Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն 3 արբանյակ. Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i250048-Հայաստանը_մտադիր_է_գործարկել_առնվազն_3_արբանյակ._Փաշինյան
Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն երեք արբանյակ։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում կայացած Միջազգային տիեզերական գագաթնաժողովի ժամանակ:
(last modified 2026-09-10T15:08:13+00:00 )
Սեպտեմբեր 10, 2026 18:32 Asia/Tehran
  • Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն 3 արբանյակ. Փաշինյան

Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն երեք արբանյակ։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում կայացած Միջազգային տիեզերական գագաթնաժողովի ժամանակ:

Նրա խոսքով` 2026-2031 թվականների Հայաստանի կառավարության ծրագիրն ազգային տիեզերական կարողությունների զարգացումը սահմանում է որպես առանձին ռազմավարական նպատակ։ Արբանյակներից երկուսը լինելու են Երկրի դիտարկման և մեկը՝ հեռահաղորդակցության համար։ Ըստ ՀՀ վարչապետի` միաժամանակ պետք է զարգացնել սեփական գետնային ենթակառուցվածքներ և ներքին կարողություններ արբանյակային կառավարման, տվյալների ընդունման, մշակման և վերլուծության համար։

«Մենք նաև նախատեսում ենք ստեղծել գետնային կայանների բաշխված ցանց, որը կարող է սպասարկել ոչ միայն Հայաստանի ազգային կարիքները, այլև աջակցել միջազգային տիեզերական առաքելություններին և արբանյակային տվյալների ու ծառայությունների աճող պահանջարկին»,–ասել է Փաշինյանը «Տիեզերական ենթակառուցվածքների ապագայի տեսլականները» խորագրով պանելային քննարկման ժամանակ։

Փաշինյանը հիշեցրել է, որ 2022 թվականին Հայաստանն արձակեց իր առաջին արբանյակը՝ ARMSAT-1-ը, որը մշակվել էր եվրոպական տեխնոլոգիաներով և ուղեծիր էր դուրս բերվել SpaceX-ի կողմից։ Ընդամենը մեկ տարի անց տիեզերք արձակվեց HAYASAT-1-ը, որը հայ մասնագետների կողմից ամբողջությամբ հավաքված և փորձարկված առաջին հայկական արբանյակն է։

Ըստ Փաշինյանի` Հայաստանը նպատակ ունի ավելի ակտիվորեն մասնակցել միջազգային տիեզերական ծրագրերին՝ հնարավորություն տալով հայ ինժեներներին և ընկերություններին ներդրում ունենալ տիեզերական հետազոտությունների համար նախատեսված բարդ համակարգերի և սարքավորումների նախագծման, ճարտարագիտության և արտադրության մեջ։

ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը նաև գիտակցում է տիեզերքի և արհեստական բանականության միջև աճող ընդհանրությունը։ Այս համատեքստում Հայաստանը մշակում է «Արհեստական բանականության գործարանների այգու» ավելի լայն ազգային հայեցակարգ, որը նպատակ ունի ստեղծել առաջադեմ հաշվարկների և արհեստական բանականության հնարավորությունների էկոհամակարգ՝ աջակցելու հետազոտություններին, նորարարություններին և տեխնոլոգիական զարգացմանը տարբեր ոլորտներում։

Նշենք, որ Հայաստանում   բացվել է NVIDIA-ի հետ համագործակցությամբ մշակված Firebird արհեստական բանականության գործարանը։