ԶՊՄԿ-ն վերագործարկել է Սիսիանի` 3 տարի չաշխատած գործարանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i180240-ԶՊՄԿ_ն_վերագործարկել_է_Սիսիանի_3_տարի_չաշխատած_գործարանը
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) վերագործարկել է Սիսիանի «VH Stone» քարի վերամշակման գործարանը, որը 3 տարի չի գործել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 24, 2022 10:26 Asia/Tehran
  • ԶՊՄԿ-ն վերագործարկել է Սիսիանի` 3 տարի չաշխատած գործարանը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) վերագործարկել է Սիսիանի «VH Stone» քարի վերամշակման գործարանը, որը 3 տարի չի գործել։

Ինչպես հայտնում են ԶՊՄԿ-ից, գործարանի վերաբացումը տեղի է ունեցել կոմբինատի ու գործարանի ղեկավարության, ՀՀ կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ։

Բացման արարողությանը ներկա են եղել ԶՊՄԿ գլխավոր տնօրեն, «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլին, ՀՀ ՏԿԵ  (տարածքային կառավարման և ենթակառուցվածքներ) նախարար Գնել Սանոսյանը, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ)  տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

«Այսօր մենք վերաբացում ենք մի գործարան, որը տասնյակ մարդկանց աշխատանքով կապահովի։ Սա ռազմավարական որոշում է, ապահովել արդյունաբերական հզորությունների վերականգնումը և չապավինել միայն սոցիալական ծրագրերին։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը վերաբացում է այս գործարանը՝ հավատալով, որ արժանապատիվ աշխատանքի հնարավորություն ունենալով՝ այս տարածաշրջանի բնակչությունը կարող է կերտել իր ապագան և իր աշխատանքով զարգացնել իր քաղաքն ու տարածաշրջանը»,- գործարանի վերաբացման արարողությանն ասել է Ռոման Խուդոլին։

«VH Stone» քարի վերամշակման գործարանն այժմ միակ գործող արդյունաբերական ձեռնարկությունն է Սիսիանում, որտեղ այսօր շուրջ 40 մարդ է աշխատում։ Բայց գործարանի ղեկավարությունն արդեն հաջորդ տարվա համար արտադրությունն ընդլայնելու ծրագիր է մշակում։

Արտադրական ծավալն այժմ կազմում է ամսական 2500 քմ պատրաստի արտադրանք։ Սակայն ղեկավարության խոսքով` գործարանը կարող է իր արտադրական հզորությունը հասցնել մինչև 5000 քմ-ի, ներկայիս 40 աշխատատեղերն էլ ավելացնել մինչև 100-ի։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը լրագրողներին ասել էլ, որ գործարանի աշխատանքի ընթացքում հանքաքարի պաշարների խնդիրներ չեն ծագի։

«Հումքային պաշարներ շատ կան, կոմբինատի արտադրողականությունը շատ բարձր է` ի տարբերություն շատ այլ արտադրամասերի, այնպես որ այս նախաձեռնությունը բոլոր առումներով ողջունելի է, «Գեոպրոմայնինգը» մեր լավագույն գործընկերներից է, որի հետ մենք համագործակցում ենք տարբեր նախագծերի շրջանակում»,- ասել է Սանոսյանը։

Գործարանում վերամշակված քարերը նախատեսվում է արտահանել հիմնականում Ռուսաստանի Դաշնություն։ Միաժամանակ նախատեսվում է վերականգնել արտահանումը դեպի եվրոպական մի շարք երկրներ և Հարավային Կորեա։

«VH Stone» ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին։ 2015 թվականից այն պատկանում է ԶՊՄԿ-ին: 2019 թվականին դադարեցրել է գործունեությունը։

armeniasputnik.am