Մարտ 21, 2023 18:57 Asia/Tehran
  •  Իսլ. խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանն ամփոփում է իրանական 1401 թվականը

Իսլ. խորհրդարանում Թեհրանի եվ հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանն ամփոփում է տարին:

-Ինչպես էք գնահատում իրանական 1401 թվականն Իրանի դիտանկյունից։

-Անցյալ մեկ տարվա ընթացքին Իրանը դիմակայել է բազմաթիվ մարտահրավերների, վերիվայրումների, մասնավորապես՝ տնտեսական եւ հասարակական խնդիրները բազում են եղել։ Արտաքին ճնշումներն եվս Իրանի նկատմամբ չեն պակսել։ Իրանի ժողովուրդը 1401 թվականին ինչպես նախորդ տարի դիմակայեց Իրանի դեմ սահմանված դաժան պատժամիջոցներին, որոնք ազդել են ինչպես Իրանում ապրող տարբեր ազգությունների, այնպես էլ իրանահայության եվ առհասարակ Իրանի ժողովրդի կենսամակարդակին։

Այնուամենայնիվ, Իրանը նախորդ տարվայ ընթացքին վարել է դինամիկ արտաքին քաղաքականություն, որի արդյունքներից եղան Շանհայի միջազգային կազմակերպության մեր երկրի լիիրավ անդամակցությունը, չմիավորված երկրների շարժման նիստին մասնակցությունը, որը նոր դիվանագիտական արդյունքներ ապահովեց երկրի համար։

Կարելի է նկատել, որ անցած տարի բարելավվեց հարեվան երկրների մոտեցումներն մեր նկատմամբ, այդ թվում՝ Սաուդական Արաբիայի եվ Բահրեյնի հետ հարաբերությունները վերականգնվեց։ Տարածաշրջանային երկրների հետ նաեվ արձանագրեցինք հարաբերությունների զարգացում, այդ թվում՝ Իրաքի եվ Սիրիայի հետ։

-Հայ-իրանական hարաբերությունները եվս արձանագրեցին դրական ձեռքբերումներ։

-Այո, Իրանը մասնավորապես՝ արցախյան պատերազմից հետո  ջանքեր գործադրեց առավել ակտիվացնել իր դերակատարությունը հարավային Կովկասում: Աչքի ընկավ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացում։ Բարձրաստիճան դիվանագետների փոխայցեր եվ նոր պայմանավորվածությունները նախորդ տարվա  կարեվոր ձեռքբերումներից եղան:

Իհարկե, անհրաժեշտ է արձանագրել, որ այս բոլորը եղել են, հատկապես Իրանի վարած հարեվանների հետ հարաբերությունները զարգացնելու քաղաքական դինամիկ կողմնորոշման արդյունքում։

Իրանական 1401 թվականը նշանակալի էր նաեվ այն առումով, որ Կապանում բացվեց Իրանի գլխավոր հյուպատոսությունն, որը մեկնակետ էր հայ-իրանական բազմադարյա եվ բարիդրացիական հարաբերությունների պատմության մեջ:

Վստահաբար կարող եմ նշել, որ Իրանի գլխավոր հյուպատոսության հիմնումն ու արդյունավետ գործունեությունը հառաջիկայում նոր որակ կը հաղորդեն երկու երկրների առանձնահատուկ հարաբերություններին: Նոր տարվան առավել կզարգանա երկկողմ փոխգործակցությունը, որոնք կը նպաստեն հայ-իրանական կապերի խթանման:

Իրանը նաեվ տարբեր մակարդակներով ջանքեր է գործադրում առեվտրի խթանման եվ նոր ճանապարհների կառուցման ուղղությամբ: Մասնավորապես՝ որպես Իրան-Հայաստան բարեկամական խմբի փոխատենապետ հետեվել եմ Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման գործընթացին, որի նպատակներն են` հաղորդակցման դյուրինացումը, դեպի Կենտրոնական Ասիա, Եվրոպա ձգվող հաղորդակցության ուղիներով տարբեր շուկաներ մուտք գործելու հնարավորությունների ընդլայնումը եվ տնտեսության հիմնական ոլորտների զարգացումը։

Հայ-իրանական հարաբերություններից խոսելով անհրաժեշտ է եվս մեկ անգամ, արձանագրել որ Իրանի կարմիր գծերից են եղել Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականության պահպանումն, ինչպես նաեվ՝ Ղարաբաղի հայերի անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին շեշտել է Իսլ. հեղափոխության առաջնորդը 1399 (իրանական) թվականին, սակայն ցավոք, այժմ էլ Արցախի ժողովուրդը գտնվում են ծանր իրավիճակում՝ Լաչինի միջանցքի ավելի քան 100 օր շարունակվող արգելափակման հետեվանքով:

-Նախորդ տարի երկրում տեղի ունեցան որոշակի հասարակական անհնազանդություններ, դրանք ստացան ոչ միանշանակ դրսեվորումներ՝ ժողովրդի տարբեր շերտեր առաջ էին քաշում զանազան օրակարգեր՝ սահմանադրության փոփոխություններ, տնտեսական ճգնաժամի նկատմամբ իշխանությունների անգործության վերաբերյալ հնչած բողոքներ։

-Նախորդ տարվայ որոշակի ժամանակաշրջան կտրուկ սաստկացավ հասարակության դժգոհությունները։ Տագնապալի իրավիճակ հասունացավ, որի ձեվավորմանն իրենց որոշիչ դերակատարությունն ունեցան երկրից դուրս գտնվող ուժերն՝ արտերկրային ընդդիմադիր ուժերը։ Շարժումներին աջակցելու եկան ինչպես ԱՄՆ-ի այնպես էլ իսրայելական գործոնները։

Այդուհանդերձ, տագնապալի իրավիճակն այսօր որոշակի չափով մարել է։ Հասարակության մոտ ճգնաժամային թվացող իրավիճակը թոթափել է։ Սակայն, կարծում եմ տնտեսական բաղադրիչով պայմանավորված դժգոհությունները շարունակում են պահպանվել։ ժողովուրդն այսօր էլ իշխանություններից պահանջում է ավելի վճռական քայլեր ձեռնարկել տնտեսական իրավիճակը բարելավվելու համար։

Իհարկե, կառավարությունն իր հերթին փորձեր և համապատասխան քայլեր կատարում է մարտահրավերներին դիմակայելու համար։ Սոցիալական և կենցաղային իրադրությունը բարելավվելու պլաններ մշակելով: Խորհրդարանը նույնպես ջանքեր է գործադրում։

Անհրաժեշտ է արձանագրել, որ խորհրդարանն այսօր լինելով ժողովրդի խոսափողը իր ներդրումն է ունենում իրադրությունը ժողովրդի օգտին բարեփոխելու համար։

1402 թւականի պետական բյուջեի օրակարգի լսումների  ընթացքին պատգամավորներն առավելագույն ջանքեր գործնականացրեցին բյուջեի նախագիծը տրամաբանական ուղղության մեջ բերելու համար՝ ելնելով սոցիալական և տնտեսական առաջնահերթյուններից։

Բյուջետային ծրագրերը դարձնելով ավելի արդյունավետ, ձգտելով ապահովել ավելի մեծ հանրային օգուտներ:

-Նախորդ տարվա  գլխավոր ձեռքերումը, որպես իրանահայության պատգամավորի։

-Բնականաբար, իմ գլխավոր ձեռքբերումն հենց կապված է իրանահայության հարցերի և խնդիրների լուծման։ Խորհրդարանական և պետական մակարդակում իրանահայությունն ունեցավ  երկու կարևոր գլխավոր ձեռքբերում։

Թերևս, այս երկուսն ինձ համար ամենանշանակալիներն են։

Առաջինը՝ կրոնական փոքրամասնություններին ևս հնարավոր դարձավ զբաղեցնել գերզգայուն պաշտոններ։ Օրենքը գործադրման համար պետական համակարգին փոխանցվեց նախագահ Ռէյիսիի (08.07.1401թ.) համար՝ 139275 հրամանագրով։

Երկրորդը՝ քաղաքացիական օրենսգրքի 881-րդ հոդվածը սահմանադրությամբ հաստատված Աստվածային կրոնների հետևորդների վերաբերյալ հոդվածի չկիրառելիության հարցն էր, որի համաձայն ժառանգության բաժանումը հաշւարկվում և  կատարվում է քաղաքացու նախկին դավանանքի օրենքի համաձայն։

-Ձեռքբերումներից խոսեցինք, որի հակառակ կողմը, անկատար մնացած աշխատանքներն են, կա՞ն այդպիսիք ձեզ մոտ։

-Իհարկե, եղել են դժվարություններ և կան նաև մտահոգություններ ապագայի համար։ Կարիքավոր ընտանիքներին օժանդակություն, ուսանողներին աջակցություն, դպրոցների և կրթական ոլորտի բարելավվման հարցեր, այս բոլորը մշտապես, շարունակում են մնալ իմ աշխատանքային օրակարգում, որպես առաջնային կետեր՝ շարունակ՝ հետևողականության, ինչ-որ բան ձեռնարկելու առարկաներ։

Դրանով հանդերձ, անհրաժեշտ է արձանագրել, որ անցյալ տարվա ընթացքում տասնյակ եթէ ոչ հարյուրավոր հանդիպումներ եմ ունեցել, Թեմական խորհրդի, Կարիքավորներին օժանդակող մարմնի, սոցիալապես անապահով ընտանիքների, անհատների, Կրթական խորհրդի, ուսանողների հարցերով զբաղվող մարմինների և  ուսանողների հետ։

Տարբեր հանդիպումերի ընթացքում քննարկել ենք, առանձնապես՝ դպրոցների օպտիմալացման թեման, որը հնարավորություն է ընձեռնում միավորելու ներուժը, այնպես, որ ստանանք եղածից որակապես ավելի դրական  և լավ արդյունքներ։

Օպիտիմալացման թեմային համատեղ նաև կարևորում եմ նորարար կենտրոնների ձևավորման ծրագիրը, որը աշակերտներին հնարավորություն կտա  կրթության զուգահեռ զարգացնել՝ ստեղծագործական ունակությունները, ինչպես նաև՝ գնալ աշխարհին համընթաց ձեռքբերելով ՏՏ ոլորտի ուղղությամբ ժամանակակից գիտելիքներ։

Անցած տարի դպրոցներ կատարած իմ բազմաթիվ այցելությունների ընթացքում ես խոստումներ եմ տվել աշակերտներին՝ կապված տարբեր տեխնիկաների տրամադրման և ձեռքբերման։ Դրանցից, միայն, մի քանի օր առաջ հաջողեցի իրականացնել։ Այդ խոստումներից մեկն էր՝ «Թունյան-Թովմասյան» և «Նայիրի-Սողոմոնյան» դպրոցներին պինգ-պոնգ սեղաների տրամադրումը։

1401 թվականը նաև այս առումով կարևոր տարի էր, պետական տարբեր շրջանակների հետ համագործակցությամբ, ինչպես նաև ազգային մարմինների հետ համատեղ քայլերով, ֆինանսական միջոցներ փոխանցեցինք հայկական դպրոցներին։ Այդ միջոցներն ուղորդեցինք օրինակ «Թովմասյան» դպրոցի սրահի վերանորոգման աշխատանքներին, «Թունյան-Թովմասյան» և «Սողոմոնյան» դպրոցները նոր համակարգիչներով համալրեցինք: «Մարի Մանուկյան» դպրոցի լաբորատորը ևս այսպիսով վերանորոգեցինք։ Չորս մանկապարտեզների խաղավայրերի արդիականացում կատարեցինք։

Ինչպես նշեցի իմ առաջիկա ծրագրերից է նաև  նորարար կենտրոնների, գիտելիքահեն կենտրոնների հիմնումը։

Պետք է միասնական ջանքեր գործադրել կառուցելու գիտելիքի վրա  հիմնված հասարակություն, որն էլ, իր հերթին, պետք է հիմնվի ուժեղ կրթական համակարգի վրայ։

Այս տարի նաեև ստացանք փոքրամասնություններին տրամադրվող ֆինանսական հատկացումն Իսլ. խորհրդարանից։ Ինչպես Ատրպատականի հայոց թեմի, Թեհրանի հայոց թեմի, այնպէս էլ՝ Հայ Կաթիողիկե և Հայ Ավետրանական եկեղեցիների մարմինների և ներկայացուցիչների հետ հանդիպումներ եմ ունեցել և փորձեր կատարել լուծելու համայնքների հարցերն ու առաջացած խնդիրները։ Մասնավորապես՝ «Հայկաեն»-ի հետ կապված դատական գործընթացն ընթանում է, իսկ ես որպես պատգամավոր թույլ չեմ տալու մեր ժողովրդի որևէ իրավունք ոտնահարվի։

-Ամփոփե՞նք իրանական 1401 թվականը։

-Այո, շնորհակալ եմ։ Այսօր կարող ենք նշել, որ ընդհանուր առմամբ նորոգության ժամանակաշրջանում ենք, եւ շատ ուրախ եմ արձանագրել, որ արդիականացման, գիտելիքի վրա  հիմնված հասարակության զարգացումը ձևաւորելու օրակարգի ուղղությամբ աշխատում են տարբեր բաղադրիչներ՝ ազգային իշխանություն, դպրոցներ, միություններ, եկեղեցիներ։ Մենք ձգտում ենք ավելի ու ավելի միասնական և  համակարգված աշխատել, որը կարեւոր ձեռքբերում է։

 

Պիտակ