Նախարար Արշակյանն Իրանի հայ համայնքին ներկայացրել է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը
https://parstoday.ir/hy/news/armenia-i109746-Նախարար_Արշակյանն_Իրանի_հայ_համայնքին_ներկայացրել_է_Հայկական_վիրտուալ_կամուրջ_ծրագիրը
Նախարար Արշակյանն Իրանի հայ համայնքին ներկայացրել է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 24, 2019 14:04 Asia/Tehran
  • Նախարար Արշակյանն Իրանի հայ համայնքին ներկայացրել է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը

Նախարար Արշակյանն Իրանի հայ համայնքին ներկայացրել է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը:

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում  ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի թեմական խորհրդի նախագահ Նորայր Արամյանի, Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանի, պալատի խորհրդի անդամների, համայնքային մարմինների մի շարք ներկայացուցիչների,  ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտի հայազգի մի շարք գործարարների և մասնագետների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ կառավարության տեսլականը,  նորաստեղծ նախարարության առաջնահերթություններն ու  իրականացվող ծրագրերը: Նախարարը հատկապես կարևորել է ստարտափ էկոհամակարգի զարգացման ուղղությամբ իրականացվող գործունեությունը։ 

Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Հայաստանն ունի շատ տաղանդավոր մասնագետներ մաթեմատիկայի, աստղաֆիզիկայի, արհեստական բանականության, միկրոէլեկտրոնիկայի, տեխնոլոգիական մյուս բնագավառներում, որոնք իրենց գիտելիքներով և փորձով կարող են մրցունակ լինել միջազգային ցանկացած շուկայում։

Նախարարը խոսել է նաև Հայաստան-Սփյուռք կապերի խորացման ուղղությամբ ՀՀ կառավարության նոր մոտեցումների և առաջիկա ծրագրերի մասին, մասնավորապես, ներկայացրել է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը, որը հնարավորություն է տալու Հայաստանում գոյություն ունեցող և ստեղծվող ընկերություններին ուղիղ կապ ունենալ աշխարհի շուկաների հետ: Կարևորվել է նաև հայկական սփյուռքի ինտելեկտուալ ներուժի ներգրավումը հայկական բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում: 

Armenpress.am