Հայաստանը մասնակցում է Տորոնտոյի հանքարդյունաբերական ոլորտի աշխարհի խոշորագույն հավաքին
https://parstoday.ir/hy/news/armenia-i85937-Հայաստանը_մասնակցում_է_Տորոնտոյի_հանքարդյունաբերական_ոլորտի_աշխարհի_խոշորագույն_հավաքին
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 4-7-ը մասնակցում է Կանադայի Տորոնտո քաղաքում անցկացվող հանքարդյունաբերողների համաշխարհային ամենամյա հավաքին (PDAC):
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 05, 2018 14:56 Asia/Tehran
  • Հայաստանը մասնակցում է Տորոնտոյի հանքարդյունաբերական ոլորտի աշխարհի խոշորագույն հավաքին

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 4-7-ը մասնակցում է Կանադայի Տորոնտո քաղաքում անցկացվող հանքարդյունաբերողների համաշխարհային ամենամյա հավաքին (PDAC):

Ինչպես տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Տորոնտոյի ֆոնդային բորսայում գրանցված են աշխարհի խոշորագույն հանքարդյունաբերող կազմակերպությունների մեծ մասը, և ամեն տարի հանքարդյունաբերողների հավաքն ունենում է բնական պաշարների շահագործումը վերահսկող մարմինների և մասնավոր ընկերությունների ավելի քան 25 հազար ներկայացուցիչներ՝ աշխարհի 125 երկրից։

Ամենամյա հավաքը հնարավորություն է տալիս համաշխարհային հանքարդյունաբերական համայնքին ծանոթանալ ոլորտի նորամուծություններին և գիտական նվաճումներին, քննարկել զարգացման հեռանկարները, ինչպես նաև դիտարկել հնարավոր մարտահրավերներն ու առաջադրել լուծումներ:

PDAC-ն համարվում է հանքարդյունաբերության զարգացման ժամանակակից միտումների և ներդրումային հնարավորությունների բացահայտման հարթակ, որտեղ նաև կառավարությունները ներկայացնում են իրենց երկրների ներուժը:

Վարդան Գևորգյանը մասնակցել է նաև կոնֆերանսի շրջանակում անցկացվող կառավարությունների ներկայացուցիչների կլոր սեղաններից մեկին, որտեղ իրենց երկրների փորձն են ներկայացրել նաև Սերբիայի և Բուլղարիայի կառավարությունների ներկայացուցիչները: Նախարարի տեղակալ Գևորգյանը ներկայացրել է վերջին տարիներին Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում իրականացված օրենսդրական բարեփոխումները: Այդ համատեքստում մասնավորապես կարևորվել է երկրաբանական ֆոնդի տեղեկատվության թվայնացումը: Անդրադարձ է եղել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (ԱՃԹՆ) Հայաստանի Հանրապետության անդամակցությանը:

Տորոնտոյի ամենամյա հավաքին մշտապես մասնակցում են նաև հանքարդյունաբերական ոլորտի հայաստանյան ընկերությունները։ Հայաստանից ներկայացված է Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագիրն իրականացնող Լիդիան ինթըրնեյշնլը՝ որպես Տորոնտոյի ֆոնդային բորսայում գրանցված, նորագույն տեխնոլոգիաներ կիրառող ընկերություն, որը Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում միջազգային ամենախոշոր ներդրումային ծրագիրն իրականացնողն է։

1in.am