրության է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Չավուշօղլուն «Անիի կամուրջ» ասելու փոխարեն թուրքական ընդունված տերմինով է ասել՝ «Մետաքսի կամուրջ», փաստացի խուսափելով  «Անիի կամուրջ» ասելուց։

news.am

Հալեպում անօթեւան մնացած 60 հայ կա. Զարմիկ Պողիկյան

 

Ավերիչ երկրաշարժի հետեւանքով Սիրիայում վիրավորում ստացած տասը հայերից ութն արդեն դուրս են գրվել բժշկական կենտրոններից, մյուս երկուսը շարունակում են բուժումը հիվանդանոցում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Հալեպի «Գանձասար» պարբերականի խմբագիր Զարմիկ Պողիկյանը։

«Ծանր վիրավորները չորսն էին, նրանք վիրահատվել են։ Նրանցից երկուսը զոհված մայր ու որդի Միրնա եւ Ալպէր Թէնքէճեանների հարազատներն են՝ ամուսինն ու դուստրը, որոնք շարունակում են բուժումը հիվանդանոցում։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,– հայտնեց Զարմիկ Պողիկյանը։

Փետրվարի 6–ին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով Սիրիայում ավելի շատ տուժել են Հալեպ, Լաթաքիա, Իդլիբ  եւ Համա համայնքները։  «Գանձասար» պարբերականի խմբագրի խոսքով՝ երկրաշարժից ցնցվել է նաեւ Սիրիայի մայրաքաղաքը՝ Դամասկոսը, բայց վնասներ չեն եղել։ Հայությունն ավելի շատ կենտրոնացած է Հալեպում եւ Լաթաքիայում։

«Հայոց թեմի ազգային իշխանությունը անօթեւան մնացած մարդկանց տրամադրել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սրահը, որն ամեն տեսակի հարմարություններով է օժտվել։ Ներկա պահին Հալեպում անօթեւան 60 հայ ունենք, որոնք չեն կարող վերադառնալ իրենց բնակարաններ, համապատասխան մասնագետները եկել ու ստուգել են, որ շենքերը կարող են փուլ գալ, բնակվելու համար վտանգավոր է։ Թե՛ Հալեպում, թե՛ Լաթաքիայում ունենք մեծաթիվ բնակարաններ, որոնք վնասված են եւ վերանորոգման կարիք ունեն։ Մասնագետները բնակարան առ բնակարան շրջում են, Հալեպում 500 բնակարան են ստուգել, այն մարդկանց, որոնք բնակարաններին փլուզման վտանգ չի սպառնում, ցուցված է վերադառնալ իրենց տներ։ Նրանցից 180–ը վերադարձել են, բայց տները նորոգման կարիք ունեն։ Իսկ այն մարդիկ, որոնց բնակարանները ենթակա են փլուզման, կմնան մեր ապաստարաններում մինչեւ իրենց տուն կտրամադրվի»,– ասաց Զարմիկ Պողիկյանը։