Մամուլի տեսություն 19.02.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i193738-Մամուլի_տեսություն_19.02.2023
Աշխարհի կաթոլիկների առաջնորդ Ֆրանցիսկոս պապն ասել է, որ կենսաթոշակի անցնելու ցանկություն չունի, և որ պապական պաշտոնը պետք է պահպանվի մինչև իր մահը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 19, 2023 10:13 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 19.02.2023

Աշխարհի կաթոլիկների առաջնորդ Ֆրանցիսկոս պապն ասել է, որ կենսաթոշակի անցնելու ցանկություն չունի, և որ պապական պաշտոնը պետք է պահպանվի մինչև իր մահը։

Վաթան Էմրուզ

Քաղաքական  խաղ Մյունխենում

 Գերմանական «Nakh Denk Zeiten» լրատվական-վերլուծական կայքը հրապարակել է հոդված,որում անդրադարձել է Մյունխենի անվտանգության համաժողովի քաղաքական խաղին։ Այս կայքը  նշել է, որ այս օրերին և հատկապես ներկա զգայուն իրավիճակում Մյունխենն աշխարհում խաղաղության հասնելու համար անվտանգության հարցերի քննարկման գործում կորցնում է իրեն որպես առաջատար միջազգային ֆորում դրսևորելու հնարավորությունը։ Ավանդաբար, այս համաժողովում պետք է քննարկվեն միջազգային ճգնաժամերը, այդ թվում ուկրաինական պատերազմը կամ միջազգային կարևոր հարցեր, ինչպիսին է ՀԳՀԾ-ի վերականգնումը, որում դիտարկվում է Իրանի միջուկային ծրագրի վերահսկման դիմաց պատժամիջոցների վերացումը: Սակայն այսօր տեսնում ենք,որ Ռուսաստանն ու Իրանն ընդհանրապես հրավիրված չեն այս համաժողովին: 

 

Քեյհան

Բայդենը ծաղրանքի է ենթարկել 400 հազար դոլարի արժողությամբ հրթիռով 12 դոլար արժողությամբ օդապարիկի խոցվելը 

Այն բանից հետո, երբ ամերիկյան ընկերություններից մեկը հայտարարեց, որ Ալյասկայի վրայով ընկած օբյեկտներից մեկն այս ընկերության 12 դոլար արժողությամբ օդապարիկն է, որը խոցվել է բանակի 400 հազար դոլար արժողությամբ   հրթիռով, դա  ծաղրի առիթ է դարձել ԱՄՆ նախագահի համար։

«Turning Point USA» ընկերության  հիմնադիր Չարլի Քըրքն  ասել է, որ Բայդենը թույլ է տվել չինական լրտեսական օդապարիկին առանց որևէ խոչընդոտի անցնել 2000 մղոն ամերիկյան օդային տարածքով։ Այժմ երբ տապալվել է  «Battle Cap Balloon Brigade» ընկերության 12 դոլարանոց գիտական ​​նախագիծը, նա փորձում է իրեն լուրջ դրսևորել։

 

Էթելաաթ

Հռոմի Պապ. Ես կենսաթոշակի անցնելու  ցանկություն չունեմ

Աշխարհի կաթոլիկների առաջնորդ Ֆրանցիսկոս պապն ասել է, որ ինքը թոշակի անցնելու ցանկություն չունի, և որ պապականությունը պետք է իդեալականորեն պահպանվի մինչև իր մահը։

Նա ասել է. «Իմ կարծիքով, պապականությունը ողջ կյանքի համար է, և ես պատճառ չեմ տեսնում, որ այդպես չլինի»։

Հռոմի պապը հավելել է. «Իհարկե, ճիշտ է, որ աշխարհի կաթոլիկների առաջնորդ ընտրվելուց երկու ամիս անց ես իմ հրաժարականի նամակը գրեցի և հանձնեցի կարդինալ Բերտոնին, և այժմ չգիտեմ, թե որտեղ է  այդ նամակը: Այդ նամակը գրեցի,  որպեսզի իմ առողջական խնդիրն ինձ չխանգարի պապական պաշտոնը վարելու գործում և եթե  լիովին զգոն չլինեմ կամ  չկարողանամ կատարել իմ պաշտոնը,ապա   հրաժարական տամ»։

 

Ջավան

Իրանը հաջորդ տարի կներկայացնի Ղահեր ինքնաթիռի անօդաչու տարբերակը/ Մենք ավիացիոն արդյունաբերությունում 10 տեսակի շարժիչներ պատրաստելու հնարավորություն ունենք

Իրանի պաշտպանության նախարարության օդային արդյունաբերության կազմակերպության գործադիր տնօրենն ասել է. -«Պահեստամասերի արտադրության մասին գիտելիքները, որոնք կոչվում են պահեստամասերի  արտադրության շարժում,կատարելագործվել են, և այսօր մենք կարող ենք երկրում արտադրել 10 տեսակի շարժիչներ»։

 

...

Panorama.am

Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը երեկ Մյունխենում հերթական հակաիրանական հայտարարոթյուններով է հանդես եկել. Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.-«Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը երեկ Մյունխենում հերթական հակաիրանական հայտարարոթյուններով է հանդես եկել՝ կապված Թեհրանում արհեստածին Ադրբեջանի, այսպես կոչված, դեսպանատան դեմ մոտ մեկ ամիս առաջ իրականացված գործողության հետ։

Նա ուղղակիորեն մեղադրել է Իրանի իշխանական կառույցներին այդ գործողությունը կազմակերպելու մեջ և նշել, որ պաշտոնական Թեհրանի հետ հարաբերությունները կկարգավորվեն միայն այն դեպքում, երբ պատասխանատվության ենթարկվեն ոչ միայն գործողությունն իրականացրած անձը, այլ նաև իրանական իշխանական կառուցների ներկայացուցիչները։

Այն, որ Բաքվի բռնապետի լկտիությունը չափ ու սահման չունի վաղուց այլևս ակնհայտ է, սակայն, եթե նա հավատարիմ մնա իր հայտարարությանը, ապա դա նշանակում է, որ Իրանի հետ հարաբերություններն, ըստ էության, չեն կարգավորվելու»։

 

Armenpress.am

Ադրբեջանի նախագահը ստորագրել է փաստաթղթի տակ, որտեղ ֆիքսված է, որ Լեռնային Ղարաբաղ կա․ Փաշինյանի պատասխանն՝ Ալիևին

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մի շարք կեղծ պնդումներին, որոնք վերջինս արել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում անցկացված պանելային քննարկման ժամանակ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մյունխենի միջազգային համաժողովի շրջանակներում տեղի ունեցած Հարավային Կովկասի անվտանգության թեմայով քննարկմանը, որին մասնակցում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը, արձագանքելով Ալիևի հայտարարությանը, թե, իբր, «չկա Լեռնային Ղարաբաղ հասկացություն և Ադրբեջանում չկա նման վարչատարածքային միավոր», Փաշինյանը շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղ կա, և կա նաև Լաչինի միջանցք, որը պետք է բաց լինի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարարության համաձայն, իսկ այդ փաստաթղթի տակ ստորագրել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Այդ փաստաթղթի վրա դրված է Ադրբեջանի նախագահի ստորագրությունը։ Նաև այդ փաստաթղթում գրված է, որ Լաչինի միջանցքը պետք է բաց մնա և Ադրբեջանի վերահսկողությունից դուրս։ Գիտեք, վերջերս մի քանի հայ երեխաներ փորձել են ավտոբուսով անցնել Լաչինի միջանցքով, սակայն նրանց կանգնեցրել են, և ավտոբուս են մտել դիմակավորված մի քանի ադրբեջանցիներ։ Երեխաները վախեցած էին, և դա Լաչինի միջանցքով անցնելու հայերի վերջին փորձն էր»,- նշել է Փաշինյանը։

 

News.am

Թուրքիան իր կամքով է սահմանը փակել, հիմա էլ իր կամքով թող բացի այն․ Էստուկյան

Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություն չհաստատելը Թուրքիայի որոշումն էր, եւ այսօր այդ որոշումը բարելավելու համար մենք կարիք չունենք բանակցելու: NEWS.am-ի «ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ» հաղորդման եթերում նման կարծիք հայտնեց «Ակօր» թերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը։

«Թող Թուրքիան իր որոշումը վերաարժեւորի եւ ըստ այդմ շարժվի: Նույնը վերաբերում է սահմանը փակելուն, դա Թուրքիայի որոշումն է եղել եւ սահմանը բացելու համար մենք կարիք չունենք Թուրքիայի հետ բանակցելու: Այդ սահմանը բանակցությունների արդյունքում չեն փակվել, որ հիմա էլ բանակցություններով բացվեն: Թուրքիան իր կամքով սահմանը փակեց, հիմա էլ իր կամքով թող բացի: Մեր սահմանները բաց են: Թուրքիան է, որ 44-օրյա պատերազմից հետո հայտարարեց, որ այլեւս սահմանները փակ պահելու կամ դիվանագիտական հարաբերություններ  չունենալու պատճառները վերացած են, եղբայր Ադրբեջանը տիրացել է իր հողերին, հետեւաբար Հայաստանի հետ հարբերությունները կարող են կարգավորվել։ Իսկ մենք խոսում ենք Արցախի ինքնավարության մասին, որը գոյություն ուներ խորհրդային տարիներին: Արցախի պատմությունը հար եւ նման է Աբխազիայի, Հարավային Օսիայի, Չեչնիայի ու Աջարիայի պատմությանը: ԽՍՀՄ-ից հետո Վրաստանն էլ ուզեց այդ հանրապետությունների ինքնավարությունը վերացնել, բայց տեսանք, թե հետեւանքն ինչ եղավ: Մեր օրինակի մեջ նախեւառաջ միջազգային հանրությունը մեզ դեմ ելավ, մեզ շնչահեղձ արեց: Բոլոր գործոնները մեր դեմ են: Մենք ի՞նչ պետք է անենք, պետք է մեր բոլոր դիվանագիտական ջանքերը գործի դնենք, ստիպված ենք դիվանագիտական երկխոսություն հաստատել, դրա համար էլ տեղին էր մարդասիրական օգնություն ուղարկելը Թուրքիա»,- ասաց Էստուկյանը:

Հարցին՝ արդյո՞ք Թուրքիան չի կարող ազդեցություն ունենալ Ադրբեջանի վրա, որպեսզի, որպես պատասխան դրական քայլ, Ադրբեջանը վերացնի Արցախի շրջափակումը։ Էստուկյանի համոզմամբ՝ Թուրքիան ի վիճակի չէ իր արտաքին քաղաքականությունը վարել միայն իր մոտեցումներից ելնելով, եւ Անկարայի քայլերի վրա ազդում են Մոսկվան ու Բաքուն։

«Թուրքիան այդ երկու տարրերը անտեսելով չի կարող իր սեփական շահերի հիման վրա արտաքին քաղաքականություն մշակել: Թուրքիան ինչ-որ ձեւով պատանդ է այդ գործոնների ձեռքին: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման համար անհրաժեշտ է Ալիեւի հավանությունը: Եթե Ալիեւը չհոժարի, դժբախտաբար, չենք կարող առաջ գնալ:

Ես գիտեմ, որ դա շատերի համար զարմանալի է, որովհետեւ Թուրքիան ավելի հզոր երկիր է, քան Ադրբեջանը, բայց մշակված ընկերատնտեսական քաղաքականության հետեւանքով, այսօր ադրբեջանական SOCAR-ը շատ մեծ ուժ ունի Թուրքիայում: Ադրբեջանի իշխանությունը կարող է իր կամքը պարտադրել Թուրքիայի իշխանությանը: Հետեւաբար, Թուրքիայից մեծ ակնկալիք ունենալը տեղին չէ»,- ասաց նա:

 

Aravot.am

Մենք պատրաստ ենք բանակցել Ղարաբաղի հայերի հետ, եթե ՌԴ քաղաքացի Վարդանյանը լքի Ղարաբաղը․ Իլհամ Ալիև

Մենք պատրաստ ենք բանակցել Ղարաբաղի հայերի հետ, բայց միայն այն դեպքում, երբ «ՌԴ քաղաքացի, քրեական հեղինակություն ու կոռումպացված Վարդանյանը» (Ռուբեն Վարդանյանը` խմբ․) լքի Ղարաբաղը»։ Այս մասին Մյունխենում Հարավային Կովկասում անվտանգության թեմայով պանելային քննարկմանը ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Մենք կբանակցենք ԼՂ-ում ծնված և այնտեղ ապրող մարդկանց հետ, բայց ոչ այն մարդու, որը մաքսանենգ ճանապարհով ուղարկվել է Ռուսաստանից՝ ԼՂ-ում ղեկավար դիրք զբաղացնելու համար: Ոչ ոք չգիտի, թե ինչպես նա հայտնվեց Ղարաբաղում, և ինչպես է նա փորձում հետ գնալ Երևան, այնտեղից՝ Մոսկվա, ապա՝ Երևան և հետո՝ Ղարաբաղ: Սա ցույց է տալիս, որ չկա շրջափակում»,- ասել է Ալիևը:

 

Tert.am

Դամասկոսում ավիահարվածի հետևանքով կա 5 զոհ, 15 վիրավոր. Սիրիան մեղադրել է Իսրայելին

Առնվազն հինգ մարդ է զոհվել, 15-ը՝ վիրավորվել Դամասկոսի և դրա շրջակայքի ուղղությամբ ավիահարվածի հետևանքով, հայտնել է Սիրիայի պաշտպանության նախարարությունը՝ հրթիռային հարձակման համար մեղադրելով Իսրայելին: Ինչպես գրում է kommersant.ru-ն, ըստ Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական կազմակերպության՝ հարձակման հետևանքով զոհվել է 15 մարդ՝ բոլորը խաղաղ բնակիչներ։

«Թշնամական Իսրայելն օդային ագրեսիա է իրականացրել գրավյալ Գոլանի բարձունքներից՝ հարվածներ հասցնելով Դամասկոս քաղաքի և նրա շրջակայքի մի շարք վայրերի, այդ թվում՝ խաղաղ բնակիչներով բնակեցված բնակելի թաղամասերին», - ասվում է Սիրիայի պաշտպանության նախարարության ֆեյսբուքյան էջում։

ՀՕՊ համակարգերը, ըստ պաշտպանության նախարարության, խոցել են հրթիռների մեծ մասը։ Հարձակման հետևանքով ավերվել են տներ։Դամասկոսի արվարձանները հաճախ են ենթարկվում օդային հարվածների։ Սիրիական իշխանությունները սովորաբար դրա համար մեղադրում են Իսրայելին։ Դամասկոսը վերջին անգամ հրթիռակոծվել է հունվարի սկզբին։