Մամուլի տեսություն – 17.2.2023
Իրանի նախագահը, ընդգծելով միակողմանիությանը դիմակայելը, հայտարարեց, որ նոր աշխարհ է ձևավորվում։
Համշահրի օրաթերթ
Ռաիսի.- Հին համկարքը փախվելու է: Նոր աշխարհ է առաջանում
Իրանի նախագահի թվիթերյան հաշվում գրվել է. «Նախագահ Սի Ծինպինի հետ հանդիպմանը ստորագրվել է համագործակցության 20 համաձայնագիր։ Հին համակարգերը փոխվում են, և նոր աշխարհ է ձևավորվում»:
Այս թվիթերյան շարունակության մեջ գրված է. «Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությունը տնտեսական սերտաճումն է նոր աշխարհակարգում, և երկու երկրների դիրքորոշումները միակողմանիության և հեգեմոնի ժխտման հարցում կարող են կերտել ապագան՝ հանուն «Ասիայի»»:
Իրան օրաթերթ
Արևմուտքի հետքը Ուկրաինայի և Ռուսաստանի պատերազմում
Արևմուտքի և նրա դաշնակիցների կողմից Ուկրաինային տրամադրվող բաց օգնության ծավալը վերջին մեկ տարում հասել է ավելի քան 100 միլիարդ դոլարի։
Այդ օգնությունները կապված են միայն պատերազմական վիճակի հետ, մինչդեռ դրանց հիմնական հոսքը սկսվել է 2014 թվականի հեղաշրջումից հետո։ Այդ օգնությունները ներառում են տնտեսական, հումանիտար և ռազմական օգնությունների շղթա, որոնք տարբեր ոլորտներում են։ Այս ոլորտներում ընդհանուր բացահայտ օգնությունը 2022 թվականի հունվարի 24-ից նոյեմբերի 20-ը հասել է 106,1 միլիարդ դոլարի, որից 37,49 միլիարդ դոլարը հատկացվել է բանակին:
Ջավան օրաթերթ
ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի սկանդալը հինգ ամիս թաքնվելուց հետո
«Հյուսիսային հոսք» գազատարի պայթյունի գործով ԱՄՆ հինգ ամիս թաքնվելուց և խաբելուց հետո, այժմ ապացույցները փաստում են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դիվերսիոն գործողությունների մասին: Խարդախ խաղ, որը կանխեց ռուսական գազի մուտքը Եվրոպա և պատճառ դարձավ էներգետիկ ճգնաժամը կանաչ մայրցամաքում, այնպես որ Ամերիկան դարձավ Եվրոպայի էներգիայի ամենամեծ արտահանողը։
Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր լրագրող Սեյմուր Հերշը իր հայտարարություններում բացահայտեց, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ավելի քան 9 ամիս այս երկրի Ազգային անվտանգության խորհրդում խիստ գաղտնի քննարկումներից և հետաքննությունից հետո հրամայել է դիվերսիա իրականացնել Ռուսաստանի Հյուսիսային հոսք 1 և 2 խողովակաշարերի վրա:
Ջամե Ջամ օրաթերթ
92-ամյա իրանցի ուսանողը ավարտել է Ուրմիայի համալսարանը
Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ուրմիայի համալսարանի պարսկերեն լեզվի և գրականության ասպիրանտ, 92-ամյա Ղոլամռեզա Քարիմ Էլահին իր թեկնածուական թեզը պաշտպանելուց և 20 միավոր ստանալուց հետո ավարտել է:
Նա այս տարիքում ուսումը շարունակելու դրդապատճառներից մեկը նշել է գիտելիքի ձեռքբերումն ու հետազոտությունը։
Դոկտորական ատենախոսության պաշտպանության նիստի դատավորները 92-ամյա այս ուսանողի, գնահատել են 20 (կատարյալ) միավորով։
tert.am
Ի տարբերություն Ադրբեջանի ու Վրաստանի ղեկավարների, Հայաստանի վարչապետը չի մասնակցի Մյունխենի կոնֆերանսի շրջանակներում Հարավային Կովկասին վերաբերող պանելային քննարկմանը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Մյունխենի կոնֆերանսի շրջանակներում Հարավային Կովկասին վերաբերող պանելային քննարկմանը:
Հրապարակված օրակարգում պանելային քննարկումների բաժնում երևում է, որ «Շարժել լեռնե՞ր. Անվտանգության կառուցում Հարավային Կովկասում» վերտառությամբ պանելային քննարկմանը մասնակցելու են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ինչպես նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը:
tert.am
35 տարի առաջ սկսվեց ղարաբաղյան շարժումը, այն ժամանակ ժողովուրդն ասաց, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի հայկական, քչերն էին հավատում, հիմա դարձյալ կանգնած ենք որոշում կայացնելու առջև․ Ռուբեն Վարդանյան
Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը փետրվարի 17-ին ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ պետական մարմինների ղեկավար կազմի, շրջանների վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ:
Պետնախարարը ներկայացրել է պաշտոնավարման 100 օրվա ընթացքում կատարված և նախանշված աշխատանքները՝ նշելով, որ հանգամանքների բերումով այդ ժամանակահատվածից 67-ը եղել են շրջափակման օրերը: Նա ընդգծել է, որ աշխատանքն արվել է շրջափակման ընթացքում համախմբված ամբողջ թիմով։
Պետնախարարը մանրամասն ներկայացել է կառավարության գործունեության սկզբունքները, առկա մարտահրավերները, գերակայություններն ու այն հիմնական ուղղությունները, որոնցով համատեղ կատարվել են և պետք է շարունակվեն աշխատանքները, ինչպես նաև խոսել է ռիսկերի և չիրականացված աշխատանքների մասին: Այդ տեղեկատվությանն ամբողջությամբ հնարավոր է ծանոթանալ այստեղ:
Նկատելով, որ 35 տարի առաջ ճիշտ այս օրերին սկսվեց ղարաբաղյան շարժումը, Ռուբեն Վարդանյանը նշել է, որ այսօր ևս արցախահայության պայքարը շարունակվում է: «Այն ժամանակ ժողովուրդը դուրս եկավ հրապարակ և ասաց, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի ազատ և հայկական։ Քչերն էին հավատում, որ հնարավորություն կա այդ իրավիճակը փոխելու։ Բայց դուք դա արեցիք, և շատ խորհրդանշական է, որ մենք այս մասին խոսում ենք դարձյալ փետրվարին և կանգնած ենք որոշում կայացնելու առջև,-ասել է նա: - Վերջին ամիսներին ես շատ եմ լսել՝ ի՞նչ է նշանակում պայքար։ Ես ասում եմ՝ պայքարելն առաջին հերթին դա կամքն է, որն առաջ է տանում, երկրորդը՝ անում ես քայլեր, որոնք կարևոր են։ Պայքարել չի նշանակում միայն պատրաստվել պատերազմի, պայքարել նշանակում է կատարել շատ մեծ, լուրջ, ամենօրյա աշխատանք բոլոր ուղղություններով»:
armenpress.am
Հայաստանի փրկարարներն ավարտել են իրենց առաքելությունը Թուրքիայում
Հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմը փետրվարի 16-ին ավարտել է Թուրքիայի Հանրապետության Ադիյաման քաղաքում ծավալած որոնողափրկարարական աշխատանքները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «Տելեգրամ»-ի էջը։
Նշվում է, որ փետրվարի 17-ին հայ փրկարարները վերադարձել են Հայաստան:
«Նրանց հայ-թուրքական սահմանին՝ Մարգարայի կամրջի մոտ, դիմավորել են ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը։ Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել փրկարարներին՝ կատարած աշխատանքի համար»,- նշված է հաղորդագրության մեջ։
Աղետի գոտում շուրջ 8 օր տևած որոնողափրկարարական գործողությունների արդյունքում միջազգային որակավորում ունեցող հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմը՝ համագործակցելով տեղի աջակցող և միջազգային այլ թիմերի հետ, փրկարարական տարբեր միջոցների կիրառմամբ փլատակներից դուրս է բերել 3 տուժածի և 10 զոհերի մարմիններ, տեղում իրականացրել լայնածավալ որոնողական աշխատանքներ՝ այդ թվում նաև կինոլոգիական խմբերով:
armnepress.am
Թուրքիայի Հաթայ նահանգում երկրաշարժի հետևանքով հայկական եկեղեցիներ են վնասվել
Թուրքիայում գրանցված ավերիչ երկրաշարժը վնաս է հասցրել նաև Թուրքիայի Հաթայ նահանգում գտնվող հայկական երեք եկեղեցիներին, մեկն ամբողջությամբ փլվել է:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկացնում է Պոլսո Հայոց պատրիարքարանը:
Քըրըքխանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը գտնվում էր կիսավեր վիճակում (փլված էր միայն տանիքը), ամբողջովին փլվել է:
Վաքըֆ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու շինությունը բարեբախտաբար չի վնասվել, բայց վնասվել է ներսի մի հատվածը և դրսում գտնվող աղբյուրի կողքի պատը:
Իսքենդերունի (Ալեքսանդրետ) Սրբոց Քառասնից Մանկանց Եկեղեցին նույնպես ներսի հատվածում վնասներ է կրել, որոնք հնարավոր է վերանորոգմամբ շտկել:
Նշվում է, որ Սուրբ Աստվածածին եկեղեցում և Սրբոց Քառասնից Մանկանց Եկեղեցում ներսի մաքրման և շտկման աշախատանքներ են իրականացվում:
news.am
Հայաստանում ԵՄ առաքելության հայտնվելու պատճառն այն է, որ ՌԴ-ն չկատարեց իր պարտավորությունները. Զատուլին
ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ հարաբերությունների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Говорит Москва» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին, Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին եւ տարածաշրջանային այլ թեմաներին:
Հարց․ Այնպիսի զգացողություն կա, որ Հատուկ ռազմական գործողության մեկ տարին բացահայտում է խնդիրներ, որոնք կուտակվել են հետխորհրդային տարածքում՝ նախկին խորհրդային հանրապետություններում։ Քանի որ տարվա սկզբին Ղազախստանի ելույթը ոչ միանշանակ է։ Տաջիկստանից դիմումներ են գալիս, նաեւ այլ հանրապետություններից։ Ընդհանրապես հարցերն ավելի շատ են, քան պատասխանները։ Մենք հասկանում ենք, թե ինչպես պետք է աշխատել այս ուղղությամբ՝ հաշվի առնելով մեր ունեցած արտաքին գործոնները։
Պատասխան․ Մենք պետք է պահենք պարագիծը, դրանով էլ զբաղված ենք։
Հարց. Դիվանագիտորեն, ստացվում է.
Պատասխան. Բոլոր հնարավոր միջոցներով։ Իհարկե, դիվանագիտական միջոցներն ավելի լավն են, դրանք առնվազն ավելի էժան են, քան ռազմականը։ Ինձ թվում է՝ մենք քիչ թե շատ արդյունավետ ենք փորձում գծել այս գիծը, ինչը բոլորովին չի բացառում այն, որ որոշ դեպքերում մենք ստիպված ենք աչք փակել։ Ո՞վ կարող է բացատրել, թե որքան կշարունակվի ադրբեջանցի բնապահպանների կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը։
news.am
Հայտնի են 15 զինվորի մահվան գործով նշանակված թմրաբանական փորձաքննության արդյունքները
Հայտնի են մեկ ամիս առաջ Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհված 15 զինվորի մահվան գործով նշանակված թմրաբանական փորձաքննության արդյունքները։
«Թմրաբանական փորձաքննությամբ ստացել ենք երեք անձի արդյունքները։ Երեքի դեպքում էլ նրանց արյան մեջ թմրամիջոց չի հայտնաբերվել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Նշենք, որ թմրաբանական եզրակացություններից մեկը հրդեհի պաշտոնական վարկածով գլխավոր գործող անձ, մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանինն է։ Նրա փաստաբանը նախօրեին NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ կապիտանի արյան մեջ թմրանյութ չի հայտնաբերվել։
Թմրաբանական փորձաքննության մյուս երկու արդյունքները Գոռ Աբրահամյանի խոսքով՝ ժամկետային զինծառայողներինն է։ ՔԿ խոսնակը, սակայն, չբացահայտեց, թե որ զինծառայողներինն են դրանք։
Հիշեցնենք, որ հրդեհի հետեւանքով Այրվածքաբանության ազգային կենտրոն էին տեղափոխվել կապիտան Եղիշե Հակոբյանն ու ժամկետային զինծառայողներ՝ Լյովա Խառատյանն ու Գարուշ Սարգսյանը։ Հրդեհի հետեւանքով եւս երկու ժամկետային զինծառայող էր վնասվածք ստացել, որոնք դեպքի օրը բուժօգնություն ստանալուց հետո՝ դուրս էին գրվել Վարդենիսի հոսպիտալից։