Փոդքասթ․(Երկրորդ էպիզոդ՝ Իրանի իսլամական հեղափոխության ձևավորման պատմությունը)
Բարև ձեզ : Ներկայացնում ենք «Իրանի իսլամական հեղափոխության ձևավորման պատմությունը» փոդքասթի երկրորդ դրվագը։
Առաջին էպիզոդում քննարկեցինք այն հարցը, թե ինչ առանձնահատկություններ ուներ 1979-թվականին Իրանում հաղթած հեղափոխությունը, որը չէին կարողացել կանխատեսել աշխարհի գրեթե բոլոր փորձառու քաղաքական վերլուծաբաններն ու ականավոր քաղաքական գործիչները։ Հարցին պատասխանելու համար անդրադարձանք երկու հիմնական կետերի:
Նախ՝ քաղաքական վերլուծաբանների և պետական այրերի կողմից Իրանի հեղափոխական շարժումը վերլուծելու և հաղթանակը կանխատեսելու անկարողության կարևոր պատճառներից մեկը ժողովրդի բողոքի՝ կրոնական բնույթն էր։ Իրանի հեղափոխության կրոնական երանգն ու կրոնական գաղափարախոսությունը հասկանալի չէին արևմտյան մտավորականների և պետական գործիչների համար, ովքեր Իրանի զարգացումներին հետևում էին սեկոլարիզմի և լաիցիզմի հայացքով։ Նրանք չէին պատկերացնում, որ 20-րդ դարի վերջին քառորդում կրոնը կրկին կվերադառնա մարդկային կյանքի քաղաքական և սոցիալական ասպարեզ և կձևավորի ճնշումների, բռնակալության ու կախվածության դեմ պայքարող ճակատ։ Ձախակողմյան ճամբարի մտածողներն ու պետական գործիչները չէին կարողանում հասկանալ հեղափոխական իրադարձությունների ընթացքը և կանխատեսել դրանց արդյունքը, քանի որ կրոնը համարում էին զանգվածների ափիոնը և չէին կարծում, որ այն կարող է դառնալ ճնշողների և շահագործողների դեմ պայքարելու համար իրավազրկվածներին իրազեկելու և խրախուսելու գործիք։
Աշխարհի մտավորականներն ու պետական այրերը չկարողացան կանխատեսել Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակը նաև այն պատճառով, որ այն ղեկավարում էր հոգևորականությունը, իսկ Այաթոլլահ Խոմեյնին առանձնահատուկ դեր ուներ հեղափոխական շարժման ձևավորման ու այն հաղթանակի հասցնելու գործում: Նրանք ճիշտ պատկերացում չունեին Իրանի պատմության մեջ կրոնի ու կառավարության հարաբերությունների մասին և ծանոթ չէին Իմամ Խոմեյնիի անհատականություն:
Շարունակելով փոդքասթի նախորդ թեման այսօր կանդրադառնանք աշխարհի մյուս հեղափոխությունների հետ իսլամական հեղափոխության մեկ ուրիշ կարևոր տարբերությանը՝ դրա ոչ բռնի էությանը:
Ես... եմ և հրավիրում եմ ձեզ՝ ունկնդրելու «Իրանի իսլամական եղափոխության ձևավորման պատմությունը» փոդքասթի երկրորդ դրվագը։
.......
Աշխարհի քաղաքական բառապաշարում հեղափոխության և բռնության միջև սերտ կապ գոյություն ունի։ Այլ խոսքով ՝ հեղափոխությունը, որը ենթադրում է իշխող քաղաքական համակարգի տապալումը և դրա փոխարինումը նոր քաղաքական համակարգով, ենթադրում է բռնություն, քանի որ այն ազգային և նույնիսկ միջազգային մակարդակով քաղաքական երկու հոսանքների բախման և առճակատման ամենամեծ և ամենալուրջ դրսևորումն է ու չի կարող ավարտվել առանց արյունահեղության։ Բռնությունն այստեղ ենթադրում է իշխող քաղաքական համակարգի գորոծղությունները, որոնք փորձում են ճնշել ընդդիմադիրներին։ Սակայն բռնությունը միայն պետական այրերի և իշխող քաղաքական համակարգի գործողություններին չի վերաբերում, քանի որ շատ դեպքերում ցուցարարները, իշխող քաղաքական համակարգը տապալելու համար, բռնությամբ են պատասխանում իշխանությունների կողմից գործադրվող բռնությանը: Այդ իսկ պատճառով աշխարհի բոլոր հեղափոխությունների ժամանակ հազարավոր և նույնիսկ միլիոնավոր մարդիկ կորցրել են իրենց կյանքը։ Եվ պետք է նշել, որ ոչ միշտ են այս բռնությունների արդյունքում հաղթել հեղափոխականները: Այլ խոսքով՝ բռնությունը եղել է և՛ հաղթանակած, և՛ տապալված հեղափոխությունների ժամանակ: Թեև հաճախ բռնության ծավալը, չափն ու խորությունը, այն հեղափոխություններում, որոնք պսակվում են հաղթանակով, շատ ավելին է, քան տապալված հեղափոխությունների դեպքում, սակայն, ըստ քաղաքական վերլուծաբանների, Իրանի իսլամական հեղափոխությունը բացառություն է այս առումով: Իրանի հեղափոխությունը 20-րդ դարի ամենախաղաղ և ոչ բռնի հեղափոխությունն էր: Դար, որի ընթացքում տարբեր երկրներում տեղի ունեցան տասնյակ հեղափոխություններ, և միլիոնավոր մարդիկ այդ ճանապարհին զոհվեցին: Հատկանշական է , որ 21-րդ դարի սկզբին աշխարհում ի հայտ եկավ հեղափոխությունների նոր տեսակ, որոնց ակնառու հատկանիշը դրանց ոչ բռնի էությունն էր։ Դրանք կոչվեցին թավշյա հեղափոխություններ։ Բայց 20-րդ դարում իսլամական հեղափոխությունը միակ հեղափոխությունն էր, որը տեղի ունեցավ նվազագույն բռնությամբ և, որ ավելի կարևոր է, պսակվեց հաղթանակով:
.......
Փորձագետների և վերլուծաբանների միջև տարաձայնություններ չկան այն հարցում, որ Իրանի իսլամական հեղափոխությունը 20-րդ դարում աշխարհի ամենախաղաղ հեղափոխություններից մեկն է եղել, բայց պատճառների շուրջ առկա են տարաձայնություններ։ Ոմանք այն կարծիքի են, որ շահը, ժողովրդի հանդեպ ունեցած սիրո պատճառով հրաժարվել է բռնություն կիրառել ցուցարարների նկատմամբ։ Շահը նույնպես նման հայտարարություն է արել իր՝ «Պատասխան պատմությանը» գրքում, որը հրատարակել է գահընկեց լինելուց երկու տարի անց։ Գրքում նա փորձել է ինքն իրեն ներկայացնել որպես բարի ու մարդասեր ղեկավար։ Բայց իրականությունն այլ է, քանի որ իշխանության օրոք շահը սպանել է մեծ թվով մարդկանց։
Իրանական 1332 թվականի ազար ամսի 16-ին (1953 թվականի դեկտեմբերին)) ԱՄՆ ժամանակի նախագահ Նիքսոնի Թեհրան ժամանելու դեմ բողոքող ուսանողների սպանությունը, պետական հեղաշրջմանը դեմ գնացող վաճառականների ճնշումը, իրանական 1342 թվականի խորդադ ամսի 15-ի (1963 թվականի հունիսի) ապստամբության մասնակիցների սպանությունը, 1940-ականների վերջին ռեժիմի դեմ պայքարող պարտիզանական ուժերին ճնշելը և 1350 ականների սկզբին ահ ու սարսափի մթնոլորտի ստեղծումը, շահի կողմից իրականացված բռնությունների օրինակներն են: Այն, որ շահը հեղափոխության հաղթանակին նախորդած երկու տարում չկարողացավ (ոչ թե չէր ուզում) ճնշել ժողովրդին, կապ չուներ նրա գթասրտության ու բարության հետ, այլ ուներ երկու պատճառ։ Առաջինն ԱՄՆ նախագահ Ջիմի Քարթերի օրոք Թեհրան-Վաշինգտոն հարաբերություններում տեղի ունեցած փոփոխությունն էր, և շահի նկատմամբ ամերիկյան կողմից աջակցության նվազումը, մյուսը՝ շահի մոտ ախտորոշված քաղցկեղը և նրա ինքնավստահության նվազումն էր։ Նույնիսկ Քարթերի ժամանակաշրջանում Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունների մթագնումն ընդդիմության դեմ համատարած բռնություն չկիրառելու հիմնական պատճառը չէ, քանի որ շահի և ԱՄՆ-ի ղեկավարների միջև կայացած մի քանի հանդիպումներից և հատկապես Բժեզինսկու հետ խորհրդակցություններից հետո, Քարթերը համոզվեց աջակցել շահին՝ ընդդիմությանը ճնշելու հարցում։ Ուրեմն, ո՞րն էր իսլամական հեղափոխության ընթացքում բռնության և արյունահեղության բացակայության հիմնական պատճառը:
.....
1979-ի հեղափոխության ընթացքում բռնության և արյունահեղության բացակայության հիմնական պատճառը կարելի է գտնել լուսահոգի Իմամ Խոմեյնիի կրոնական և բարոյական անհատականության և քաղաքական կերպարի մեջ: Ինչպես նշեցինք, քաղաքական իրադարձություններում բռնությունը երկու ասպեկտ ունի։ Այն կարող է կիրառվել իշխող քաղաքական համակարգի կամ՝ ընդդիմության ու ցուցարարների կողմից։ Փաստն այն է, որ բռնությունը սիներգետիկ գործընթաց է, այն բռնություն է ծնում։ Բայց Իմամ Խոմեյնին հավատալով իսլամի ուսմունքներին, որոնց համաձայն՝ ժողովրդի արյունը մեծ արժեք ունի, փորձեց կանխել բռնությունը հեղափոխականների կողմից և մյուս կողմից, օգտագործելով այլ հնարավորություններ, ինչպիսիք են՝ հանրային իրազեկումը և զանգվածային պայքարը, ինչպես նաև ներգրավելով միջազգային աջակցությունը, հնարավորին նվազեցնել ռեժիմի կողմից կիրառվելիք բռնության մակարդակը: Իմամ Խոմեյնիի կրոնական և քաղաքական մոտեցումը բռնությունից խուսափելն էր, որը կարելի է համարել իսլամական հեղափոխության մեջ բռնության ու արյունահեղության բացակայության գաղտնիքը: Պայքարի գործընթացում բռնությունից խուսափելու իմամ Խոմեյնիի գործելաոճը չէր սահմանափակվում հեղափոխական գործողություններով։ Հիմնվելով կրոնական գաղափարախոսության վրա և խուսափելով հուզական որոշումներից, լինելով քաղաքական առումով գրագետ, հենց երիտասարդ տարիքից նա բռնությունը համարում էր քաղաքական պայքարի պատուհասը: Երբ իրանական 1320 ականներին (1940-ականներ), ընթանում էր «Ֆադայանե Էսլամ» խմբավորման պայքարը, Նավաբ Սաֆավիի ղեկավարությամբ, իմամը դեմ էր զինյալ պայքարին: Նույնիսկ Քասրավիի սպանության ժամանակ, ով բացարձակապես անարգում էր իսլամական սրբությունները, իմամ Խոմեյնին չհամաձայնվեց արձակել նրա անհավատ լինելու կամ մահապատժի դատավճիռը: Իմամ Խոմեյնին դեմ էր նաև 1340 ականներին (1960-ականներ ) «Մոջահեդինե Խալղ» և «Չերիքհայե ֆադայի խալղ» կազմակերպությունների զինյալ պայքարին։ Իսկ շահի միապետական համակարգը փակել էր օրինական ու խաղաղ պայքարի բոլոր դռները:
.....
Իրանական 1350-ականների կեսերին (1970-ականներ) շահի միապետական և արտաքին ուժերից կախվածության մեջ գտնվող ռեժիմի դեմ քաղաքական պայքարում նոր ռազմավարություն որդեգրելով, իմամ Խոմեյնին արդյունավետ դեր խաղաց հեղափոխության հաղթանակի և այդ գործընթացում բռնության նվազեցման գործում։ Մինչ այդ, ցուցարարների պայքարը դիվերսիոն բնույթ էր կրում։ Սակայն ռեժիմը տապալելու հակառակորդների գործողությունները կրկին հիմնված էին բռնության և զինյալ պայքարի վրա։ Շահի ռեժիմը, որն ապավինում էր ԱՄՆ-ի աջակցությանը, նավթից ստացված խոշոր եկամուտներին և առաջադեմ ռազմական ու անվտանգության սարքավորումներին, խստորեն, ճնշեց զինյալ պայքարում ներգրավված երիտասարդներին։ Արդյունքում, իրանական 1350-ականներին այլևս ոչ մի ընդդիմախոսի ձայն չէր լսվում: Նման պայմաններում, իմամ Խոմեյնին օգտագործեց մարդու իրավունքները հարգելու հարցում ռեժիմի նկատմամբ գործադրվող ճնշումը և կարողացավ զինյալ պայքարը փոխարինել զանգվածային պայքարով: Նոր ռազմավարության կիրառման հետևանքով շահի վարչակազմը չէր կարող ճնշել ընդդիմությանը։
Ֆրանսիացի փիլիսոփա, պատմաբան և ժամանակակից մտավորական Միշել Ֆուկոն, 1979 թվականին Իրանի ժողովրդի հեղափոխական ցույցերն անվանել է «հեղափոխություն դատարկ ձեռքերով»։
Ժողովուրդը մարտահրավեր նետեց շահի ռեժիմին առանց բռնության և ապավինելով միայն իր հավատքին, կամքին ու բռունցքներին։ Շահն այս ռազմավարության դիմաց ոչինչ չէր կարող անել, քանի որ նրա համար այլևս հեշտ չէր արդարացնել բռնությունը։ Իմամը, ով նախորդ տարիներին ևս չէր համաձայնվել զինյալ պայքարին, այդ ժամանակահատվածում շեշտեց զանգվածային պայքարի կարևորությունը, որպեսզի պայքարի շարժիչը փամփուշտների ու կապարի փոխարեն դառնա ժողովրդի իրազեկումն ու զարթոնքը, և արդյունքում՝ ռեժիմի դեմ ժողովրդի դիմակայությունը վերածվեց փողոցային քայլարշավների: Իմամը համոզված էր, որ բռնության կիրառումը դրական արդյունքներ չի ունենալու, քանի որ ռեժիմի հակառակորդներն աշխարհում կճանաչվեն որպես ահաբեկիչներ և այս խառնաշփոթի մեջ չի լսվի ժողովրդի ձայնը։ Իսկ դա բխում էր ռեժիմի շահերից: Բացի այդ, սպանություններով և ահաբեկչություններով ռեժիմն ավելի ագրեսիվ կդառնար ու սպանվածին կփոխարիներ ավելի վատ մեկով։ Զինյալ պայքարը նաև քաոս ու խառնաշփոթ կառաջացներ երկրում և լուրջ վտանգի դիմաց կկանգնեցներ երկրի անվտանգությունը ։
Ապավինելով իմամ Խոմեյնիի ցուցումներին, ժողովուրդը խուսափեց հեղափոխության գործընթացում բռնության տարածման պատճառ հանդիսացող ցանկացած գործողությունից։ Օրինակ, երբ իրանական 1357 թվականի շահրիվարի 16-ին ցուցարարները դուրս եկան փողոց և բռնության դիմելու փոխարեն զինվորներին ծաղիկներ նվիրեցին։ Նրանք սկսեցին վանկարկել. «Մենք ձեզ ծաղիկներ ենք նվիրում, դուք մեզ՝ փամփուշտներ»։ Այս գործողությունը կրկնվեց այլ դեպքերում ևս, և ի վերջո բանակը միացավ ժողովրդին։ Անկասկած, եթե բանակը չկանգներ Իրանի ժողովրդի կողքին և պատրաստ լիներ սպանել ցուցարարներին՝ շահի քաղաքական համակարգը պահպանելու համար, արյունահեղություն տեղի կունենար, ինչպես շատ այլ երկրներում։ Բայց բանակը հրաժարվեց աջակցել շահին՝ ժողովրդի դիմադրության և իմամի խելամտության շնորհիվ: Իմամ Խոմեյնին բանակին ուղղած ուղերձում նշել էր. «Իրանի հայրենասեր զինվորներ: Դուք տեսաք, որ ժողովուրդը ձեր բարեկամն է և ձեզ ողողում է ծաղիկներով, և գիտեք, որ այս կեղեքիչները ձեզ միջոց են դարձրել ձեր եղբայրներին սպանելու համար, որպեսզի շարունակեն իրենց ճնշումը։ Ուրեմն միացե՛ք ձեր մյուս բանակային եղբայրներին, ովքեր լքել են շահին, և ոտքի կանգնեք ու մի թողեք, որ ձեր ժողովուրդը կործանվի, ձեր եղբայրներն ու քույրերը հրի ու սրի մատնվեն»:
......
Քաղաքացիական դիմադրության և ժողովրդի զանգվածային պայքարի ռազմավարությունը արդյունավետ էր ինչպես բռնությունը նվազեցնելու, այնպես էլ հեղափոխության հաղթանակն արագացնելու գործում, և Իրանի իսլամական հեղափոխությունը հաղթանակեց ամենաքիչ արյունահեղությամբ և ամենաարագ ժամանակում։ Իսլամական շարժման ընթացքում, 1963-1978 թվականներին գրանցվել է 5 հազարից պակաս զոհ, ինչը համեմատելի չէ աշխարհի մյուս հեղափոխությունների հետ։ Դա հնարավոր չէր լինի եթե չլինեին իմամ Խոմեյնիի մարտավարությունը, հնարավորություններն ու միջազգային հնարավորություններն օգտագործելու նրա խելամիտ ռազմավարությունը։
Թանկագին ռադիոլսող բարեկամներ, ներկայացրեցինք «Իրանի իսլամական հեղափոխության ձևավորման պատմությունը» փոդքասթի երկրորդ դրվագը։ Փոդքասթ, որը փորձում է լուսաբանել 1979 թվականի Իրանի հեղափոխության ձևավորման գործընթացը և ներկայացնել դրա տարբերություններն աշխարհի այլ կարևոր հեղափոխությունների հետ:
Մինչ նոր հանդիպում։
Տերն ընդ Ձեզ: