Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 6.5 տոկոսով
https://parstoday.ir/hy/news/armenia-i109791-Հայաստանում_տնտեսական_ակտիվությունն_աճել_է_6.5_տոկոսով
Հայաստանում տնտեսական ակտիվությունն այս տարվա հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.5 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 25, 2019 14:22 Asia/Tehran
  • Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 6.5 տոկոսով

Հայաստանում տնտեսական ակտիվությունն այս տարվա հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.5 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Մասնավորապես՝ 2019-ի հունվար-հունիսին 2018-ի հունվար-հունիսի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 6.9 տոկոսով, շինարարության ծավալը՝ 4.7 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 8.9 տոկոսով, իսկ ծառայությունների ծավալը՝ 15.3 տոկոսով:

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը 2019թ. հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա հունվար-հունիսի նկատմամբ նվազել է 7.4 տոկոսով:

Սպառողական գների ինդեքսն ավելացել է 2.0 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 0.1 տոկոսով:

Էլեկտրաէներգիայի արտադրությունը նույն ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ նվազել է 5.5 տոկոսով:  

Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում այս տարվա հունվար-հունիսին աճել է 5.6 տոկոսով՝ կազմելով 176 հազար 783 դրամ: Ընդ որում` պետական օղակում միջին ամսական աշխատավարձն ավելացել է 6.4 տոկոսով, իսկ ոչ պետականում՝ 3.9 տոկոսով:

Արտաքին առևտրաշրջանառությունը ընթացիկ տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա համեմատ գրեթե պահպանել է նախորդ տարվա ծավալները` կազմելով 3 մլրդ 495 մլն դոլար (աճը՝ 0.1 տոկոս): Ընդ որում՝ առաջին կիսամյակում արտահանումը նվազել է 0.5 տոկոսով և կազմել է  1 մլրդ 173 մլն դոլար, իսկ ներկրումն ավելացել է 0.5 տոկոսով և կազմել է 2 մլրդ 321 մլն դոլար:

Armenpress.am