Փոդքաստ․ Աշխարհի պատմություն. 14-րդ էպիզոդ, Ամենօրյա հյուրը
Մարդը, որը հյուրի կարգավիճակով մյուսի տուն է մտնում, բայց դուրս գալու մտադրություն չունի, հաստատ այլ մտադրություն ունի։ Իսպանացիների կարծիքով, նման մարդը ոչ թե հյուր է, այլ գող։ Իսպանական ասացվածքն ասում է՝ «ամենօրյա հյուրը խոհանոցային գող է»։
Ողջույն։ Սա «Աշխարհի պատմություն» փոդքաստի շարքից տասնչորսերորդ էպիզոդն է: Սա հիշողություններ է նրանց մասին, ում մենք չգիտեինք, թե ովքեր են:
................................................ .. ..........
Այն սկզբնական տարիներից, երբ գաղութատերերը ներկայություն ունեցան տարբեր երկրներում, սկսվեց քրիստոնյա միսիոներների կողմից կլինիկաների ու հիվանդանոցների հիմնումը։ Ըստ միսիոներների՝ հիվանդներին բուժելը և նրանց ցավն ու տառապանքը նվազեցնելը մարդկանց քրիստոնեություն հրավիրելու լավագույն միջոցներից մեկն էր։ Թերևս ամենահայտնի բժշկական քարոզիչը Դեյվիդ Լիվինգսթոնն (David Livingstone) է: Նա շոտլանդացի էր և Հարավարևելյան Աֆրիկա մեկնեց 1841 թվականին։
Լիվինգսթոնը հանդես եկավ որպես բժիշկ՝ սևամորթների ցավերը բուժելու համար, բայց նա ուներ բազմաթիվ նպատակներ։ Այս նպատակներն այնքան բազմազան էին, որ նա ստիպված էր իր զեկույցները ներկայացնել Լոնդոնի մի քանի տարբեր հաստատությունների, ինչպիսիք են Միսիոներական ասոցիացիան, Թագավորական աշխարհագրական միությունը, թագավորական աստղագիտական միությունը և արտաքին գործերի նախարարությունը: Ուղևորության սկզբում Լիվինգսթոնը ձգտում էր Անգոլայում կանոնավոր առևտրային ուղի ստեղծել։ Նա պետք է ճանապարհ գտներ մայրցամաքի սրտում՝ «Լին Յատնի» կոչվող տարածքը Հնդկական օվկիանոսին միացնելու համար։ Իր ճանապարհորդությունների ընթացքում Լիվինգսթոնը հասավ մի հսկայական ջրվեժի, որը նա անվանեց «Վիկտորիա»՝ ի պատիվ Անգլիայի թագուհու։ Նա առաջին մարդն էր, ով անգլիական անուն դրեց Աֆրիկայի քարտեզի վրա։
Որոշ ժամանակ անց Անգլիայի արտաքին գործերի նախարար լորդ Կլարենդոնը (Clarendon) այս բժիշկ-քահանային նշանակեց որպես բրիտանական հյուպատոս Աֆրիկայի արևելյան ափերում և չբացահայտված մասերում: Արտաքին գործերի նախարարության առաջին հրամանը Լիվինգսթոնին եղել է տեղեկություններ հավաքել արևելյան և կենտրոնական Աֆրիկայի հանքային և գյուղատնտեսական պաշարների աշխարհագրական իրավիճակի մասին։ Երկրորդ հրամանը տեղաբնիկների և Անգլիայի պետության միջև առևտրային հարաբերությունների հաստատումն էր։ Այդ տարիներին Անգլիան խստորեն պայքարում էր ստրկավաճառության դեմ։ Նրանք հասկացել էին, որ Աֆրիկան հարուստ է հանքային պաշարներով, և այդ հանքերը շահագործելու համար սևամորթ աշխատուժի կարիքն ունենին: Այդ պատճառով նրանք հանկարծ կորցրին իրենց հետաքրքրությունը ստրկավաճառության նկատմամբ, և նրանց նավերը ծովերում զննում էին նավերը, որպեսզի թույլ չտային նրանց ստրուկներ տեղափոխել։ Լիվինգսթոնը պետք է խրախուսեր մեծ ցեղախմբերի առաջնորդներին Անգլիայի հետ առևտուր անելու համար, որպեսզի նրանք դադարեցնեին ստրուկներ վաճառել անգլիացիների եվրոպացի մրցակիցներին՝ ստանալով նոր տեսակի եկամուտներ։ Նա մեկ այլ գաղտնի առաքելություն էլ ուներ․ պայքարել Աֆրիկայում պորտուգալական ազդեցության դեմ: Նա այնքան համառ էր այս առաքելությունը կատարելու հարցում, որ Պորտուգալիայի կառավարությունը բրիտանական կառավարությանն ուղղված նամակում գրեց. «Դեյվիդ Լիվինգսթոնը քահանայի անվան տակ և կրոնական քարոզչությամբ վնասում է Պորտուգալիայի առևտուրը այս մայրցամաքում»։
Լիվինգսթոնը Աֆրիկայում անցկացրեց երեսուն տարի՝ այս առաքելություններից յուրաքանչյուրն ավարտելու նպատակով: Նա Ատլանտյան օվկիանոսի ափից ուղևորվեց դեպի Աֆրիկյան մայրցամաքի ներքին հատվածներ և վերջապես հասավ Հնդկական օվկիանոսի ափ: Նա ընկերներին ասում էր, որ իր կարծիքով, աշխարհագրական նվաճումների ավարտը միսիոներական առաքելության սկիզբն է։
Բայց արդյոք Լիվինգսթոնը իսկապե՞ս կրոնական միսիոներ էր։
Նրա մասին իր իսկ ընկերներից մեկն այսպես է գրել. « Դեյվիդը լավ բանախոս չէր. Նա առանձնապես ուշադրություն չէր էլ դարձնում կրոնական գիտություններին, այնքան էլ հավատարիմ չէր մնում կրոնական համոզմունքներին ու սկզբունքներին, երբեք չէր մասնակցում կրոնական քննարկումներին։ Նա բժիշկ էր, ով գրանցվել էր Լոնդոնի միսիոներական ասոցիացիայում և մեկնել Աֆրիկա:
................................................ .. .............
Միսիոներների բժշկական գործունեությունը հանգեցրեց բազմաթիվ երկրներում նրանց կողմից փոքր ու մեծ հիվանդանոցների և կլինիկաների կառուցմանը: Աֆրիկյան որոշ երկրներում հիվանդանոցների մեծ մասը կառուցվել է եվրոպացի քահանաների կողմից: Զիմբաբվեի հիվանդանոցների ավելի քան 70 տոկոսը հիմնադրվել և ղեկավարվել է եկեղեցու քարոզիչների կողմից: Այս հիվանդանոցներից մի քանիսում հիվանդները նախ պետք է խոստովանեին իրենց քրիստոնյա լինելու հանգամանքը, ապա նոր մտնեին հիվանդանոց: Աֆրիկայի որոշ արաբալեզու երկրներում կառավարությունները ջանքեր գործադրեցին հիվանդանոցներ կառուցելու համար, իսկ քրիստոնյա միսիոներները դժգոհ էին դրանից։ Պետական հիվանդանոցները պատճառ էին դառնում, որ մարդիկ այլևս չդիմեն քրիստոնեական միսիոներական հիվանդանոցներին, ինչի արդյունքում կնվազեր նրանց միսիոներական գործունեությունը:
Սուդանի Նազարեթ քաղաքի միսիոներ բժիշկները պահանջում էին բուժվող հիվանդներից կրկնել «Քրիստոսը փրկեց ինձ» նախադասությունը։
Այս միսիոներները նաև շարժական կլինիկա էին ստեղծել Նեղոս գետի վրա։ Նրանք երեք նավակով ճանապարհորդում էին Նեղոսով, և մինչ նրանք տեղ կհասնեին, ափին գտնվող նրանց մարդկանից մեկը ժողովրդին հայտնում էր, որ շարժական կլինիկան ժամանում է։ Հեռվից ու մոտիկից մարդիկ քայլում էին դեպի ափ։ Նրանցից ոմանք իրենց ուսերին կրում էին իրենց հիվանդներին։ Միսիոներները գալիս էին ափ և սպասում, որ ավելի շատ մարդիկ հասնեն ափ ու հավաքվեն այնտեղ, հետո նրանք սկսում էին ելույթներ ունենալ: Հիվանդները ստիպված էին դիմանալ ցավին ու տառապանքին մինչև կավարտվեր շարժական կլինիկայի անձնակազմի միսիոներական առաքելությունը և հետո նոր բուժվեին:
Իրանում քրիստոնեության տարածման միսիոներները բազմաթիվ քաղաքներում զբաղված էին բժշկական գործունեությամբ։ Այդ մարդկանցից ամենահայտնիներից մեկը անգլիացի կին էր՝ Մերի Ռեբեկա Ստուարտ Բըրդը (Mary Rebecca Stuart Bird), ով Իրան էր եկել ղաջարական Նասեր էդ֊Դին Շահի օրոք: Նա իր ընկերներին խոստովանել էր, որ բժշկության մեջ քիչ գիտելիքներ ու հմտություն ունի, բայց այնուամենայնիվ սկսեց բուժել հիվանդներին։ Մերի Բըրդը կլինիկա հիմնեց Սպահանի շուկայում և միևնույն ժամանակ սկսեց բուժել հիվանդներին ու քրիստոնեություն քարոզել։ Կլինիկան մի քանի անգամ փակվել է, բայց Մերի Բըրդը համառորեն վերաբացել է այն։ Նա բժշկությամբ է զբաղվել նաև Իրանի Յազդ և Քերման քաղաքներում և մահացել 1914 թվականին Քերմանում տիֆի պատճառով և թաղվել այնտեղ։ Բժշկական գործունեությամբ զբաղվող անգլիացի միսիոներների մեծ թիվը և հիվանդների համար նրանց պատճառած խնդիրները ստիպեցին Իրանի կառավարությանը 1933 թվականին հայտարարել, որ բոլոր օտարերկրյա բժիշկներն ու մանկաբարձները պետք է կառավարությանը ներկայացնեն վավեր կրթական որակավորման փաստաթուղթ, սակայն անգլիացի միսիոներները մեծ ջանքեր գործադրեցին, որպեսզի կառավարությունը հրաժարվի այս որոշումից։
Երկու անգլիացի միսիոներների՝ դոկտոր Ուայթի և նրա կնոջ կողմից Յազդում կառուցված հիվանդանոցը դարձել էր Իրանում քրիստոնեության տարածման կարևոր կենտրոն։ Այս հիվանդանոցի հիվանդներից մեկը մի աղքատ կին էր Թաֆթ քաղաքից։ Հոսպիտալացվելուց հետո որոշ ժամանակ անց նա ընդունել է քրիստոնեություն: Նրանից հետո քրիստոնյա դարձավ նաև նրա քույրը, և այս կնոջ մանկահասակ տղա երեխան, որը մկրտվեց։ Այս տղան հենց Հասան Դեհղանի Թաֆթին էր, ով հետագայում գնաց Անգլիա, դարձավ քահանա, ապա եպիսկոպոս և գրեց իսլամը քննադատող մի շարք գրքեր։
Այն տարիներին Յազդում աշխատող բժիշկ Ուայթի և նրա կնոջ մասին Իրանում բրիտանական կառավարության գործակալ գեներալ «Սըր Փերսի Սայքսը» (Sir Percy Sykes) գրել է. «Հիվանդներին բուժելու գործում այս անգլիացի զույգի գործունեության շնորհիվ, Յազդում և դրա շրջակայքում մեծացել է եվրոպացիների ազդեցությունը»։ Անգլիայի արտաքին գործերի նախարար Ջորջ Քըրզոնն (George Curzon) էլ գրել է, որ Իրանում բրիտանացի միսիոներների ներկայությունից ի վեր ավելացել են մեր տեղեկություններն այս երկրում տիրող իրավիճակի մասին։
................................................ .. ................
Բացի հիվանդներից, կային նաև մարդկանց այլ խմբեր, որոնք արժանանում էին քրիստոնյա միսիոներների ուշադրությանը։ Որբ և անօթևան երեխաներն ավելի շատ հայտնվեցին եվրոպացի և ամերիկացի քահանաների ուշադրության կենտրոնում, քան մյուս երեխաները։ Այս երեխաները, ովքեր ավելի շատ սիրո և քնքշանքի կարիք ունեին, միսիոներների բարության ու հոգատարության շնորհիվ սկսեցին ավելի շատ համակրել նրանց և ընդունել քրիստոնեություն:
Դոկտոր Սթեդը (Stead) ամերիկացի միսիոներ էր, ով Առաջին համաշխարհային պատերազմից հետո Ամերիկայի «Վեստմինսթեր» եկեղեցու օգնությամբ Իրանի արևմտյան քաղաքներից մեկում` Քերմանշահում հիվանդանոց կառուցեց և սկսեց բուժել հիվանդներին ու քրիստոնեություն քարոզել։ Որոշ ժամանակ անց Քերմանշահի Ֆարաման գյուղում կառուցեց դպրոց և որբանոց։ Առանց խնամակալի երեխաները, որոնց ծնողներն անհայտ էին, տեղափոխվում էին այս մանկատուն և երբ նրանք հասնում էին դպրոցական տարիքի, ընդունվում էին մանկատան դպրոց։ Այս երեխաներից շատերը, որոնք հիացած էին բժիշկ Սթեդի հոգատարությամբ, ընդունեցին քրիստոնեություն և ընտրեցին «Սթեդաբադի» ազգանունը։ Դոկտոր Սիթեր Էլկան նույնպես հնդիկ- անգլիացի քահանա էր, ով հիվանդանոց հիմնեց Իրանի հարավում գտնվող Սիստան և Բալուչեստան սահմանամերձ շրջանում: Երբ բժիշկ Էլկան տեղեկանում էր, որ հիվանդանոց են բերել ծնողազուրկ կամ անօթևան երեխայի, նա անձամբ էր խնամում նրան, իսկ ապաքինվելուց հետո էլ չէր խզում կապը նրա հետ։ Նրան հաջողվել է մկրտել և քրիստոնեության դավանանքի բերել Սիստանի որբացած երեխաներից մի քանիսին։
................................................ .. ..............................
Հեռավոր երկրներում քրիստոնեության քարոզչությամբ զբաղվող ոչ բոլոր քահանաներն էին ծառայում եվրոպական երկրներին ու գաղութատերերին։ Նրանցից ոմանք, ովքեր մաքուր սրտով և առ Աստված հավատքով զրուցում էին այլ կրոնների հետևորդների հետ, երբեմն ենթարկվում էին նրանց ազդեցությանը և դադարեցնում նրանց քրիստոնյա դարձնելու փորձերը և նույնիսկ իրենք էին դիմում նոր կրոնի և ապրելակերպի: Վիլֆրեդ Քենթվել Սմիթը (Wilfred Cantwell Smith) կանադացի քահանա էր, ով մեկնեց Հնդկական թերակղզի՝ այս երկրում քարոզելու համար: Նախքան Հնդկաստան մեկնելը, Անգլիայում Սմիթը մասնակցեց Համաշխարհային միսիոներական համաժողովին: Այս հավաքի կազմակերպիչ Հենդրիկ Քրամերը իր «Քրիստոնեական ուղերձը ոչ քրիստոնեական աշխարհում» գրքում, որը նա հրատարակել էր հենց այս միջոցառման առիթով, մերժել է մյուս բոլոր կրոնները և նրանց հետևորդներին սխալ համարել։ Քրամերի խոսքերը մտքում կրկնելով՝ Սմիթը մեկնեց Հնդկաստան, գնաց Հիմալայներ՝ բուդդայականների և փոքր թվով մուսուլմանների շրջանում քրիստոնեություն քարոզելու համար: Հիմալայան լեռնանցքներից մեկում նա հանդիպեց մի շատ աղքատ ծերունու, որը վայրի ու լեռնային մրգեր էր բերել ճանապարհի եզրին վաճառելու։ Ծերունին ոտաբոբիկ էր և այնքան աղքատ, որ նույնիսկ կշեռքի քար գնելու փող չուներ։ Մրգերի քաշը որոշելու համար, կշեռքի քարի փոխարեն, նա օգտագործում էր մի մեծ և երկու փոքր քարեր, որոնք, ըստ նրա, կշռում էին երկու ֆունտ (մոտ 900 գրամ):
Սմիթը խնդրեց ծերունուն, որ իրեն երկու ֆունտ միրգ տա, և երբ ծերունին քարերը դրեց կշեռքի մեջ, նա բողոքեց նրան, որ ես ինչպե՞ս կարող եմ համոզված լինել, որ դու ճշմարիտ ես ասում, և որ այս քարերը կշռում են երկու ֆունտ։
Սմիթին ի պատասխան՝ ծերունին միայն հանգիստ արտասանեց Ղուրանի այս այան. «Աստված լավ է տեսնում Իր ծառաներին», ապա շարունակեց իր գործը։
Սմիթը խիստ ապշել էր հեռավոր Հիմալայան լեռնանցքներում այս խեղճ ծերունու խորը հավատքից։ Նա ինքն իրեն հարցնում է, թե քրիստոնեություն քարոզելով հնարավո՞ր է արդյոք նրան ավելի ամուր ու խորը հավատ տալ։ Սմիթը ևս մեկ անգամ հիշեց Քրամերի խոսքերը և նրա համառ համոզմունքը, որ բոլոր կրոնները, բացի քրիստոնեությունից, կեղծ են, և այդ պահին նա ցանկացավ, որ Քրամերը այնտեղ լիներ: Սմիթը վերադարձավ իր երկիր և իր կյանքի մնացած մասը անցկացրեց իսլամի ուսումնասիրության վրա և դարձավ Արևմուտքի մեծ իսլամագետներից մեկը: «Իսլամը հասկանալու մասին» և «Իսլամը ժամանակակից պատմության մեջ» գրքերը Վիլֆրեդ Քենթվել Սմիթի ամենահայտնի գրքերից են։
Իրանում երկու պորտուգալացի քահանաներ, որոնք Սեֆյանների ժամանակաշրջանում էին եկել Սպահան, դադարեցրին քրիստոնեության քարոզչությունը և մի քանի տարի ժողովրդի հետ ապրելուց հետո իրենք էլ դարձան մահմեդական: Առաջին անձը Մանուել դե Սանտա Մարիա (Manuel de Santa Maria) անունով մի քահանա էր, ով Սպահանի պորտուգալական վանքի առաջնորդն էր։ Նա մուսուլման է դարձել 1691 թվականին` ընտրելով Հասան Ղոլի անունը, որը նշանակում է Իմամ Հասանի ծառա։ Նրանից վեց տարի հետո մեկ այլ պորտուգալացի քահանա, ով իր հայրենի քաղաքից՝ Լիսաբոնից մեկնել էր Սպահան, մահմեդականություն ընդունեց։ Այս քահանան, ում անունը Անտոնիո դե Ժոզո (António de Jesus) էր իր նոր կյանքում, անվանակոչվեց Ալի Ղոլի Ջադիդ ալ-Իսլամ։ Նա արժանացել է Սեֆյանների արքունիքի բարձր գնահատանքին և երկար տարիներ որպես թարգմանիչ ներկա է եղել արքունիքում։ Բացի այդ, Ալի Ղոլի Ջադիդ ալ-Իսլամը գրքեր է գրել ի պաշտպանություն իսլամի և ի հակազդեցություն քրիստոնյա միսիոներների: «Հավատացյալների թուրը», «Բռնակալների ուղղորդումը» և «Ամուսնության առավելությունները» նրա հեղինակած գրքերից են։