Մամուլի տեսություն 11-08-2018
Անմեղ երեխաների փոխադրող ավտոբուսի դեմ Արաբիայի հրթիռային հարձակման հետևանքով 57 եմենցի երեխաների նահատակության և 77 ուրիշների վիրավորվելու դառն ու ցնցիչ լուրը առթել է սաուդացի վայրագ զորայինների ու քաղաքական այրերի և Ռիադի աջակիցների հանդեպ միջազգային հանրության ցասումը:
Ռեսալաթ
ՄԱԿ-ի նվաստացումը Եմենում
Անմեղ երեխաների փոխադրող ավտոբուսի դեմ Արաբիայի հրթիռային հարձակման հետևանքով 57 եմենցի երեխաների նահատակության և 77 ուրիշների վիրավորվելու դառն ու ցնցիչ լուրը առթել է սաուդացի վայրագ զորայինների ու քաղաքական այրերի և Ռիադի աջակիցների հանդեպ միջազգային հանրության ցասումը: Ալե Սաուդի վերջին անմարդկային քայլով պատերազմի սկզբից նահատակված եմենցի երեխաների թիվը գերազանցեց 3000 հոգին: Սաուդյան ատելի ռեժիմի հանդեպ ԱՄՆ-ի ու սիոնիստների ցուցաբերած աջ կացության իրավական ու քաղաքական բեռն այնքան ծանր է, որ նույնիսկ ամերիկացի սենատորները չեն կարողացել դրա կապակցությամբ լուռ մնալ: Սենատոր Քրիս Մորֆին արձագանքելով եմենցի աշակերտների դեմ Սաուդյան ռեժիմի վերջին հարձակմանն անդրադարձել է ուշագրավ մեկ կետի և ասել է. «ԱՄՆ ռմբակոծում է: ԱՄՆ-ն թիրախ է դարձնում: ԱՄՆ-ն աջակցում է ավիահարվածներին և մենք ռմբակոծեցինք դպրոցական մեկ ավտոբուս: Սաուդյան Արաբիայի, Արաբական միացյալ Էմիրությունների և ԱՄՆ-ի կողմից Եմենի ռմբակոծման գործողությունն հետզհետե զրկվում է պատասխանատվության զգացմունքից, ավելի մեծ թվով խաղաղ բնակիչների մահվան պատճառ է դառնում և Եմենում հզորացնում է ահաբեկիչներին: Մենք պիտի դրան վերջ տանք, հենց հիմա»: Այն պայմաններում երբ ամերիկացի բարձրաստիճան պատասխանատու պաշտոնատարներ հաստատում են Եմենի ժողովրդի ռմբակոծման հարցում Սպիտակ տան ուշագրավ դերակատարությունը, ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնատարները Թրամփի լաբբինգի ազդեցության ներքո գերադասում են Եմենի բռնահարված ու անպաշտպան ժողովրդին աջակցող որևէ հայտարարություն չկատարել, որ հանկարծ դրանից չդժգոհեն Թրամփի, Պոմպեոյի ու Բոլտոնի նման մարդիկ: Վերջին տարիներին արևմտյան երկրներում պատահած և առավել փոքր թվով զոհեր խլած ահաբեկչական դեպքերի պարագային այսպես կոչված միջազգային կազմակերպությունների, այդ թվում ՄԱԿ-ի համակողմանի հովանավորության և զոհերի հարազատների հետ զորակցության կոչերի ականատեսն ենք եղել՝ սկսած ԱԽ-ում մեկ րոպեանոց լռությունից մինչև դեպքի հետաքննության մասին հատուկ կարգադրություն: Այդուհանդերձ մարդու իրավունքների հավակնորդներն անտարբերությամբ անցան եմենցի աշակերտների խմբային դաժան կոտորածի կողքից: Ասես ՄԱԿ-ի ու միջազգային այլ կառույցների պաշտոնատարների դիտանկյունից հիմնականում որևէ դեպք չի պատահել Եմենում և այս երկիրը որևէ տեղ չի զբաղեցնում աշխարհի աշխարհագրական քարտեզում: Աշխարհի ժողովուրդներին առաջին ու երկրորդ կարգի քաղաքացիների բաժանելն արևմուտքի չհայտարարված քաղաքականությունն է: Այս հիման վրա արևմտյան ԶԼՄ-ների ու նրանց քաղաքական այրերի, նաև ՄԱԿ-ի պաշտոնատարների դիտանկյունից Եմենի և արևմտյան երկրների բնակիչների միջև երկնքից գետին տարբերություն գոյություն ունի:
Ջավան
Ամբողջ Իրաքը վարչապետի դեմ
Իրանի դեմ պատժամիջոցների կապակցությամբ Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Էբադու դիրքորոշումը հինգշաբթի օրը կրկնեց նրա խոսնակը, երբ հայտարարելով հանդերձ, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները կոպիտ սխալ են համարվում, նաև հավելեց. «Մենք հավատարիմ կմնանք Իրանի դեմ պատժամիջոցներին, քանի որ ամեն ինչից առաջ նկատի ենք առնում մեր շահերը»: Բացի Իրաքի խորհրդարանում 42 մանդատներ շահած Հեյդար Ալ-Էբադու գլխավորած «Ալ-Նասր» հոսանքից իրաքյան մյուս բոլոր ազդեցիկ հոսանքները դիրքորոշվել են ԱՄՆ-ի պատժամիջոցների դեմ: Իրաքի ընտրություններում հաղթանակած Իրաքի «Սադր» հոսանքի առաջնորդ Մուղթադա Սադրը ասել է, որ Իրանի դեմ այդ երկրի պատժամիջոցների դիմաց չի լռելու:
Երբ խոսքը գնում է պատժամիջոցների մասին հիշողություններից չեն մաքրվում Իրաքի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները: Երբ 1990-ական թվականների ավարտին ասվում էր, որ իրաքցիները պատրաստ են մի պարկ բրինձի համար մի ինքնաշարժի գին վճարել, իրանցիները միակ ժողովուրդն էին, որ կանգնեցին Իրաքի ժողովրդի կողքին: Այժմ այն պայմաններում, երբ Հեյդար Ալ-Էբադու կառավարությունը թեև պարտադրված, բայց հայտարարում է Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները գործադրելու մասին, իրաքյան խմբերը նրան կոչ են անում չմոռանալ «նավթ սննդի դիմաց» խորագրով ամերիկյան պատժամիջոցների ծանր ժամանակաշրջանում Իրանի ցուցաբերած օժանդակությունները:
Սոցիալական ցանցերի իրաքցի օգտատերերը «Ալ-Էբադին մեր ներկայացուցիչը չէ» հեշթեգով թեժացրել են Իրաքի վիրտուալ միջավայրը և այդպիսով հայտարարել են Իրաքի վարչապետի դիրքորոշման դեմ իրենց բողոքը: Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր էլ «Զորակցություն Իրանի ժողովրդի հետ» հեշթեգով հայտարարել են, նկատի առնելով այն իրողությունը, ծանր օրերին Իրանը կանգնած է եղել Իրաքի կողքին իրենք այդ կապակցությամբ պատասխանատվություն են զգում և դատապարտում են ԱՄՆ-ի պատժամիջոցները:
Ալիք
Հայաստանում կստեղծվի իրանական գյուղատնտեսական տեխնիկայի արտադրություն
Իրանական Arad Agricultural Machinery ընկերությունը մտադիր է Հայաստանում գյուղատնտեսական արտադրական տեխնիկայի արտադրության գործարան ստեղծել: Համագործակցության մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է օգոստոսի 10-ին «Բիզնես Հայաստան» հիմնադրամի միջազգային գործարար խմբի ղեկավար Նարեկ Ալեքսանյանի եւ Arad Agricultural Machinery ընկերության տնօրեն Նասեր Ռահիմի կողմից:
Հուշագրի շրջանակներում «Բիզնես Հայաստան» հիմնադրամը իրանական ընկերությանը կաջակցի ինչպես նախնական փուլում, այնպես էլ ծրագրի իրականացման հաջորդ փուլերում, ընդհուպ մինչեւ արտահանման խթանումը:
Ծրագրում ներդրումները կկազմեն 1 մլն դոլար: Իրանական ընկերությունը մտադիր է Հայաստանում գյուղատնտեսական տեխնիկայի արտադրությունը սկսել սեպտեմբերին: Առաջին փուլում ընկերությունում կաշխատի մոտ 20 աշխատակից, ավելի ուշ նրանց թիվը կհասնի 100-ի` տեղական շուկայից կադրերի համապատասխան վերապատրաստումից հետո:
Tert.am
Ռուսական զենքի մատակարարումների հետ կապված պայմանավորվածությունները կատարվելու են. Դավիթ Տոնոյան
Հայկական կողմը «նշաններ» չի ստացել, որ 100 միլիոն դոլարի վարկի դիմաց մատակարարվելիք ռուսական սպառազինության պայմանագիրը չի կատարվելու, այսօր Մոսկվայում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Ճիշտ չէ, որ ես մեկնաբանություններ անեմ՝ մանավանդ լրատվական միջոցների տարբեր հրապարակումներին, բայց կարող եմ ասել, որ այն պայմանագրային պայմանավորվածությունները, որոնք առկա են Ռուսաստանի Դաշնության հետ, մենք կատարելու ենք, երկկողմանի կատարվելու են», - նշեց նախարար Տոնոյանը՝ հավելելով․ ֊ «Համենայնդեպս, մենք այդպիսի նշաններ չենք ստանում, որ դա չի արվելու»:
Հուլիսի վերջին Ռուսաստանի արտգործնախարարը, մեկնաբանելով 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն ու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանքի առաջադրումը, հայտարարել էր՝ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարության հայտարարություններին, թե մտադրություն չունեն հետապնդումներ իրականացնել իրենց նախորդների դեմ քաղաքական նկատառումներով:
Այս հայտարարությանը հետևել էր «Կոմերսանտ»-ում հրապարակված ծավալուն հոդվածն այն մասին, թե Մոսկվային զայրացրել են հայաստանյան զարգացումները և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը, և հարցականի տակ է նոր 100 միլիոն դոլարի վարկի դիմաց Հայաստանին նոր սպառազինություն տրամադրելու հարցը:
Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, սակայն, անցած շաբաթ Հայաստանում հերքել էր այդ տեղեկությունը՝ հավելելով, որ ամեն ինչ ընթանում է ըստ նախնական պայմանավորվածության: «Դա ոչ ստույգ ինֆորմացիա է, ես դա չեմ հաստատում», - ասել էր ռուս գեներալը՝ պատասխանելով «Ազատության» հարցին: «Իսկ վարկի մասով Դուք ի՞նչ տեղեկություն ունեք», - այս հարցին էլ Ֆոմինը արձագանքել էր․ - «Ամեն ինչ աշխատում է»: