Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
https://parstoday.ir/hy/news/armenia-i180282-Հայաստանի_և_Ֆրանսիայի_ԱԳ_նախարարները_հեռախոսազրույց_են_ունեցել
Օգոստոսի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 24, 2022 14:36 Asia/Tehran
  • Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Օգոստոսի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Նախարար Միրզոյանը ցավակցություն է հայտնել ֆրանսիական կողմին Կորսիկայում օգոստոսի 18-ին փոթորիկի հետեւանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Նախարար Կոլոննան իր հերթին ցավակցություն է հայտնել հայկական կողմին Սուրմալու առեւտրի կենտրոնում պայթյունի հետեւանքով մարդկային զոհերի առնչությամբ եւ շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին։

Արարատ Միրզոյանն ու Կատրին Կոլոննան գոհունակություն են հայտնել հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ։ Այս համատեքստում պատրաստակամություն է հայտնվել գործուն քայլեր ձեռնարկելու փոխշահավետ համագործակցության հետագա խորացման  եւ կոնկրետ նախագծերի կյանքի կոչման միջոցով երկկողմ օրակարգի հարստացման ուղղությամբ։

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության եւ կայունության հարցերի։

Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել  Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման եւ տարածաշրջանային խաղաղության հաստատման շուրջ հայկական կողմի մոտեցումները։

Կողմերն ընդգծել են Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման գործում։

lragir.am