Մամուլի տեսություն - 22.02.2023
Ռուսաստանի նախագահն Դաշնային խորհրդարանում իր ամենամյա ելույթում ընդգծել է, որ Մոսկվան հատուկ ուշադրություն է դարձնում Հյուսիս-Հարավ միջանցքի զարգացմանը և Իրանի հետ կապին։
Վաթանե Էմրուզ օրաթերթ
Սկսվեց
Ուկրաինայում հատուկ գործողության տարելիցի օրը Պուտինը կասեցրել է ԱՄՆ-ի հետ ռազմավարական սպառազինությունների կրճատման պայմանագիրը՝ նկարագրելով Արևմուտքի ծրագիրը՝ Կիևը զինանոց դարձնել Մոսկվայի դեմ։
Դաշնային խորհրդարանում իր ամենամյա ելույթում Ռուսաստանի նախագահը բացատրել է իր երկրի նպատակներն ուկրաինական պատերազմում, նրա հարաբերությունները ԱՄՆ-ի, Չինաստանի, Իրանի և տարածաշրջանի ու աշխարհի այլ երկրների հետ և հայտարարել, որ ամուր հարաբերությունները Իրանի, Չինաստանի և Հնդկաստանի հետ Ռուսաստանի օրակարգում են: Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողությունների» մեկնարկի փետրվարի 24-ի տարելիցի նախօրեին կայացած 110 րոպեանոց ելույթում Վլադիմիր Պուտինը պատմել է Կրեմլի քաղաքականությունն այս հարցում։
Ջավան օրաթերթ
Իրանի Իսլամական խորհրդարանի օրակարգում է կոռուպցիայի մասին ահազանգողներին ֆինանսական աջակցության ծրագիրը
Իրանի խորհրդարանի օրակարգում է կոռուպցիայի մասին ահազանգողներին ֆինանսական աջակցության ծրագրի ուսումնասիրությունը։
Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի նախագահությամբ և 202 պատգամավորների ներկայությամբ չորեքշաբթի առավոտյան մեկնարկել է Իսլամական խորհրդարանի դռնբաց նիստը։
Քեյհան օրաթերթ
Deutsche Welle. Մյունխենի համաժողովի արդյունքը հիասթափեցնող և ոչ կառուցողական էր
Գերմանական այս լրատվամիջոցը իր վերլուծության մեջ գրել է. «Ուկրաինայի պատերազմը և Ռուսաստանի հարձակումը եղել են Մյունխենի անվտանգության համաժողովի հիմնական թեման։ Երկխոսության և խորհրդակցությունների լսարանը, մասնավորապես, սպառազինության արդյունաբերության ներկայացուցիչներն էին։ Ձախողված հույսերը Մյունխենի անվտանգության համաժողովի զեկույցի մի մասն էին: Այս հիասթափության մի մասը կապված էր չինացի հյուրի հետ։ Այն փաստը, որ Չինաստանի բարձրաստիճան դիվանագետ Վան Ին մեկնել էր Մյունխեն միայն համաժողովին մասնակցելու համար որոշ մասնակիցների մոտ ենթադրություն առաջացրեց, որ նա կարող է կամուրջ կառուցել դեպի Մոսկվա կամ ուղղակիորեն ազդել Ռուսաստանի նախագահի վրա: Ինչեւէ, նա ուզում էր Մյունխենից ուղիղ Մոսկվա գնալ։ Բայց այս հույսերը ոչ մի տեղ չհասան»։
Էթելաաթ օրաթերթ
Անգլիայում և Ուելսում շտապօգնության ծառայության հազարավոր աշխատակիցներ գործադուլ են հայտարարել
Անգլիայում և Ուելսում շտապօգնության ծառայության ավելի քան 11000 աշխատակիցներ գործադուլ են հայտարարել աշխատավարձի պատճառով: Ուելսի շտապօգնության ուժերը որոշել են գործադուլ սկսել այն բանից հետո, երբ Ուելսի կառավարությունը մերժեց վարձատրության նոր առաջարկը: Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ Շոտլանդիայում բուժաշխատողների պլանավորված գործադուլները հետաձգվել են աշխատավարձի 14% բարձրացման նոր առաջարկից հետո:
armtimes.am
Իրանի հետ հարաբերությունները խորացնելու ևս մեկ միջոց. ԵՊՀ-ն առաջարկում է պարսից լեզվի ուսուցման 16-շաբաթյա ծրագիր
Երևանի պետական համալսարանում կրթության զարգացման ծրագրերն ու հնարավորությունները մեծ թափ են առնում։ Մայր բուհը կազմակերպում է նաև միջազգային կրթական ծրագրեր, որոնց մասնակցում են թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից սովորել ցանկացող երիտասարդներ։
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի դասախոս, Արևելագիտության ֆակուլտետի PR պատասխանատու, պ.գ.թ. Լիանա Պետրոսյանի խոսքով՝ Երևանի պետական համալսարանը ուսանողներին նաև պարսից լեզուն ուսուցանելու հնարավորություն է տալիս ոլորտի կայացած ֆակուլտետներից մեկում՝ Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում:
Նրա խոսքով՝ պարսից լեզվի ուսուցման դասընթացը նախատեսված է աշխարհի տարբեր գիտակրթական կենտրոններում սովորող, հատկապես իրանագիտության, պարսկերենի կամ մերձավորարևելյան ուսումնասիրություններով զբաղվող կրթական ծրագրերի ուսանողների համար, որոնք պետք է արտերկրում պարսկերենի ուսուցման մեկամյա կուրս անցնեն:
«Հարևանությունը Իրանի հետ և երկու երկրների միջև առկա պատմական հսկայական կապերն ու մշակութային նմանությունները պարսից լեզուն սովորելու և իրանագիտական ուսումնասիրությունների մեջ խորամուխ լինելու համար պարարտ հող են: Իրանական սփյուռքի և երկլեզու պարսկահայ համայնքի առկայությունը նույնպես ավելացնում է Հայաստանում ուսումնառելու առավելությունները: ԵՊՀ-ում պարսկերենի դասընթացները վարում են ոլորտի լավագույն դասախոսները: Իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Ոսկանյանը բարձրագույն կրթության ոլորտում աշխատելու մեծ փորձ ունի։ Իրանական լեզուների իմացությունը ոչ միայն պարսկերենով է սահմանափակվում, այլ նաև իրանական այլ լեզուներով (փաշթու, թալիշերեն, թաթերեն, ադրբեջաներեն, քրդերեն և այլն)։ Մեր դասախոսներից է նաև բ․գ․թ Նունիկ Դարբինյանը, որը խորը և համմակողմանի գիտելիքներ ունի Իրանի հետ կապված»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնում է նա:
armtimes.am
Պետական կառավարման համակարգը Երևանի կենտրոնից պետք է դուրս բերել. քննարկվել է արդարադատության թաղամասի կառուցման հարցը
Արդարադատության թաղամասի կառուցման վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն:
Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Ազգային ժողովի պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, պաշտոնատար անձինք:
«Հարգելի գործընկերներ, մենք արդեն երկար ժամանակ քննարկում ենք, պայմանական ասած, արդարադատության թաղամաս ստեղծելու հարցը: Ինչի՞ հետ է դա կապված: Մենք դատաիրավական համակարգում մեծ բարեփոխումներ ենք իրականացնում, բայց սովորաբար շատերի համար նկատելի չէ, որ այդ բովանդակային բարեփոխումների ընթացքում նաև ֆիզիկական ենթակառուցվածքների շատ մեծ խնդիր է առաջանում՝ շենքային պայմանների և այդպես շարունակ: Նաև դիտարկում ենք, որ դատական, քննչական համակարգի գործունեության սպասարկման համար որոշակի՝ բավական ծանրակշիռ ծախսեր կան, որոնք մեծ հաշվով աշխատանքի, լոգիստիկայի կազմակերպման՝ շատ հաճախ հնացած ձևերի արտահայտության պատճառ են:
Եվ հիմա ուզում ենք մտածել, թե ինչ կարող ենք անել, որպեսզի այդ ամենն ավելի արդյունավետ դարձնենք, որպեսզի առաջինը՝ դատաիրավական համակարգի համար աշխատանքային պատշաճ, սոլիդ պայմաններ ստեղծվեն, այսպես ասած՝ առանց կցակառույցների տրամաբանության, երկրորդը՝ կալանավորված, դատապարտված անձանց իրավունքները պաշտպանվեն, և հնարավորինս արժանապատիվ պայմաններ ստեղծվեն նաև կալանքի տակ գտնվող անձանց, դատավարության կողմերի համար և այլն:
tert.am
Ստեփանակերտի համար բացարձակապես անընդունելի են Ադրբեջանի՝ Արցախի ներքաղաքական կյանքին միջամտելու փորձերը, անհրաժեշտ ենք համարում վերականգնել միջազգային միջնորդական ձևաչափը․ Արցախի ԱԳՆ
2023 թ․ փետրվարի 18-ին կայացած Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահն արել է մի շարք հայտարարություններ՝ միտված Արցախի ժողովրդի դեմ վարվող հանցավոր քաղաքականության քողարկմանը և պատճառահետևանքային կապերի խախտման միջոցով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության էության խեղաթյուրմանը։ Այս մասին հայտարարել է Արցախի ԱԳՆ-ն՝ անդրադառնալով Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահի հնչեցրած հայտարարություններին:
«Ադրբեջանի նախագահը հերթական անգամ փորձել է հերքել Արցախի շրջափակման ակնհայտ փաստը, որի առկայությունը հաստատվում է միջազգային հանրության կողմից՝ բացառությամբ Ադրբեջանի։ Որպես իբր ապացույց՝ տվյալներ են բերվել առ այն, որ շրջափակման ամբողջ ընթացքում միջանցքով անցել է ռուսական խաղաղապահ զորակազմին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին պատկանող 2500 մեքենա, ինչպես նաև ԿԽՄԿ միջոցով Հայաստանի հիվանդանոցներ է տարհանվել 100 բուժառու։ Սակայն ներկայացված տվյալները Բաքվի պնդումների ճիշտ հակառակն են ապացուցում։ Շրջափակման 73 օրվա ընթացքում Լաչինի միջանցքով ավելի քիչ մեքենաներ են անցել, քան շրջափակումից առաջ՝ երեք օրվա ընթացքում։ Լաչինի միջանցքով անցած բոլոր մեքենաները պատկանել են կամ ռուսական խաղաղապահ զորակազմին, կամ ԿԽՄԿ-ին։ Արցախի Հանրապետության քաղաքացիներին, պետական կառույցներին պատկանող կամ առևտրային փոխադրումներ իրականացնող որևէ մեքենա Լաչինի միջանցքով չի կարողանում անցնել։
tert.am
Մոսկվայում ընթանում են Պուտինի և Չինաստանի ամենաբարձրաստիճան դիվանագետի բանակցությունները
Մոսկվայում ընթանում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար, Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի քաղբյուրոյի անդամ Վան Իի հանդիպումը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Չինաստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ Վան Ին այցի ընթացքում ռուսական կողմի հետ կքննարկի միջազգային և տարածաշրջանային արդիական հարցեր։ Չինաստանի դիվանագիտական առաքելությունը հավելել է, որ Պեկինը մտադիր է այցն օգտագործել երկրների ղեկավարների կողմից սահմանված ուղղությամբ երկկողմ հարաբերությունների կայուն զարգացումն ապահովելու համար։
Վան Ին Մոսկվա է ժամանել երեքշաբթի, նույն օրը նա բանակցություններ է վարել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ, իսկ չորեքշաբթի՝ ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։
ՉԺՀ-ի ոչ պաշտոնական կուսակցական-պետական հիերարխիայում Վան Ին երկրի ամենաբարձրաստիճան դիվանագետն է, որը վերահսկում է Չինաստանի արտաքին քաղաքականության և աշխարհի առաջատար տերությունների հետ հարաբերությունները: Իր ոչ պաշտոնական կոչումով նա ավելի բարձր է, քան Չինաստանի արտգործնախարար Ցին Գանգը:
armenpress.am
Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ
Փետրվարի 21-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղություններով խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմում տուժածներ չկան։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
«Միևնուն ժամանակ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները փետրվարի 21-ի ժամը 20։45-ից փետրվարի 22-ի ժամը 01։20-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի, Մարտունու, և Քարվաճառի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասված է հաղորդագրության մեջ։
armenpress.am
Մենք չենք կարող մեր հոգին վաճառել, որ գազ ունենանք. Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը՝ Ադրբեջանի հետ համագործակցության մասին
Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնն անդրադարձել է Ադրբեջանի հետ Եվրամիության գազային համագործակցությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն այս մասին խոսեց Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո ասուլիսում՝ անդրադառնալով հարցերին:
«Անցյալ տարվա փետրվարի 24-ից ի վեր Եվրոպան նոր էներգետիկ աղբյուրների կարիք ունի: Ես համաձայն եմ՝ մենք չենք կարող մեր հոգին վաճառել, որ գազ կամ նավթ ունենանք: Մենք պետք է մեծ ուշադրություն դարձնենք, եթե այլ ուղիներ, հնարավորություններ չունենք, որ կախվածության մեջ չհայտնվենք աշխարհի այն մասերում, որտեղ մարդու իրավունքները առաջնահերթություն չեն»,-ասաց Լյուքսեմբուրգի արտգործնախարարը: