Մամուլի տեսություն 12.02.2022
https://parstoday.ir/hy/news/iran-i164138-Մամուլի_տեսություն_12.02.2022
Այսօրվա օրաթերթերի մեծ ամսն անդրադարձել են Իսլամական հեղափոխության հաղթանակի տարելիցի օրվա երթին Իրանի ժողովրդի ներկայությանը  
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Փետրվար 12, 2022 16:08 Asia/Tehran

Այսօրվա օրաթերթերի մեծ ամսն անդրադարձել են Իսլամական հեղափոխության հաղթանակի տարելիցի օրվա երթին Իրանի ժողովրդի ներկայությանը  

 Քեյհան օրաթերթ

Հինգ սերունդ մեկ դրոշի տակ. Իրանի իսլամական հեղափոխության ամենադիտարժան տոնակատարությունը

Երեկ Իրանում հինգ սերունդ ձյան ու անձրևի տակ նշել է Իրանի իսլամական հեղափոխության 43-րդ տարեդարձը։ Իսլամական հեղափոխությունը ապրում է ու շարունակ վերանորոգվում է:

Երեկ հեղափոխության հինգ սերունդները ձնահյուսի նման փլվեցին թշնամու գլխին: Ժողովուրդը մի անգամ ևս ցույց տվեց, որ չի հրաժարվում հեղափոխությունից և հեղափոխության արժեքավոր գիտելիքները փոխանցում է սերընդեսերունդ: Այս տարվա երթի մասնակիցներից շատերն ընդհանրապես չեն տեսել 57-ի Բահմանի 22-ը (1979թ. փետրվարի 11-ը), ինչը ցույց է տալիս, որ իսլամական հեղափոխությունը կենդանի է և վերստեղծվում է: Իսլամական Իրանի մարտնչող ազգի գիտակցված և անկեղծ ներկայությունը Բահմանի 22-ի երթի եզակի երևույթին, որն ամեն տարի շարունակվում է ուժով ու զորությամբ, այս տարի ավելի դիտարժան դարձավ, քան նախորդ տարիներին։ Մարդիկ 1500 քաղաքներում ու 3000 գյուղերում թշնամու թունավոր քարոզչական ռմբակոծության և կորոնավիրուսի հատուկ պայմանների ներքո դուրս էին եկել հրապարակ՝ նշելու հեղափոխության հաղթանակի տոնը և տապալեցին թշնամու հոգեբանական պատերազմը։

 

 Էթելաաթ օրաթերթ

Մոսկվա. Իրանի հետ ռազմական-տեխնիկական համագործակցության ճանապարհին որևէ  արգելք  չկա 

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Թեհրանը և Մոսկվան մեխանիզմ են ստեղծում՝ երկու երկրների առևտրային և ֆինանսական փոխանակումները պատժամիջոցների սպառնալիքից պաշտպանելու համար։

ՌԴ ԱԳՆ-ն նաև շեշտել է.«Իրանի հետ ռազմական-տեխնիկական համագործակցության որևէ  արգելք  չունենք»:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թերասի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել է.«Իրանի դեպքում մոտ ապագայում ՀԳՀԾ-ի լիարժեք իրականացման հնարավորություններ կան, բայց դեռ երկար ճանապարհ կա անցնելու»:

 

 Վաթան Էմռուզ օրաթերթ

Նամակագրություն՝ ճգնաժամային հակամարտությունում

Մինչ Ռուսաստանը պատրաստվում է պատասխանել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին անվտանգության երաշխիքների հարցում, Ջո Բայդենը հայտնել է պատերազմի մոտ լինելու մասին:

Մինչ ռուս պաշտոնյաները և ԵՄ առաջնորդները խորհրդակցում և նամակներ են գրում Ուկրաինայում վերջին զարգացումներին հետևելով՝ իրավիճակը վերահսկելու և լարվածությունը նվազեցնելու համար, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ղեկավարներն ասում են, որ պատերազմն Ուկրաինայում և Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա անխուսափելի է: Սա այն դեպքում, երբ ռուսները պնդում են, որ մինչ այժմ երկրի պաշտոնյաներից և Կրեմլի ղեկավարներից ոչ մեկը կարծիք չի հայտնել Ուկրաինայի վրա հարձակվելու որոշման մասին: Թվում է, թե հայտարարությունն այն մասին, որ ամերիկացիները փորձում են Ռուսաստանին ու Ուկրաինայի ներքին ուժերին ներքաշել լայնածավալ հակամարտության մեջ, լուրջ է և նրանք լուրջ են վերաբերվում այս խնդրին։

 

Խորասան օրաթերթ

ԱՄՆ-ն աֆղանստանցիներից 3,5 միլիարդ դոլար է գողացել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարգադրել է արգելափակել Աֆղանստանի 7 միլիարդ դոլարի ակտիվները և որպես մարդասիրական օգնություն փոխանցել սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումից տուժածներին և Աֆղանստանին: ԱՄՆ-ն հայտարարել է, որ առաջիկա ամիսներին Աֆղանստանի ակտիվները կառավարելու համար կստեղծի 3,5 միլիարդ դոլարի հիմնադրամ, որը կօգտագործի աֆղան ժողովրդին օգնելու համար: Գումարի ևս 3,5 միլիարդ դոլարը կմնա ԱՄՆ-ում՝ մինչև սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակման հետևանքով տուժածների կողմից թալիբների դեմ դատական   վճիռների կայացումը: Միևնույն ժամանակ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախազգուշացրել է սուր թերսնման պատճառով աֆղանստանցի մեկ միլիոն երեխաների հավանական մահվան մասին:

 

armenpress.am

Մշակութային ցեղասպանություն է. Արցախի ԱԳ նախարարը՝ Ադրբեջանի քաղաքականության մասին
Արցախի բռնազավթված տարածքներում գտնվող հայկական եկեղեցիները իբրև թե «աղվանական» ներկայացնելու և այդ պատճառաբանությամբ եկեղեցիներից հայերեն գրություններն ու հայկական այլ հետքերը վերացնելու Ադրբեջանի մշակույթի նախարարության նախաձեռնությունը մշակութային ցեղասպանություն է հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, որն այցելել էր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա իր հեղինակած նոր գրքի շնորհանդեսին մասնակցելու նպատակով:

«Իհարկե, մշակութային ցեղասպանություն է: Ընդհանրապես, մշակութային ցեղասպանությունը տարբեր եղանակներով է իրականացվում: Մեկը՝ պարզապես նախնադարյան բարբարոսություն. ոչնչացվում են մեր կոթողները, եկեղեցիները, գերեզմանաքարերը, մշակութային այլ կոթողները, երկրորդը՝ փորձ է արվում հայազրկել այդ մշակութային կոթողները: Դա էլ է ցեղասպանություն: Այսինքն՝ ինչ-որ «աղվանական եկեղեցիների» թեզն են առաջ քաշել: Դա, իհարկե, անհեթեթություն է: Դա արվում է այն դեպքում, երբ նրանք չեն կարողանում պարզապես քանդել այդ եկեղեցիները, ասենք՝ Դադիվանքը: Եթե իրենցով լիներ՝ վաղուց էին ոչնչացրել: Բայց քանի որ չեն կարողանում՝ փորձում են այլ կերպ վերացնել մշակութային կոթողների հայկականությունը և դարձնել ոչ հայկական մշակույթի կոթող», - մեկնաբանեց Արցախի արտգործնախարարը:

Թե ինչպե՞ս է ստացվում, որ ադրբեջանցիների վերահսկողության տակ անցած հայկական եկեղեցիներն ու վանքերը հանկարծ պարզվում է, որ «աղվանական» են, և նույնիսկ եթե դրանք հին Աղվանքից մնացած կոթողներն են՝ ի՞նչ կապ ունեն Ադրբեջանի և ադրբեջանական մշակույթի հետ, Դավիթ Բաբայանը հետևյալ կերպ է մեկնաբանում. «Դա նույնն է, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց, թե թուրքերն առաջինն են իջել Լուսնի վրա: Հիմա ի՞նչ ասենք: Էդպես են իրենք գործում: Շումերներին էլ են ներկայացնում իբրև «ադրբեջանցիներ» այն դեպքում, երբ ադրբեջանական ազգը 1936 թվականին է պաշտոնապես ստեղծվել: Հիմա ունենք այսպիսի երկիր: Քաղաքակիրթ աշխարհն էլ պետք է գոնե ինչ-որ կերպ արձագանքի: Լավ, ինչքա՞ն պետք է մենք միայնակ պայքարենք այս ամենի դեմ: Իհարկե, մենք շարունակելու ենք պայքարել այդ ամենի դեմ, հարցը դա չէ: Առաջին հերթին պետք է ինքներս միավորվենք, ապաքինվենք այս ամենից և ճիշտ աշխարհաքաղաքականություն վարենք»:

 

armenpress.am

Թուրք-ադրբեջանական ագրեսիան ուղղված է ողջ քաղաքակիրթ աշխարհի դեմ. Արցախի ԱԳ նախարար

Բրյուսելում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը Բրյուսելում տարբեր հարցեր է քննարկել եվրոպացի գործընկերների հետ՝ շեշտելով, որ Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան և մշակութային ցեղասպանությունը ողջ քաղաքակիրթ աշխարհի դեմ է ուղղված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դավիթ Բաբայանը այդ մասին պատմեց լրագրողներին Գիտությունների ազգային ակադեմիայում՝ նշելով, որ Բրյուսելում տեղի ունեցած բոլոր հանդիպումները կարևոր էին, իսկ արդյունքներն ընթացքում պարզ կդառնան:

Եվրամիության կենտրոնական քաղաքում Արցախի պատվիրակությունը բարձրաձայնել է 2020 թ. 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած մարդասիրական խնդիրների, գերիների, պատանդների խնդիրների, Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանության և տարբեր այլ հարցերի մասին:

«Բնականաբար, Եվրոպայում կան առողջ ուժեր, որոնք մտահոգված են այն իրավիճակով, որը ստեղծվել է թուրք-ադրբեջանական-ահաբեկչական հանցավոր եռամիասնության գործունեության հետևանքով: Մենք այնտեղ ընդգծել ենք, որ 2020 թ. տեղի ունեցած ագրեսիան ոչ միայն Արցախի և Հայաստանի, այլև ողջ քաղաքակիրթ աշխարհի նկատմամբ է: Խնդիրը միայն ժամանակն է. մենք ուղղակի առաջինն էինք, հաջորդը լինելու են ուրիշները: Ե՞րբ դա կլինի՝ ցույց կտա ժամանակը: Բայց եթե քաղաքակիրթ աշխարհը աչք փակի բոլոր այդ գործողությունների վրա, մշակութային ցեղասպանության վրա, որը տեղի է ունենում Արցախի օկուպացված տարածքներում, եթե Ադրբեջանի այդ քաղաքականության նկատմամբ անտարբեր վերաբերմունք լինի, ուրեմն այդ ժամանակը ավելի շուտ է գալու», - մեկնաբանեց Արցախի ԱԳ նախարարը:

Ըստ Բաբայանի՝ այդ հարձակումները քաղաքակիրթ աշխարհի վրա վաղուց են սկսվել: Որպես օրինակ նա հիշեց Էրդողանի վիրավորական խոսքերը Ֆրանսիայի նախագահի հասցեին, որն իր կարծիքով՝ նույնպես ագրեսիայի մի տեսակ է:

«Գիտեք, մենք ազնիվ ենք բոլորի հետ, մենք խաղեր չենք խաղում, մենք ասում ենք այն ինչ կա և շարունակելու ենք ամեն ինչ անել Արցախի շահերը պաշտպանելու համար», - հավելեց Արցախի արտգործնախարարը:

 

news.am

Բելառուսի եւ Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

Բելառուսի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Վլադիմիր Մակեյը եւ Մեւլութ Չավուշօղլուն շաբաթ օրը կայացած հեռախոսազրույցի ժամանակ բարձրացրել են Ուկրաինայի շուրջ ապատեղեկատվության աճի հետ կապված հարցեր։ Այս մասին հայտնում է Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Քննարկել են միջազգային օրակարգի արդիական հարցեր։ Առանձին կանգ են առել համաշխարհային տեղեկատվական դաշտի՝ որ հավաստի տեղեկություններով եւ ապատեղեկատվությամբ ծանրաբեռնվածությանը, այդ թվում՝ բացահայտ կեղծիքներով Բելառուսի տարածքից Ուկրաինայի վրա հարձակման պլանների մասին եւ ռուս-բելառուսական «Դաշնակցային վճռականություն-2022» զորավարժությունների շուրջ այլ հերյուրումներով, ասված է Twitter-ում հրապարակված հայտարարության մեջ։

Ինչպես նշել են նախարարության մամուլի ծառայությունից, Մակեյն օբյեկտիվ տեղեկատվություն է հայտնել այս համատեքստում իրերի իրական վիճակի մասին։ Արտաքին գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաեւ բելառուսա-թուրքական, այդ թվում՝ առեւտրատնտեսական եւ ներդրումային համագործակցության զարգացմանը։

 

aravot.am

Արման Թաթոյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահյայի հետ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահյայի հետ:

Արման Թաթոյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի մշտական համակարգողի ու նրա գրասենյակի, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործակալությունների հետ համագործակցության մակարդակը, մասնավորապես՝ UNDP-ի, UNICEF-ի, UNFPA-ի, UNHCR-ի և մյուս կառույցների հետ, ինչպես նաև համատեղ ծրագրերի արդյունավետությունը: Մասնավորապես, նա ներկայացրել է, որ 6 տարիների ընթացքում իրականացվել են ծրագրեր, որոնք կապված են եղել խոսքի ազատության ու լրագրողների մասնագիտական աշխատանքի, երեխաների, կանանց ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, կարծրատիպերի դեմ պայքարի, փախստականների ու ապաստան հայցողների իրավունքների հետ և այլն։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր: Արման Թաթոյանը ներկայացրել է ազատությունից զրկման վայրերում (ՔԿՀ-ներ, հոգեբուժարաններ և այլն), դատական համակարգում արձանագրված խնդիրները՝ կապված դատական նիստերի անհիմն ձգձգումների, ողջամիտ ժամկետների խախտումների հետ և այլն:

Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպման ընթացքում նշել է, որ ադրբեջանական զինված ծառայողները ամեն օր ոտնահարում են ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները (կյանքի իրավունք, ջրի ու սեփականության իրավունքներ և այլն)՝ կոպտորեն խախտելով հենց ՄԱԿ-ի պահանջները, ուստի նրանք պետք է հեռանան, որ մարդկանց բնականոն կյանքը երաշխավորվի: Ընդ որում, հենց ՄԱԿ-ի պահանջներն են, որ առաջնային են երաշխավորում մարդու իրավունքները սահմանային խնդիրների ժամանակ: Փիթրս Յահյային շնորհակալություն է հայտնել Արման Թաթոյանին պաշտոնավորման ողջ ընթացքում կատարած աշխատանքի և մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված կարևոր առաքելության համար:

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ