Պուտինը նախազգուշացրել է Վաշինգտոնի եվրոպացի գործընկերներին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i99887-Պուտինը_նախազգուշացրել_է_Վաշինգտոնի_եվրոպացի_գործընկերներին
Միջին հեռահարության միջուկային զենքի ոչնչացման մասին պայմանագրից (INF) ԱՄՆ-ի դուրս գալու այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի կայացրած որոշումը բացասական արձագանքների է արժանացել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 25, 2018 15:23 Asia/Tehran
  • Պուտինը նախազգուշացրել է Վաշինգտոնի եվրոպացի գործընկերներին

Միջին հեռահարության միջուկային զենքի ոչնչացման մասին պայմանագրից (INF) ԱՄՆ-ի դուրս գալու այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի կայացրած որոշումը բացասական արձագանքների է արժանացել:

Որոշումը կայացել է միջազգային պայմանագրերից ու դաշինքներից դուրս գալու Թրամփի ընդհանուր կողմնորոշման շրջանակում: Այս  քայլը բացասական ազդեցություն է թողնելու միջազգային անվտանգության ու ռազմավարական կայունության վրա, իսկ Ռուսաստանը, որպես Միջին հեռահարության միջուկային ուժերի մասին պայմանագիրը ստորագրած մյուս կողմը, խիստ հակազդեցություն է ցուցաբերել  Թրամփի այդ որոշմանը:

Պայմանագիր, որը ստորագրվել է 1987 թվականին, արգելում է կողմերին  Եվրոպայում տեղակայել բալիստիկ և քրուզ տիպի հրթիռներ: ԱՄՆ-ն  այն պատճառաբանությամբ, թե Ռուսաստանը խախտել է պայմանագիրը, նոր պատժամիջոցներ է սահմանել այդ երկրի դեմ և նույնիսկ սպառնացել է, որ ռազմական հարձակում կիրականացնի այդ երկրի դեմ:

Թեև ՌԴ արտաքին քաղաքականության գերատեսչությունը և նրա որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ Թրամփի որոշումը հայտարարվելուց հետո հանդես եկան իրենց դիրքորոշումներով և Թրամփի այդ քայլը որակեցին որպես գերտերության իր դիրքն ամրապնդելու ուղղությամբ  ԱՄՆ-ի կողմից արված փորձ, սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արձագանքը եղել է աննախադեպ և սպառնալի եվրոպացիների համար:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադառնալով իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի` 1987թ. ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև կնքված Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից դուրս գալու մտադրությանը, նախազգուշացրել է, որ կթիրախավորի այն երկրները, որտեղ ԱՄՆ-ն կտեղակայի միջին հեռահարության հրթիռներ: Պուտինն իր խոսքում նկատի է ունեցել Եվրոպայի տարածքը:

Պուտինն այդ դիրքորոշմամբ է հանդես եկել հատկապես այն բանից հետո, երբ Վաշինգտոնի որոշ գործընկերներ, ինչպես՝ Բրիտանիան և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն իրենց աջակցությունը հայտնեցին Թրամփի որոշմանը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերը հայտարարել է, որ Ռուսաստանը հավանաբար խախտել է Միջին հեռահարության միջուկային ուժերի մասին պայմանագիրը:

Պայմանագրի հետ կապված լարվածությունները սրվելուց հետո, ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն զգուշացրել է, որ Մոսկվան կարող է արձագանքել իր արևմտյան սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ռազմական գործունեության ընդլայնմանը:

ԱՄՆ-ի որոշման նկատմամբ Մոսկվայի խիստ դիրքորոշումը իմաստ է ստանում այն առումով, որ ԱՄՆ-ի նոր միջուկային դոկտրինայի կետերից մեկը ավելի փոքր միջուկային սպառազինության արտադրումն ու տեղակայումն է ԱՄՆ-ի թշնամիների, հատկապես՝ Ռուսաստանի դեմ ցանկացած հավանական պատերազմում օգտվելու նպատակով:

Այնուամենայնիվ Մոսկվայի խիստ հակազդեցությունը պատճառ է դարձել, որ ՆԱՏՕ-ի պաշտոնյաները պասիվ դիրքորոշում որդեգրեն այս հարցում: Ստոլտենբերգն ասել է.«Միջին հեռահարության միջուկային ուժերի պայմագրի տապալման դեպքում, բացառվում է նոր միջուկային զենքի տեղակայումը Եվրոպայում»:

Ի դեպ, Միջին հեռահարության միջուկային ուժերի մասին պայմանագրի շուրջ ԱՄՆ-Ռուսաստան լարվածություններին զուգահեռ, այսօր Նորվեգիայի ցամաքային, օդային ու ծովային տարածքում, հարակից երկրների երկնքում մեկնարկել է ՆԱՏՕ-ի Trident Juncture  զորավարժությունը, որը խոշորագույնն է ԽՍՀՄ փլուզումից հետո։ Պաշտոնական տվյալներով՝ այս զորավարժությանը մասնակցում է 50 հազար զինծառայող՝ ՆԱՏՕ-ի անդամ ու գործընկեր պետություններից։ Զորավարժության նպատակն է դիմակայել Նորվեգիայի վրա Ռուսաստանի ենթադրյալ հարձակմանը:

Այսպիսով Ռուսաստանի ու ԱՄՆ-ի առճակատման հետ զուգահեռ ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի առճակատումը խորանում է :