Իրանը և Ռուսաստանը շարունակում են զարգացնել հարաբերությունները
ԻԻՀ նավթի նախարար և Իրան-Ռուսաստան համատեղ տնտեսական հանձնաժողովի իրանական կողմի ղեկավարն ասել է, որ կողմերը շարունակում են զարգացնել հարաբերությունները բոլոր ոլորտներում։
Iran Press-ի փոխանցմամբ՝ Ջավադ Օջին, ով մեկնել է Ռուսաստան՝ հետևելու տնտեսական, երկաթուղային, նավթի, գազի և էներգետիկ ոլորտներում համաձայնագրերի և համատեղ ծրագրերի իրականացման ընթացքին, ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի, էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի և Հյուսիս-Հարավ երկաթուղային անցման գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Իգոր Լևիտինի հետ հանդիպմանն ասել է․ «Ներկայումս, ռուսական ընկերությունների հետ համագործակցությամբ, Իրանում շահագործվում են 7 նավթային հանքավայրեր, և նավթի մոտ 220 հազար բարելն արդյունահանվում է այդ ընկերությունների ներդրումների հաշվին»։
Նա հավելել է․ «Երկու երկրների պատվիրակությունների բանակցությունների առանցքում եղել են այնպիսի հարցեր, ինչպես՝ նավթի և գազի նոր հանքավայրերում, ռուսական ներդրումները, նավթամթերքների և նավթաքիմիական ապրանքների արտահանումը, տեխնոլոգիաների փոխանցումը»։
Ջավադ Օջին հայտարարել է, որ բանակցությունների ժամանակ քննարկվել են նավթագազային արդյունաբերության, էլեկտրակայանների արդյունաբերության, թիվ 2 ատոմակայանի, բանկային համագործակցության և Հյուսիս-Հարավ երկաթուղային անցման հետ կապված հարցեր։
Նրա խոսքով․ «Քննարկվել են նաև որոշ համատեղ ծրագրերի իրականացման ճանապարհին առկա խնդիրների լուծման ուղիները և ձեռք են բերվել լավ պայմանավորվածություններ»։