Շվեյցարիայի դեսպան․ Իրանում բժշկության մակարդակը հիացմունքի է արժանի
Իրանի առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարը ողջունել է Շվեյցարիայի հետ բժշկական գիտությունների ոլորտում համագործակցության ընդլայնումը։
Թեհրանում Շվեյցարիայի դեսպան Օլիվիերի Լոզանոյի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով երկու երկրների միջև համագործակցսւթյանը, Մոհամմադ Ռեզա Զաֆարղանդին ասել է․ «Իրանն ու Շվեյցարիան շատ վաղուց համագործակցում են գիտական և ակադեմիական ոլորտներում և կարող են համագործակցել նաև բժշկական գիտությունների ոլորտում, ինչպես նաև գիտական կոնֆերանսների և վեբինարների կազմակերպման հարցում»։
Pars Today-ի հաղորդմամբ՝ ընդգծելով փորձագիտական ուսումնասիրությունների և համագործակցության ճանապարհին առկա խոչընդոտները վերացնելու նպատակով երկու երկրների միջև համատեղ աշխատանքային խումբ ձևավորելու անհրաժեշտությունը, Զաֆարղանդին ասել է․ «Իրանն առաջարկում է երկու երկրների տնտեսական երկրորդ հանձնաժողովն այս անգամ անցկացնել Թեհրանում և քննարկել տեխնիկական և գործնական հարցեր»։
Թեհրանում Շվեյցարիայի դեսպան Նադին Օլիվիերի Լոզանոն նշել է, որ իր ուսի վիրահատությունը կատարվել է Շվեյցարիայում իրանցի բժշկի կողմից, հավելելով․ «Իմ ակնաբույժը նույնպես իրանցի է։ Շվեյցարիայում աշխատում են բարձր որակավորում ունեցող բժիշկներ, որոնք իրանցի են։ Մենք ցանկանում ենք խթանել այս ոլորտում Իրանի հետ գիտական կապերը»։
Բարձր գնահատելով բժշկության ոլորտում Իրանի առաջընթացը, դեսպանը հավելել է․ «Իրանում բժշկական համալսարանների և առողջապահության մակարդակն ու որակը հիացմունքի են արժանի։ Շվեյցարիայում նույնպես իրանցի բժիշկները մեծ հաջողությունների են հասնում և նրանց հետ համագործակցությունը կլինի երկու երկրների միջև գիտական կապերի զարգացման առանցքներից մեկը»։
Նշելով, որ Շվեյցարիան շահագրգռված է բժշկության ոլորտում Իրանի հետ համագործակցությամբ, դեսպանն ասել է․ «Իրանում շվեյցարական ընկերությունների առջեև ծառացած մարտահրավերների լուծումը կարող է հեշտացնել մարդկանց հասանելիությունը բարձրորակ արտադրանքին»։
Իրանի և Շվեյցարիայի քաղաքական և առևտրային հարաբերությունների պատմությունն ունի ավելի քան 150 տարվա պատմություն։